Հայաստանում հավատաքննություն չի եղել։ Նույնիսկ նվաճողները չեն խառնվել հավատացյալի ու հոգևորականի աղոթքներին։ Առաջին անգամ Նիկոլ Փաշինյանն է ուշադրություն դարձնում այս թեմային։
«Օրինակ՝ Կտրիճ Ներսիսյանի ուղիղ հրահանգի ենթարկվող մի շարք հոգևորականներ, իմ տեսածն եմ ասում, սուրբ և անմահ պատարագների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի Հանրապետությունը՝ այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ։ Սա, ընդհանրապես, շատ հետաքրքիր ֆենոմեն է։ Այս կոչերը հղում են, հետո ասում են. «Եւ եւս խաղաղութեան Աստծուն աղաչեսցուք»։ Այսինքն՝ պատերազմի կոչ անելով՝ Աստծուն պետք չէ աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել, պետք է ջանք գործադրել խաղաղությունը պահպանելու համար»,- ասել է Փաշինյանը օգոստոսի 24-ին ԱԺ-ում Կառավարության ծրագիրը ներկայացնելու ժամանակ։
Սա հիշեցնում է մի հին անեկդոտ։ Ուրեմն՝ շատ ժամանակ առաջ եկեղեցի են մտնում երկու մուսուլմաններ, հանում կոշիկները, ծնկաչոք լսում հոգևորականի աղոթքները։ Վերջում մոտենում են քահանային ու խիստ տոնով ասում. «Մենք հայերեն չենք հասկանում, բայց լսեցինք Ձեր աղոթքները, որտեղ Դուք շատ անուններ տվեցիք՝ Հիսուս, Հովհաննես, Մատթեոս և այլն։ Ինչո՞ւ մեր անունները չտվեցիք»։ Քահանան շփոթվում է։ Մուսուլմաններն ասում են, որ կգան վաղը, և եթե քահանան իրենց անունները չտա, ապա նրա վիզը կկտրեն։ Քահանան հարցնում է, թե ինչպես են նրանց անունները։ Ասում են, որ մեկի անունը Հասան է, մյուսինը՝ Հյուսեին։ Քահանան ամբողջ գիշեր մտածում ու գտնում է լուծումը։ Հաջորդ օրը, երբ մուսուլմանները մտնում են եկեղեցի, քահանան բարձր ձայնով ասում է. «Եվ երբ Փրկիչն ու աշակերտները ծովափ հասա՜ն, ձկնորսները ուռկան կը հյուսեի՜ն»։ Մուսուլմանները լսում են իրենց անուններն ու գոհ հեռանում։
Այս հին ու հայտնի անեկդոտը մատուցվել է նաև Վարդան Պետրոսյանի ներկայացումներից մեկի ժամանակ։ Իրականում արաբ, պարսիկ, թուրք, ռուս իշխանությունները չեն միջամտել քահանայի աղոթքներին, պատարագի տեքստերին։
Մասնավորապես՝ խորհրդային բռնազավթման տարիներին զավթիչներն ու նրանց գործակալները բազմաթիվ եկեղեցիներ են քանդել, պղծել, բազմաթիվ հոգևորականների են սպանել, աքսորել։ Սակայն չեն ստիպել հոգևորականին, որ պատարագի, աղոթքի ժամանակ խոսի կոմունիզմի հաղթանակի մասին, փառք տա Լենինին, Ստալինին, Մարքսին, Էնգելսին, վատ բաներ ասի ՆԱՏՕ-ի, Արևմուտքի հասցեին, կոչ անի հեռու մնալ անկախության համար պայքարից, անկախականներից ու ժողովրդավարներից։
Փաշինյանը, հոգևորականների խոսքից հատվածներ մեջբերելով ու գնահատելով, որոշակի նմանվում է բողոքականի։ Ժողովրդավարաքաղքենիական վերափոխումներին զուգահեռ բողոքական շարժումները փոփոխություններ էին առաջարկում։ Կաթոլիկ եկեղեցին չընդունեց այդ քննադատությունը։ Ի վերջո՝ բողոքականներն իրենց եկեղեցիները ստեղծեցին, որոնք տարածվեցին ամբողջ աշխարհում։ Բողոքական աղոթքները հնչում են միայն իրենց եկեղեցու հետևորդների կողմից։ Այս շարքում ուշագրավ են Ժան Կալվինի յուրահատուկ աղոթքները։
Տարածված կարծիք կա, թե Փաշինյանը կհիմնադրի հայկական բողոքական եկեղեցի, որը կճանաչվի բողոքական այլ եկեղեցիների կողմից։ Այս նոր եկեղեցին սերտորեն կհամագործակցի ՀՀ իշխանության հետ և կհայտարարվի ժողովրդի եկեղեցի։ Չի բացառվում, որ Փաշինյանն էլ կդառնա այդ եկեղեցու գլուխը։ Եթե այսպես շարունակվի, ապա նա գուցե աղոթքների շարք կգրի, որոնք այդպես էլ կկոչվեն՝ «Փաշինյանի աղոթքներ»։
Կարճ ասած՝ Փաշինյանի ելույթից վերը բերված հատվածը հիմք է ենթադրելու, որ եկեղեցին բարեփոխելու ծրագիրը հասնելու է նաև պատարագի և աղոթքի տեքստերին, և Փաշինյանն է որոշելու, թե ինչի մասին աղոթենք, ինչ բառերով, ինչ ասենք Աստծուն, ինչպես փառաբանենք Նրան։
Թաթուլ Մկրտչյան