Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:27 27-01-2025

Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը տեղի է ունեցել նրան նվիրված մենագրության շնորհանդեսը

Հունվարի 27-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ծննդյան 86-րդ տարեդարձը: Այս առիթով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Տիգրան Մանսուրյան» մենագրության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա է եղել Մաեստրո Մանսուրյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորել է Մաեստրոյին տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, արևշատություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն կյանք:

Դանիել Դանիելյանն իր երախտագիտությունն է հայտնել ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանին «Տիգրան Մանսուրյան» մենագրության ստեղծման համար, ինչը կարևոր և բովանդակալից նվեր է հանրությանը. «Յուրաքանչյուր գրքի լույսընծայում մեծ հարստություն է, կարևոր քայլ՝ մեր մշակութային ժառանգության համալրման և հասարակության ինքնաճանաչողության բացահայտման, զարգացման գործում:

Այսօրինակ աշխատությունների շնորհիվ կարողանում ենք խորապես ճանաչել մեր մեծերին, նրանց ստեղծածը և ժառանգությունը, որոնք ուղղված են մեր երիտասարդներին և ապագա սերունդներին: Ընթերցելով «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը՝ մեծ բավականություն ստացա. այն համակողմանի բացահայտում է Մաեստրոյին, նրա ստեղծագործական կյանքն ու գործունեությունը:

Հեղինակը նրան նկարագրում է՝ որպես երաժիշտ, մտածող, գեղագետ և արարող: Աշխատությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիրված առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հեղինակը քննության է առել կոմպոզիտորի բազմաժանր ստեղծագործությունը, նրա առնչությունները 20-րդ դարի համաշխարհային երաժշտությանը, համագործակցությունը մի շարք երևելի երաժիշտ-կատարողների հետ, ինչպես նաև կոմպոզիտորի գեղագիտական հայացքները»:

Նշենք, որ «Տիգրան Մանսուրյան» մենագրության հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը։ Աշխատության խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Լևոն Հակոբյանը (Մոսկվա), գրախոսներն են՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն ու արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։

Արվեստագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը ևս շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ և նկատել, որ թեև կոմպոզիտորը ստացել է բազմաթիվ թանկագին նվերներ, սակայն այս տարեդարձը եզակի է առնվազն 2 պատճառով։ Նախ՝ Մաեստրոն ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորանքներ է ընդունում հայոց գիտության կաճառում՝ ՀՀ ԳԱԱ հեղինակավոր գիտական դահլիճում, և երկրորդ՝ որպես նվեր հրատարակվել է մենագրություն՝ երաշխավորված ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի կողմից։

Աննա Ասատրյանը Տիգրան Մանսուրյանին նվիրել է «ՏԻգրան Մանսուրյան» մենագրության տպաքանակի 1-ին օրինակը, ինչպես նաև «Դիմանկարը Փարավոն Միրզոյանի արվեստում» պատկերագիրքը, որում տեղ է գտել տաղանդավոր նկարչի վրձնած՝ Տիգրան Մանսուրյանի դիմանկարը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև մենագրության հեղինակ Աննա Արևշատյանը և գրախոս, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի