Նշանավոր պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակի առթիվ նոյեմբերի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հոբելյանական երեկո։
Միջոցառումը մեկ բեմում կհամախմբի հայ պարարվեստի տարբեր սերունդների ներկայացուցիչներին՝ մեծարելու վարպետի ստեղծագործական ժառանգությունն ու հայ պարարվեստում ունեցած նշանակալի ավանդը։
Երեկոյի ընթացքում Հովսեփ Շամամյանի անվան «Բարեկամություն» պարային համույթը կներկայացնի նրա լավագույն բեմադրությունները, ինչպես նաև նոր, մասշտաբային պրեմիերաներ։
Վարպետի հիշատակին և ստեղծագործական ժառանգությանը հարգանքի տուրք կմատուցեն նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջը, Հայաստանի պարի պետական անսամբլը, «Բարեկամություն» պետական անսամբլը, «Բերդ» վաստակավոր կոլեկտիվը, ՀՀ ԶՈւ «Սարդարապատ» պետական անսամբլը և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան։
Հովսեփ Շամամյանն իր 70-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում, որից 30 տարին անցկացրել է պիոներ-դպրոցականների պալատում, ստեղծել է մի շարք պարային համույթներ, այդ թվում՝ «Բարեկամություն»-ը (1964 թ.), «Զարթոնք»-ը, «Արևիկ»-ը, «Ժպիտ»-ը, «Երջանիկ մանկություն»-ը, «Զորավար Անդրանիկ»-ը, «Գարուն»-ը և «Երիտասարդություն»-ը։
Նրա հիմնադրած համույթներից մինչ օրս գործում է «Բարեկամություն»-ը, որը վարպետի մահից հետո անվանափոխվել է՝ կոչվելով նրա անունով։
Շամամյանն արժանացել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրին, Հայաստանի կոմերիտմիության մրցանակին, իսկ 1981 թվականին նրան շնորհվել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչում։