Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 2 շաբաթ առաջ - 23:26 10-08-2026

ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի հռչակագրի իրականացման հանձնառությունը․ ԱԳՆ

Մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ պատմական գագաթնաժողով, որի ընթացքում վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը ստորագրեցին Խաղաղության համատեղ հռչակագիրը։ Երեք առաջնորդների ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը։ Այս մասին նշվում է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Այս առաջին տարեդարձի կապակցությամբ խորը հպարտություն կա այն ամենում, ինչին մեր երկրները հասել են միասին, և մեծ վճռականություն՝ շարունակելու կառուցել այն հիմքի վրա, որը վերջ դրեց տասնամյակներ տևած հակամարտությանը և Հարավային Կովկասը դրեց ավելի բարգավաճ ապագայի ուղու վրա։ Ի ճանաչումն խաղաղության ապահովմանն ուղղված այս պատմական և հսկայական ջանքերի՝ վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը համատեղ առաջադրեցին նախագահ Թրամփի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի համար։

Համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովեց հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։ Այս համարձակ առաջնորդների հանդիպումից ի վեր մեկ տարվա ընթացքում երկրները շարունակական հաջողության համար հիմքեր են ստեղծել։

- Հայաստանը և Ադրբեջանը պահպանել են կայունությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, և երկուստեք կոնկրետ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման, սահմանների սահմանազատման և երկարատև կայունության ապահովման համար կենսական նշանակություն ունեցող միջոցառումների միջոցով վստահության ամրապնդման ուղղությամբ։

- «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) բազմամոդալ տարանցիկ ուղին տեսլականից վերածվում է իրականության՝ հստակ առաջընթացով, ինչպիսին է ենթակառուցվածքների զարգացումն առաջ մղելու համար ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն ստեղծելու վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ համաձայնությունը։ Հայաստանում արդեն ընթանում են ինժեներական հետազոտություններ։ Ադրբեջանն իր տարածքում գրեթե ավարտել է ավտոմայրուղու և երկաթուղու կառուցումը՝ Հայաստանի տարածքում գտնվող ԹՐԻՓՓ-ին միանալու համար։ Երեք երկրները նաև աջակցում են ԹՐԻՓՓ-ի շրջանակներում էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։

- Միացյալ Նահանգները 201 միլիոն դոլարի դրամաշնորհ է հատկացրել Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամին՝ նպաստելու մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը Թրանս-Կասպյան առևտրային ուղու (Միջին միջանցք) Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հատվածներում։

- Միացյալ Նահանգները խորացրել է կապերը Հայաստանի, Ադրբեջանի հետ՝ ստորագրելով նոր, երկկողմ ռազմավարական գործընկերություններն սահմանող կանոնադրություններ, ինչպես նաև փոխըմբռնման հուշագրեր էներգետիկ անվտանգության, սահմանային ենթակառուցվածքների և անվտանգության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների նորարարության, և կարևորագույն հանքանյութերի վերաբերյալ, որոնք ներդրում են երեք պետությունների երկարաժամկետ բարգավաճման մեջ և արդեն շոշափելի արդյունքներ են տվել։

-Հետևելով Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի ոգուն՝ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է բոլոր տարանցման սահմանափակումները Հայաստանի նկատմամբ։ Անցած մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան և Հայաստանից փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք։ Ադրբեջանը նաև 20,000 տոննա նավթամթերք է մատակարարել Հայաստանին։ Երկու երկրները շարունակում են աշխատել երկկողմ առևտրի ավելացման ուղղությամբ։

-Երկու երկրների հեռահաղորդակցության օպերատորները ստորագրել են համացանցային կապի վերաբերյալ համաձայնագիր, որը կնպաստի տարածաշրջանային կապուղիների դիվերսիֆիկացմանը, Հարավային Կովկասում հուսալիության և դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաև Եվրասիայի հեռահաղորդակցային ցանցերի ենթակառուցվածքների զարգացմանը։

-Հայաստանի և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները լուծարվել են՝ ի ճանաչումն նրա, որ չլուծված հակամարտության դարաշրջանն ավարտված է։

-Միացյալ Նահանգների հրավերով Հայաստանը և Ադրբեջանը միացել են Խաղաղության խորհրդին՝ ցույց տալով, որ նրանք Միացյալ Նահանգների կողքին են ավելի խաղաղ և բարգավաճ աշխարհ կերտելու ջանքերում։

Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և իրավազորությանը՝ իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Երեք երկրները շարունակում են հանձնառու մնալ օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացմանը՝ դրա տառին և ոգուն համապատասխան, ինչպես նաև տարածաշրջանի բացառիկ տնտեսական ներուժի բացահայտմանը։ Ավելին, Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրված երկկողմ կանոնադրությունների և փոխըմբռնման հուշագրերի լիարժեք իրականացմանը, ինչպես նաև երկու երկրների հետ իր երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Իրական խաղաղությունը երբեք մեկ օրում չի կերտվում, բայց ինչպես ասում է նախագահ Թրամփը` «Խոստումները տրված են, խոստումները կատարված են»։ Հայաստանի և Ադրբեջանի կողմից տևական խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերն օրինակ են ամբողջ աշխարհի համար, և մենք տարածաշրջանի համար ակնկալում ենք պայծառ ու բարգավաճ ապագա»,-նշվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին