Ներքին Տեսանյութ 55 րոպե առաջ - 20:21 12-10-2026

Մարդկանց սեփական շինություններն այնպես են քանդում, որ չհասցնեն դատարան դիմել

Երևանում, Շինարարների փողոցում քաղաքացիների սեփական խանութներն ու շինությունները պատրաստվում են քանդել, ինչի դեմ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, բողոքի ցույց էր կազմակերպվել Կառավարության շենքի մոտ։

Oragir.News-ը զրուցել է բողոքի ակցիայի մասնակիցների հետ, փորձելով պարզաբանել խնդիրը։ Սեփականատերերն ասում էին, թե իրենց շինություններն ունեն կադաստրային փաստաթղթեր և կառուցվել ու շահագործվում են օրինական հիմքերով, սակայն այժմ կանգնած են դրանք կորցնելու վտանգի առաջ։

Ցույցի մասնակիցները պատմեցին նաև, որ քանդման մասին նախապես պաշտոնական ծանուցում չեն ստացել։ Հինգշաբթի օրը նրանց բանավոր հայտնել են, որ շինությունները պատրաստվում են քանդել։ Ոմանք այդ մասին տեղեկացել են ոչ թե պետական մարմիններից, այլ այլ անձանցից։ Անորոշ իրավիճակից ելք գտնելու համար նրանք դիմել են թաղապետարան, որտեղ, ըստ ցուցարարների, հաստատել են, որ երեքշաբթի օրը նախատեսվում է քանդման աշխատանքներ իրականացնել։

Իրավիճակն ավելի է սրվել այսօր, երբ քաղաքապետը պաշտոնապես հայտարարել է, որ վաղը՝ առավոտյան, քանդման աշխատանքներ են իրականացվելու։

Այսպիսով՝ քաղաքացիները պնդում են, որ իրենց պատկանող շինությունների քանդման վերաբերյալ հստակ պաշտոնական պարզաբանումներ ու նախապես պատշաճ ծանուցում չեն ստացել։ Նրանք պահանջում են պատասխանել՝ ի՞նչ իրավական հիմքով են նախատեսվում քանդման աշխատանքները:

Տեսանյութ: