«Գինը որոշակի ախտանիշ է ավելի խորքային երևույթների, և սա աշխարհում տեղի ունեցող տեկտոնական տեղաշարժերի դրսևորումներից մեկն է»,- ասաց տնտեսագետ Գագիկ Վարդանյանը՝ անդրադառնալով հեղուկ գազի շուկայում նկատվող կտրուկ թանկացումներին։
Հեղուկ գազը զգալի թանկացել է հասնելով 300-350 դրամի։
Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետը պարզաբանեց, որ տեղի ունեցողը պատահական չէ, 50-60 տարին մեկ տեղի են ունենում նմանատիպ գլոբալ տատանումներ։ Նա նշեց, որ նմանատիպ ծանր վիճակ է նաև այլ երկրներում: Oրինակ՝ Մեծ Բրիտանիայում և եվրոպական այլ պետություններում վառելիքի գինը բարձրացել է 25-30%-ով, սակայն նրանք հայտարարել են, որ միևնույն է գնելու են։ Ավելին, ըստ մասնագետի, որքան էլ զարմանալի հնչի, Հայաստանում դեռևս այդքան էլ սարսափելի բարձրացում չի եղել՝ համեմատած համաշխարհային շուկայում տիրող էներգետիկ ճգնաժամի հետ։
Նա ընդգծեց նաև, որ ներկայումս առկա են լոգիստիկ լուրջ խնդիրներ՝ կապված Ռուսաստանից և Իրանից եկող բեռնափոխադրումների հետ, ինչն անխուսափելիորեն ազդում է գների տատանման վրա։
«Մեր արտադրողականությունը այնքան բարձր պետք է լինի, որ գները չաճեն։ Մենք միշտ պետք է մտահոգված լինենք ոչ թե գներից, որ բարձրացել են, այլ նրանից, թե որքանով է մեր տնտեսությունը մրցունակ»,- ասաց Վարդանյանը։
Տնտեսագետն այս երևույթները պատկերավոր համեմատեց բնական աղետների կամ ցունամիների հետ, որոնց դեմ պայքարելն անհնար է, պետք է պարզապես կարողանալ ճիշտ խուսանավել և ալիքի տակ չընկնել։ Նա հիշեցրեց բնության օրինակը, երբ կենդանիները, կանխազգալով երկրաշարժը, քաշվում են բարձրադիր վայրեր. նույնկերպ պետությունը պետք է պատրաստ լինի դիմակայելու գլոբալ ցնցումներին։
Վարդանյանը հորդորեց կառավարությանը վարել սոցիալական ակտիվ քաղաքականություն.
«Պետությունը պետք է աջակցի թե՛ խոցելի խավերին, թե՛ բիզնեսներին, որ ճգնաժամի պայմաններում ընկերությունների հիմնական կառուցվածքը պահպանվի և նրանք պատրաստ լինեն հաջորդող զարգացման փուլին»։
Այն հարցին, թե արդյոք սրանով Ռուսաստանի Դաշնությունը պատժում է Հայաստանին, տնտեսագետը պատասխանեց, որ այս հանգամանքը պետք չէ կապել ինչ-որ երկրի վարքագծի հետ, այլ նախ պետք է կարգի հրավիրել տնտեսությունը, լինել մրցունակ։
Նշենք, որ Էկոնոմիկայի նախարարությունն այսօր հարցուպատասխանի ձևաչափով պարզաբանում է տարածել Հայաստանում հեղուկ գազի մատակարարման հետ կապված իրավիճակի վերաբերյալ, հորդորելով քաղաքացիներին չտրվել խուճապային գնումների և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։
Իրինա Ատանյան