Ներքին Միտք 7 ամիս առաջ - 22:00 22-01-2026

Սամվել Կարապետյանը Դոնալդ Թրամփից համեստ է․ 1 դրամի հետքերով

10 դրամ է մեր երկրի ապագա վարչապետի 10 տարվա աշխատավարձը։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և տեսանյութ հրապարակել։

Շատերի համար գուցե այս ուղերձը ծիծաղաշարժ և զավեշտալի կթվա, բայց դե պատմությունը փաստորեն հարուստ է նման նախադեպերով։

Բոլորս էլ պատկերացնում ենք, որ պետական բարձր պաշտոնները սովորաբար ուղեկցվում են բարձր աշխատավարձերով և արտոնություններով։ Սակայն պատմության մեջ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ երկրի նախագահը կամ վարչապետը ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել է իր աշխատավարձից՝ այն համարելով ոչ թե եկամտի աղբյուր, այլ հանրային ծառայություն։

Այսպիսի որոշումները տարբեր երկրներում ունեցել են տարբեր շարժառիթներ՝ քաղաքական ուղերձից մինչև անձնական կարողություն կամ տնտեսական ճգնաժամի պայմաններում ժողովրդի սրտի փարատանք։

Աշխատավարձից հրաժարվելու ամենահայտնի օրինակները գրանցվել են ԱՄՆ-ում։ Երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը սկզբում հայտարարել էր, որ չի ընդունելու աշխատավարձ կոչվածը, քանի որ պետական ծառայությունը համարում էր պատիվ, ոչ թե շահույթ։ Թեև Կոնգրեսի պահանջով նա ի վերջո ընդունեց աշխատավարձը, այս քայլը պատմության մեջ մնաց որպես սկզբունքային դիրքորոշում՝ հանուն բարօրության։

20-րդ դարում նման քայլի են դիմել նաև նախագահներ Հերբերտ Հուվերը և Ջոն Քենեդին։ Երկուսն էլ, ունենալով անձնական մեծ կարողություն, իրենց նախագահական աշխատավարձը նվիրաբերել են բարեգործական և սոցիալական ծրագրերին։

Վերջին տարիներին նույն մոտեցումն է որդեգրել պատմության ամենահակասական կերպարներից մեկը՝ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ նախագահական՝ տարեկան մոտ 400 հազար դոլար աշխատավարձը տրամադրում է տարբեր պետական կառույցների՝ պահպանելով միայն խորհրդանշական 1 դոլարը՝ օրենքի պահանջը կատարելու համար։

Կարապետյանների ընտանիքը փաստորեն որոշել է ավելի քիչ աշխատավարձ իրենց պահել, քան Թրամփը՝ տարեկան ոչ թե 380 (ինչը համարժեք է 1 դոլարին - խմբ.), այլ 1 դրամ:

Պետական ծառայության հանդեպ նման վերաբերմունք դրսևորվել է նաև այլ երկրներում։

Սինգապուրի երկարամյա վարչապետ Լի Կուան Յուն տնտեսական դժվարությունների ժամանակ կրճատել կամ սառեցրել է իր աշխատավարձը՝ ընդգծելով, որ ղեկավարները պետք է կիսեն հասարակության բեռը։

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, որը միջազգային մամուլում հայտնի է որպես «աշխարհի ամենահամեստ նախագահ», իր աշխատավարձի շուրջ 90 տոկոսը նվիրաբերել է սոցիալական ծրագրերին՝ պահպանելով համեստ կենսակերպ։

Փորձագետների գնահատմամբ՝ աշխատավարձից հրաժարվելը հիմնականում սիմվոլիկ քաղաքական քայլ է, որը նպատակ ունի ցույց տալու ղեկավարի անձնական վերաբերմունքը իշխանության և հանրային ծառայության հանդեպ։

Միաժամանակ, իրավական տեսանկյունից շատ երկրներում ղեկավարի աշխատավարձը սահմանված է օրենքով, և ամբողջապես դրանից հրաժարվելը հաճախ իրականացվում է ոչ թե ֆորմալ չստանալով, այլ հետագայում այն նվիրաբերելով։

Հայաստանի Հանրապետությունում ևս վարչապետի և նախագահի աշխատավարձերը սահմանվում են օրենքով։ Ըստ գործող կարգավորումների՝ բարձրագույն պաշտոնյաների վարձատրությունը դիտվում է ոչ միայն որպես սոցիալական երաշխիք, այլև որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք։ Այդ պատճառով պաշտոնական մակարդակում աշխատավարձից ամբողջապես հրաժարվելը գործնականում չի խրախուսվում։ Փոխարենը, իրավական տեսանկյունից հնարավոր է աշխատավարձը ստանալուց հետո այն փոխանցել բարեգործական կամ պետական ծրագրերի, ինչը մի շարք երկրներում կիրառված մոտեցում է։

Ամեն դեպքում միջազգային փորձը ցույց է տալիս, որ աշխատավարձերից հրաժարվելը մեծապես չի էլ լուծում պետության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ ուղղակի հիմք է հանդիսանում, որ ժողովուրդը ավելի շատ վստահի տվյալ թեկնածուին՝ մտածելով, թե առաջնորդի նպատակը իրենց փողերը «ուտելը» չէ։

Ք․Ս․

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից