Ներքին 1 տարի առաջ - 23:57 15-04-2025

Թեժ բանավեճ Հայաստանում. ո՞ր ղեկավարն է ավելի շատ դեմ Ցեղասպանության ճանաչմանը. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Կարծես թե քիչ վիճաբանություններ ունեինք հայերի շրջանակում, մի նոր բանավեճ ծագեց անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող, արևմտամետ փոքր կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի և Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջև։ 2025 թվականի ապրիլի 8-ին Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Օսկանյանը 2007 թվականի հուլիսին ամերիկացի դիվանագետներին հայտնել են, որ «նրանք պատրաստ են խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը, եթե Թուրքիան պարզապես բացի սահմանը կամ վերագործարկի Կարս-Գյումրի երկաթուղին»:

Բաբաջանյանն որոշ չափով սխալ է մեջբերել Օսկանյանի խոսքերը, որ նա ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզային 2007 թվականին Երևանում կայացած հանդիպման ժամանակ. «Եթե Թուրքիան բացի սահմանը և նորմալացնի հարաբերությունները, ես հաջորդ օրը թռչում եմ Վաշինգտոն՝ հայկական լոբբիներին համոզելու, որ չաջակցեն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին»։ Ահա, թե իրականում ինչ է գրել Բրայզան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո.

«Բրայզան իմացել է, որ Հայաստանը Վաշինգտոնում միջամտելու է, որպեսզի դանդաղեցնի Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը միայն այն դեպքում, եթե թուրքական կողմը բացի սահմանը, կամ առնվազն թույլ տա վերաբացել միջսահմանային երկաթուղին …․ Արտգործնախարար Օսկանյանը ներկայացրել է մինչ օրս ամենակոնկրետ մեկնաբանությունն այն մասին, թե ինչն է Հայաստանը համարելու թուրքական բարեխղճության բավականին նշանակալի ժեստ, որպեսզի Հայաստանը լուրջ ջանքեր գործադրի Բանաձևի ուղղությամբ թափը մեղմելու համար: Օսկանյանը վերահաստատել է Հայաստանի շարունակական թերահավատությունը Թուրքիայի դրդապատճառների նկատմամբ և մտահոգությունը, որ Հայաստանի նկատմամբ նախաձեռնությունները նպատակ ունեն միայն շեղել եվրոպական ճնշումը և խափանել հնարավոր Բանաձևը:

Օսկանյանը, սակայն, ասաց, որ եթե Թուրքիան բացի սահմանը և նորմալացնի հարաբերությունները, նա «հաջորդ օրը կթռչի» Վաշինգտոն՝ խորհրդակցելու Կոնգրեսում Հայաստանի բարեկամների և հայամետ լոբբիստական խմբերի հետ՝ հետաձգելու Բանաձևը։ Իրադարձությունների նոր շրջադարձով, Օսկանյանը հայտարարեց, որ եթե Թուրքիան ցանկանար պարզապես վերականգնել երկաթուղային երթևեկությունը գոյություն ունեցող Կարս-Գյումրի երկաթուղային գծով, դա կարող էր բավարար լինել, որպեսզի Հայաստանի կառավարությունը ներգրավի ամերիկահայ համայնքին Բանաձևի հարցում։ Նա, իհարկե, չէր կարող երաշխավորել արդյունքը, սակայն խոստացավ բարեխղճորեն, բարձր մակարդակով ջանք գործադրել՝ համոզելու Վաշինգտոնի զրուցակիցներին, որ Բանաձևը կհակասի Հայաստանի ազգային շահերին, եթե թուրքերը իրական շարժում առաջարկեն սահմանի հարցում»։ Բրայզան այս զեկույցը գրել է Քոչարյանի և Օսկանյանի հետ 2007 թվականի հուլիսին Երևանում ունեցած հանդիպումից հետո: WikiLeaks-ը Բրայզայի ամերիկյան ներքին զեկույցը հրապարակել է մի քանի տարի անց: Բաբաջանյանը շարունակել է մեջբերել Քոչարյանի խոսքերը Բրայզայի զեկույցից. «Ինձ պետք չի [Հայոց ցեղասպանության ճանաչման] բանաձևը։ Ինձ պետք է բաց սահման և առևտրային հավասարակշռության հնարավորություն Թուրքիայի հետ»։

Օսկանյանը ապրիլի 10-ին Ֆեյսբուքում զայրացած պատասխանել է Բաբաջանյանին՝ մեղադրելով նրան «իբր WikiLeaks-ի փաստաթղթի վրա հիմնված կեղծ լուրեր տարածելու մեջ»։ Օսկանյանը հայտարարել է, որ Բաբաջանյանը «ստում է։ Նրա մեկնաբանությունները և հետևությունները չեն կարող բխել Wikileaks-ի բնօրինակի բովանդակությունից և քննարկումների էությունից։ Փաստաթուղթը կցված է»։ Ուսումնասիրելով WikiLeaks-ի 2007 թվականի փաստաթղթերը և համեմատելով դրանք Բաբաջանյանի ու Օսկանյանի գրառումների հետ, ես պարզեցի նրանց հակասական հայտարարությունների պատճառը։ Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ չի պարզաբանել, որ նա մեջբերում է Բրայզայի հանդիպումների մասին երկու տարբեր հաղորդագրություններից, որոնք տեղի են ունեցել Երևանում տարբեր ամսաթվերով՝ 2007 թվականի մարտի 28-ին և նույն թվականի հուլիսի 30-ին: Բաբաջանյանը հրապարակել է երկու փաստաթղթերի չթարմացված հատվածները: Ուստի, երբ Օսկանյանը գրել է, որ Բաբաջանյանը «ստում է», քանի որ WikiLeaks-ի փաստաթղթում նման հայտարարություն չկա, Օսկանյանը չի հասկացել, որ Բաբաջանյանը նկատի է ունեցել Բրայզայի երկրորդ զեկույցը։

Իրականում, նախագահ Քոչարյանի, Օսկանյանի և նախագահի օգնական Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման իր երկրորդ զեկույցում՝ 2007թ. մարտի 28-ին Բրայզան գրել է. «Քոչարյանն ու Օսկանյանը բացահայտեցին իրենց խորը թերահավատությունը Թուրքիայի բարեխղճության նկատմամբ և իրենց հոգնածությունը մի գործընթացից, որը նրանց թվում է Անկարայում պարզապես համաշխարհային կարծիքի ճնշումը շեղելու և երբեք Հայաստանին կոնկրետ արդյունք չտալու համար է»: Նրանք ասացին․ «Չնայած Հայաստանը կփոխադարձի [Թուրքիայի] դրական ժեստերին, կառավարությունը հոգնել է ժեստերի և քննարկումների անվերջանալի շղթայից, որը ոչ մի տեղ չի տանում Թուրքայի հետ իր հարաբերություններում: Քոչարյանը կտրուկ ասաց, որ Հայաստանի համար ամենակարևորը սահմանն է։

Սփյուռքի խմբերը ճնշում էին նրան՝ աջակցելու Կոնգրեսի բանաձևի ընդունմանը, սակայն նա մերժել էր. «Ինձ պետք չի» նա ասաց։ «Ինձ պետք է բաց սահման և հնարավորություն հավասարակշռելու առևտրային հսկա անհավասարակշռությունը Թուրքիայի հետ»։ Սովորաբար, փաստաթղթի հղման վերաբերյալ թյուրիմացությունը լուրջ խնդիր չէ: Սակայն հաշվի առնելով, որ Փաշինյանի շրջապատն օգտագործում է բոլոր հնարավորությունները նախկին ղեկավարներին, այդ թվում՝ Օսկանյանին մեղադրելու համար, վերջինիս կողմից կտրուկ արձագանք եղավ։ Բաբաջանյանը կոշտ քննադատության էր ենթարկել Քոչարյանին և Օսկանյանին՝ հայտարարելով, որ նրանք «ոչ միայն պատրաստ էին լռեցնել սփյուռքի Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը, զոհաբերել ամբողջ ժողովրդի հիշողությունը, այլև բացահայտորեն ընդգծել՝ ցեղասպանության ճանաչումը իրենց օրակարգում առաջնահերթ չէ»։

Բաբաջանյանը հավելել է, որ նախկին ղեկավարները ներկայիս իշխանություններին անվանում են «թուրք, դավաճան և հողատու»։ Սա է խնդրի էությունը: Նախկին ղեկավարներին վարկաբեկելու մոլուցքով տարված Բաբաջանյանն անտեսում է այն փաստը, որ իր դաշնակից Փաշինյանը բազմիցս անարգել է հայոց գրեթե բոլոր ազգային խորհրդանիշները։ Փաշինյանն անտեղի հարցեր է բարձրացրել Հայոց ցեղասպանության փաստերի վերաբերյալ՝ անգամ հայտարարելով, որ «Մեր պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այսօր մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկում չէ»։ Ուզում եմ Բաբաջանյանին հիշեցնել հայտնի ասացվածքը՝

«Նրանք, ովքեր ապրում են ապակե տներում, չպետք է քարեր նետեն»։ Նախքան մատնացույց անելը, համոզվեք, որ ձեր ձեռքերը մաքուր են: Սա չի նշանակում, որ ես պաշտպանում եմ նախկին ղեկավարներին։ Ես բազմաթիվ դեմառդեմ բանավեճեր եմ ունեցել թե՛ նախագահ Քոչարյանի, թե՛ նախագահ Սերժ Սարգսյանի հետ շատ հարցերի շուրջ նրանց դիրքորոշումների, այդ թվում՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ։ Սակայն ես ավելի մեծ տարաձայնություններ ունեմ վարչապետ Փաշինյանի հետ։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի