Ներքին 5 ամիս առաջ - 16:30 10-03-2026

Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։ Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ Գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Սլովակիայի, Խորվաթիայի վարչապետները և մի շարք այլ պետությունների կառավարությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ։

Գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանման արարողությանը հաջորդել է միջոցառման բացման արարողությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես, նշել է․

«Գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահին՝ այս կարևոր միջոցառմանը հրավիրելու և ջերմորեն հյուրընկալելու համար, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ սերտ համագործակցության համար։

2024 թվականին Բրյուսելում կայացած առաջին հաջող գագաթնաժողովից հետո մենք վստահ ենք, որ Փարիզում անցկացվող այս երկրորդ գագաթնաժողովը կխթանի համագործակցությունն այն երկրների միջև, որոնք որոշել են զարգացնել քաղաքացիական միջուկային հզորությունները և կխթանի իրական լուծումները՝ ապաածխածնացման և էներգետիկ ինքնիշխանության ընդհանուր նպատակների առաջխաղացման համար։

Այս նպատակները, զուգորդված համաշխարհային էներգիայի աճող պահանջարկի հետ, հանգեցրել են միջուկային էներգիայի մրցունակության վերանայման, և շատ երկրներ այժմ գիտակցում են, որ միջուկային էներգիան՝ որպես կարգավորվող, ցածր ածխածնային էներգիայի աղբյուր, կարող է լավ համագործակցել վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ, այլ ոչ թե մրցակցել դրանց հետ։

Այս համոզմամբ առաջնորդվելով՝ Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որը COP28-ում լիովին աջակցեց մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի եռապատկման հռչակագրին, և մենք ողջունում ենք Փարիզի համաձայնագրի նպատակների ուղղությամբ առաջընթացը գնահատող Առաջին գլոբալ գնահատումը։ Հայաստանի Կառավարությունը նաև որդեգրել է միջուկային էներգիան որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության էական գործոն և որպես էլեկտրաէներգիայի մատակարարման հիմնական բաղադրիչ պահպանելու քաղաքականություն։

Տիկնայք և պարոնայք,

Այսօր․ անվտանգության տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, գործող միջուկային ռեակտորների կյանքի երկարաձգումն ապահովում է զրոյական արտանետումների հասնելու ժամանակին և ծախսարդյունավետ ուղի։ Այս համատեքստում, Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական Ատոմային Էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։ Այս երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր միջուկային էներգաբլոկի բարեհաջող և անվտանգ անցման համար։

Այս նպատակով՝ մեր ուշադրությունը կենտրոնացած է քաղաքացիական միջուկային էներգիայի նորարարությունների վրա, մասնավորապես, փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) տեխնոլոգիաների վրա, որոնք խոստումնալից հեռանկարներ են առաջարկում։ Աճող պահանջարկը խրախուսում է առաջատար ընկերություններին մշակել ավելի անվտանգ և ավելի ճկուն լուծումներ՝ ավելի կարճ շինարարական ժամկետներով և ընդլայնման ենթակա հզորությամբ, որոնք կարող են ավելի լավ համապատասխանել ազգային էլեկտրացանցերի կարիքներին։

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ։ Ներկայումս մենք ուշադիր ուսումնասիրում ենք տեխնոլոգիաները և գնահատում միջազգային գործընկերների առաջարկները։ Ընտրության գործընթացն առաջնորդվում է հուսալիության, երկարաժամկետ կայունության հաշվառմամբ և միջուկային անվտանգության, պաշտպանվածության և չտարածման բարձրագույն չափանիշներին մեր նվիրվածությամբ։

Գերազանցություններ,

Մինչև 2050 թվականը միջուկային էներգիայի զարգացման ճանապարհին որակավորված աշխատուժը կլինի միջուկային ոլորտի հիմքը՝ նախագծումից և կառուցումից մինչև անվտանգ շահագործում, պահպանում և, ի վերջո, շահագործումից հանում։ Ուսուցման և կրթական ծրագրերի իրականացումը կարևոր է անհրաժեշտ աշխատուժի առկայությունն ապահովելու համար։ Այս առումով, Հայաստանը բարձր է գնահատում միջազգային համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։

Ուրախ եմ նշել, որ այս ջանքերի և հայ մասնագետների նվիրվածության շնորհիվ Հայկական Ատոմային էլեկտրակայանի շահագործման ողջ ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված որևէ միջադեպ տեղի չի ունեցել։

Եզրափակելով՝ կցանկանայի ընդգծել ռադիոակտիվ թափոնների և օգտագործված միջուկային վառելիքի անվտանգ կառավարման կարևորությունը, որը չափազանց կարևոր է ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների համար։ Մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը պետք է լինի մեր գլխավոր սկզբունքը։

Մենք վստահ ենք, որ այս գագաթնաժողովը կնպաստի երկրների, միջազգային կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և ոլորտի միջև նախաձեռնությունների և գործընկերությունների զարգացմանը։ Մաղթում եմ բոլոր մասնակիցներին արդյունավետ և հաջող աշխատանք։

Շնորհակալություն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին