Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:05 24-01-2025

Քաղաքական պատասխանատվության բացակայությունը․ հերթը սպորտին հասավ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ՔՊ-ական իշխանության յուրահատուկ խորհրդանիշ է հանդիսանում։ ԿԳ այնուհետև ԿԳՄՍ նախարար աշխատած շրջանում դժվար է հիշել նշանակալի հաջողություններ նրա անվան հետ կապված, ինչն էլ նրա պաշտոնանկության պատճառ է հանդիսացել։ Սակայն հաշվի առնելով նրա նվիրվածությունը Նիկոլ Փաշինյանին, 2021 թ. հուլիսի 1-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար։ Իսկ օրեր առաջ նա ընտրվեց ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։ Ինչո՞ւ են մեկ անգամ ձախողված կադրին կրկին պատասխանատու պաշտոնի նշանակում։ Արդյո՞ք սա վկայում է քաղաքական պատասխանատվության բացակայության մասին։

ԿԳՄՍ նախարարի համեմատ, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ցածր է և նվազ պատասխանատվությամբ։ Չնայած այս հանգամանքին, հանրության շրջանում կասկածներ են շրջանառվում, որ նա ձախողվելու է նաև որպես ֆեդերացիայի նախագահ։ Հիմնավո՞ր են այս մտավախությունները։

Առաջին հերթին ուշադրության է արժանի ՔՊ-ական իշխանության՝ քաղաքական պատասխանատվության յուրատեսակ ընկալումը։ Քննադատների կարծիքով՝ աղետալի սխալների և ապաշնորհ կառավարման պատճառներից գլխավորը պետական գիտակցման բացակայությունն է։ Անհաշվենկատ նշանակումները, անհարկի ու չհիմնավորված թանկացումները, սոցիալական, կրթական հարցերում աղմկահարույց որոշումները դրա վառ վկայություններն են։ Օրինակ՝ Արայիկ Հարությունյանի նախարար աշխատած ժամանակ նա անողոք քննադատության էր ենթարկվում։ Անկախության գաղափարի առանցքով կազմված կրթական հայեցակարգի բացակայությունը, սովորողների աղետալի ցածր առաջադիմությունը, դպրոցներում ռուսերենի անհարկի շատ դասաժամերը, կրթական բարեփոխումների տապալումը, ապասովետիզացման հարցում անգործությունը, խայտառակ սխալներով դասագրքերի կազմումը բողոքի ալիքներ էին բարձրացնում։

Քննադատների մի մասը միակարծիք են, որ այս ձախողումների հիմնական պատճառը, ենթադրաբար՝ քաղաքական պատասխանատվության բացակայությունն է։ Նախարարությունում հնարավոր բոլոր գործերը տապալելուց հետո Արայիկ Հարությունյանն ազատվեց պաշտոնից, նշանակվեց խորհրդրական, այնուհետև աշխատակազմի ղեկավար։ Այս վերջին պաշտոնում նրա աշխատանքը ժողովրդի հետ շատ չի առնչվում, հանրային արձագանքներ չի ստանում։ Եվ հնարավոր չէ գնահատել նրա աշխատանքի արդյունավետությունը։ Սակայն բոլորովին այլ բան է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Հանրային որոշ շրջանակներում տագնապ է առաջացրել, որ նա նաև այս ոլորտում է ավերածություններ անելու։

Պարզ ասած՝ հանրային կասկածները կարող են որոշակի փարատվել, եթե Արայիկ Հարությունյանը ներկայացնի ծանրամարտի զարգացման իր պատկերացումները, ծրագրերը, հավակնությունների սահմանը, որոնք հավանություն ու աջակցություն կստանան մարզիչների և առաջատար մարզիկների կողմից։ Այս պահի դրությամբ հայտնի է միայն այն, որ Հայաստանը 2027-ին հյուրընկալելու է աշխարհի առաջնությունը։

Սակայն հանրային մտավախություն կա, որ քաղաքական պատասխանատվության բացակայության պատճառով Արայիկ Հարությունյանը նախապատրաստական պատշաճ աշխատանքներ չի կազմակերպի, և միջազգային ֆեդերացիան կվերանայի որոշումն, ու աշխարհի առաջնությունը 2027-ին ՀՀ-ում տեղի չի ունենա։ Այսինքն՝ նա ինչպես ԿԳՄՍ նախարարի պաշտոնում անհամար դժգոհություններ է պատճառել կրթության, գիտության, մշակույթի մասնագետներին ու ջատագովներին, այնպես էլ այս պարագայում ծանրամարտի մարզիչներին, մարզիկներին ու սպորտի սիրահարներին, ենթադրաբար՝ հիասթափություն ու լարված պահեր են սպասվում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից