Սպորտ 59 րոպե առաջ - 23:57 16-10-2026

Հայաստանի դատապարտյալների շախմատի հավաքականը՝ աշխարհի առցանց առաջնության արծաթե մեդալակիր

Հոկտեմբերի 13-ից 15-ը կայացած ազատազրկված անձանց շախմատի աշխարհի առցանց առաջնությունում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ պատվավոր հորիզոնականը։ Առաջնությանը մասնակցել է 56 երկրի 140 թիմ։ Հաղթող է ճանաչվել Մեքսիկայի հավաքականը։

Հայաստանի հավաքականի հաջողությունը Քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ակադեմիայի սերտ համագործակցության արդյունքն է, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է շախմատի դերն ազատազրկված անձանց զարգացման և վերասոցիալականացման գործում։

Հայաստանի հավաքականի կազմում հանդես են եկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Ռոբերտ Սարգսյանն ու Մարատ Սարգսյանը, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Արթուր Մկրտչյանն ու Անդրանիկ Ասրյանը, ինչպես նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արեն Չատինյանը։ Նրանց հետ աշխատել և առաջնությանը պատրաստել էր Շախմատի ակադեմիայի մարզիչ Վահե Պողոսյանը։