Ուղիղ եթեր
Ներքին 8 ամիս առաջ - 15:01 26-01-2026

Վանաձորի հանրային տրանսպորտն առանց մրցույթի և առանց պայմանագրերի է գործում. Տեսչականը հաստատեց 

Արդեն հրապարակել ենք, որ Վանաձորում ներհամայնքային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար վերջին մրցույթներն անց են կացվել 2018 և 2019 թվականներին, արդյունքում երթուղիներն սպասարկելու համար կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր՝ որոշակի ժամկետով: Ծառայությունների մատուցման ժամկետը վաղուց է լրացել, և այս պահին վավեր, օրինական պայմանագրեր առկա չեն:

Քանի որ Վանաձորի քաղաքապետարանը հրաժարվում է պարզաբանումներ ներկայացնել համայնքի հետ կապված հարցերի վերաբերյալ (սրան դեռ կանդրադառնանք), դիմել ենք Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հանրությանը տեղեկատվություն տրամադրելու նպատակով պատասխանել հետևյալ հարցերին. ինչո՞ւ Վանաձորում ներհամայնքային տրանսպորտային մրցույթ չի հայտարարվել 2018-2019 թթ.-ներից հետո, ինչո՞ւ են ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպությունները գործում ժամկետանց, այսինքն՝ անվավեր, անօրինական պայմանագրերով, և ինչո՞ւ վերահսկողություն չի իրականացվում Վանաձոր համայնքում:

Տեսչական մարմինը հայտնել է, որ ներհամայնքային ուղևորափոխադրումների մրցույթի ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը դուրս է իր իրավասությունների շրջանակից, հավաստիացրել է, որ անվտանգության և ուղևորափոխադրումների կազմակերպման նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն մշտապես է իրականացնում և հաստատել է, որ տնտեսվարողների հետ կնքված պայմանագրերի ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են երթուղիները սպասարկել իրենց տրվող տեղեկանքներով, որոնց հիման վրա ՆԳՆ ոստիկանության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքը երկարացնում է տրանսպորտային միջոցների գործողության ժամկետները՝ տարին մեկ, վեց ամիսը մեկ կամ երեք ամիսը մեկ:

Միաժամանակ Տեսչական մարմինը փոխանցել է Վանաձորի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվությունը.

«Նոր մրցույթներ չեն անցկացվում, քանի որ նախատեսվում է ուղևորափոխադրումները կազմակերպել մեկ օպերատորի միջոցով: Այդ նպատակով արդեն իսկ ստեղծվել է «Վանաձորի ավտոբուս» ՓԲԸ-ն, ձեռք են բերվել թվով 5 ավտոբուսներ, իսկ հեռանկարում նախատեսվում է ձեռք բերել ևս 45-ը: Նշված գործընթացի արդյունքում կլուծվեն Վանաձոր քաղաքում կանոնավոր ուղևորափոխդարումների իրականացման հետ կապված խնդիրները՝ ապահովելով ոլորտի լիարժեք համապատասխանությունը օրենսդրական պահանջներին»:

Այս պահին միայն նշենք, որ տնտեսվարողների պայմանագրերի ժամկետներն ավարտված են արդեն մի քանի տարի, իսկ «Վանաձորի ավտոբուս» ՓԲԸ-ն բոլորովին վերջերս է ստեղծվել՝ Վանաձորի ավագանու 2025 թվականի մարտի 5-ի որոշմամբ: Այսինքն՝ մինչև քաղաքապետարանի մատնանշած՝ «օրենսդրական պահանջներին ոլորտի լիարժեք համապատասխանության ապահովումը», մինչև «մեկ օպերատորի, 5 և ևս 45 ավտոբուսների հեռանկարի» իրականացումը՝ արդեն մի քանի տարի առանց մրցույթների, առանց պայմանագրերի՝ համայնքի երթուղիները շահագործում և բիզնես շահույթ են ստանում կոնկրետ մարդիկ:

Ստանալուն պես կհրապարակենք ՏԿԵ նախարարին ուղարկված գրության պատասխանը:

Ադրինե Թորոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը