Արտաքին 59 րոպե առաջ - 16:50 16-10-2026

ԱՄՆ-ի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երեք երեխա

ԱՄՆ Օրեգոն նահանգի Բենդ քաղաքում 16-ամյա դեռահասը տարրական դպրոցում կրակ է բացել՝ սպանելով երեք երեխայի և մեկ ուսուցչի:

Հրաձիգն այնուհետև սպանվել է ականատեսի կողմից, հայտնել է տեղի ոստիկանությունը:Կասկածյալը, ում անունը չի նշվում, կեսօրին է ներխուժել Բենդի Սիլվեր Ռեյլի տարրական դպրոց՝ կրակելով փակ դռների վրա, որպեսզի ճանապարհ բացի իր համար, ասել է քաղաքի ոստիկանապետ Մայք Կրանցը։

Սպանված երեք երեխաները հինգ, ութ և 11 տարեկան էին: Յոթամյա մի երեխա և 54-ամյա մի ուսուցիչ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, հայտնել է Կրանցը: Հստակ չէ՝ հարձակվողը որևէ կապ ունե՞ր դպրոցի հետ, թե՞ ոչ:Ոստիկանությունը չի բացահայտել հրաձիգի կամ զոհերի ինքնության մասին այլ մանրամասներ։

Տեղական լրատվամիջոցները նշում են, որ դպրոցը 2022 թվականին դասարանների համար նոր դռներ է ստացել, որոնք կարող են փակվել կողպեքին մեկ հպումով: Ոստիկանության տվյալներով՝ համայնքի անդամներից մեկը տեսել է, թե ինչպես են կրակոցները սկսվել, հետապնդել է հրաձիգին և մտել դպրոց, որտեղ էլ կրակել ու սպանել է նրան:

Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել ահազանգն ստանալուց երեք րոպե անց: Ոստիկանները հաստատել են, որ հարձակվողը սպանվել է, ապա խուզարկել են դպրոցը։

Օրեգոնի նահանգապետ Թինա Կոտեկը գովաբանել է հրաձիգին սպանած քաղաքացուն՝ ասելով, որ նա «հերոսաբար միջամտել է»՝ կանխելու համար հետագա մարդկային կորուստները։ «Ձեր գործողությունները ծանր հուզական բեռ են կրում, և ես ուղղակի ուզում եմ, որ դուք իմանաք, որ իմ մտքերը նաև ձեզ հետ են», – ասել է նա հրավիրված մամուլի ասուլիսին։

Ամերիկյան դպրոցներում նման միջադեպեր հաճախակի են լինում: 2025 թվականի օգոստոսի 27-ին Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում նման հարձակման հետևանքով երկու երեխա էր սպանվել, վիրավորվել 17-ը: 2024-ի սեպտեմբերին էլ Ջորջիա նահանգի Ուինդեր քաղաքի դպրոցներից մեկում չորս մարդ էր սպանվել, վիրավորվել ինը:

Սակայն ամենաարյունալի հարձակումը տեղի է ունեցել Կոնեկտիկուտի Նյութաուն քաղաքի Սենդի Հուկ տարրական դպրոցում 2012 թվականի դեկտեմբերի 14-ին: Այդ հարձակման ժամանակ սպանվել է 27 մարդ (20-ը առաջին դասարանի երեխաներ) նաև դպրոցի վեց աշխատակից: