Արտաքին 6 ամիս առաջ - 23:59 19-02-2026

Ցուկերբերգը ցուցմունք է տվել սոցիալական ցանցերից երեխաների կախվածության գործով

Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը փետրվարի 18-ին ցուցմունք է տվել Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանում՝ սոցիալական ցանցերից երեխաների կախվածության ենթադրյալ գործով, որտեղ Meta-ի և YouTube-ի դեմ հայցվորներ են հանդես գալիս անչափահասները և նրանց ընտանիքները: Դրա մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:

Սա առաջինն է Միացյալ Նահանգներում անչափահասների, նրանց հարազատների, դպրոցական իշխանությունների և նահանգի գլխավոր դատախազների ներկայացրած նմանատիպ դատական ​​​​հայցերի շարքից: Հայցվորները պնդում են, որ սոցիալական ցանցերը կախվածություն են առաջացնում, ինչը համեմատելի է ծխելու կամ առցանց մոլեխաղերի հետ: Ընկերությունները հերքում են այդ մեղադրանքները:

Դատարանը լսել է Կալիֆոռնիայի 20-ամյա բնակչի (գործի նյութերում նույնականացված որպես K.G.M.) YouTube-ի, TikTok-ի, Snap-ի և Meta-ի դեմ ներկայացրած դատական ​​​​հայցը: Նա պնդել է, որ հավելվածները նախատեսված են եղել հարկադրական օգտագործման խթանման համար, որը հանգեցնում է դեպրեսիայի, անհանգստության, սննդային խանգարումների և ինքնավնասման:
Կողմերը համաձայնության են եկել TikTok-ի և Snap-ի հետ, որի պայմանները չեն բացահայտվել:

K.G.M.-ի փաստաբան Մարկ Լանիեն Instagram-ը և YouTube-ը որակել է օգտատերերի կախվածություններից շահույթ կորզող «թվային խաղատներ»: Դատարանում ներկայացվել են Meta-ի և Google-ի ներքին փաստաթղթեր, որոնք տեխնոլոգիաները համեմատում էին մոլեխաղերի, ծխախոտի և թմրանյութերի հետ: 2015 թվականի մի հուշագրում Ցուկերբերգը ղեկավարներին կոչ էր արել առանձնահատուկ ուշադրություն դարձնել Meta հավելվածներում դեռահասների անցկացրած ժամանակի ավելացմանը: Մեկ այլ փաստաթղթում նշվում էր, որ 13 տարեկանից փոքր 4 միլիոն երեխա օգտագործում է Instagram-ը, թեև նրանց արգելված էր հաշիվներ ստեղծել:

Meta-ն պնդում էր, որ հայցվորի հոգեկան առողջության խնդիրները կապված են բռնության և ընտանեկան անբարեկեցության հետ՝ ներկայացնելով համապատասխան բժշկական փաստաթղթեր՝ ցույց տալու համար, որ սոցիալական ցանցերից կախվածությունը նրա հոգեբանական խնդիրների հիմնական պատճառը չէ:

New York Times-ի տվյալներով՝ Ցուկերբերգը կարճ էր պատասխանում՝ հերքելով մեղադրանքները: Նա նշել է, որ ընկերությունը չի շահագործում խոցելի օգտատերերին և ձգտում է օգտակարլինել իր լսարանի համար: Նա պնդում էր, որ օգտատերերը շատ ժամանակ են անցկացնում Instagram-ում՝ դրա կարևորության պատճառով: Նա նաև կասկածի տակ է դրել տասնամյա վաղեմության փաստաթղթերի արդիականությունը և ընդգծել, որ Meta-ն աշխատում է օգտատերերի տարիքը ստուգելու ուղղությամբ:

Դատավարությունը գրավել է երեխաների պաշտպանության կազմակերպությունների և տասնյակ ծնողների ուշադրությունը, որոնք պնդում են, որ իրենց երեխաները վնասվել կամ զոհվել են սոցիալական ցանցերի պատճառով: Դատարանի շենքի դիմաց ամբոխ է հավաքվել: Լսումները, ենթադրաբար, կտևեն մինչև մարտ ամիսը։

Լոս Անջելեսում այս գործի արդյունքները կարող են ծառայել որպես չափանիշ դատավորների համար, որոնք կքննարկեն հազարավոր նմանատիպ դատական ​​​​հայցեր: Դրանցից մեկում 29 նահանգների գլխավոր դատախազներ պահանջում են, որ Meta-ն շտապ փոխի իր գործելակերպը, ջնջի 13 տարեկանից փոքր օգտատերերի հաշիվները, ջնջի նրանց տվյալները և անջատի այդ տեղեկությունն օգտագործող ալգորիթմներն ու արհեստական ​​​​բանականության գործիքները։

Սպառողների պաշտպանության օրենքների վրա հիմնված մեկ այլ դատական ​​​​հայցում 18 նահանգների գլխավոր դատախազներ պահանջում են, որ անչափահասներին արգելվի օգտագործել սոցիալական ցանցերը դպրոցական ժամերին և գիշերը, հեռացվեն «կախվածություն առաջացնող» գործառույթները, մասնավորապես՝ անվերջ թերթումը և ավտոմատ կերպով միացվող տեսանյութերը, և հեռացվեն արտաքին տեսքի ընկալումը խեղաթյուրող ֆիլտրերը։

News.am

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ