Հայաստանի առողջապահական համակարգը կանգնած է արմատական փոփոխությունների և լուրջ մարտահրավերների շեմին։ 2027 թվականից մեկնարկում է ավագ բուժաշխատողների (բժիշկների) անհատական լիցենզավորման պարտադիր գործընթացը։
Թեև պաշտոնական խոսույթում սա ներկայացվում է որպես որակի բարձրացմանն ուղղված քայլ, ոլորտի կազմակերպիչ և փորձագետ Ծաղիկ Վարդանյանը բարձրաձայնում է համակարգային այնպիսի խնդիրների մասին, որոնք կարող են կազմալուծել մարզային բժշկությունը և սնանկացնել ցածր վարձատրվող բժիշկներին։
Մինչև այժմ Հայաստանում լիցենզավորվում էին միայն բժշկական հաստատությունները՝ որպես իրավաբանական անձինք։ Անհատական լիցենզավորման անցումը միջազգային ընդունված պրակտիկա է, սակայն Հայաստանում դրա ներդրման մեթոդաբանությունը հարուցում է մասնագետների զայրույթը։
«Եթե դուք որոշել էիք, որ թույլտվությունը լինելու է լիցենզիայով, ապա ինչու մի ընդհանուր համակարգ չմշակեցիք ու միանգամից չներդրեցիք։ Ինչու եք անընդհատ մի նոր բան ներդնում»,- հարց է ուղղում Ծաղիկ Վարդանյանը առողջապահության լիազոր մարմնի կառավարիչներին։
Բանախոսը հիշեցնում է, որ ընդամենը 2-3 տարի առաջ բժիշկներին պարտադրեցին անցնել Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրման բարդ ու սթրեսային գործընթացը, որի համար նրանք վերապատրաստվեցին, քննություններ հանձնեցին և պետտուրքեր վճարեցին։ Հենց համակարգը «մարսեց» այդ փուլը, պետությունը ներկայացրեց երկրորդ պահանջը՝ նորից լիցենզավորվել և նորից վճարել։
Փորձագետն անդրադառնում է լիցենզավորման թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքման ընթացակարգին։ Նրա խոսով՝ բացի 6000 դրամ պետական տուրքից, բժիշկներից պահանջվում են առողջական վիճակի, մասնավորապես՝ հոգեկան հիվանդությունների, նյարդային խնդիրների և թմրամոլության բացակայության մասին առանձին տեղեկանքներ։
«Դուք հասարակ բժշկին բերել հասցրել եք դատախազի, քննիչի, դատավորների և հատուկ ծառայությունների մակարդակի, որոնց համար է սահմանված այսպիսի ուժեղ հետազոտությունները։ Ինչու եք մարդու վրա այսքան ծախս դնում»,- ահազանգում է Ծաղիկ Վարդանյանը։
Ըստ բանախոսի հաշվարկների՝ միայն այս վաճառվող տեղեկանքների (որոնցից յուրաքանչյուրն արժե 15-20 հազար դրամ) և հոգեբուժական կենտրոններում անալիզներ հանձնելու համար յուրաքանչյուր բժիշկ ստիպված է լինելու սեփական գրպանից վճարել 40 000 - 50 000 դրամ՝ պարզապես քննությանը մասնակցելու իրավունք ստանալու համար։
Ծաղիկ Վարդանյանը նշում է, որ Եվրոպայում նման դեպքերում լիովին բավարարում է ընտանեկան բժշկի կամ թերապևտի տված ընդհանուր տեղեկանքը։ Հայաստանում, սակայն, ստեղծվում են արհեստական բյուրոկրատական խոչընդոտներ, որոնք ավելի շատ նման են բժիշկների հաշվին լրացուցիչ գումարներ գեներացնելու մեխանիզմի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Մովսիսյան