Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 18:00 01-08-2024

Ռուս սահմանապահները «Զվարթնոց»-ից վաղուց պետք է դուրս բերվեին․ նրանք բազմիցս խախտել են ՀՀ-ի ինքնիշխանությունը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հուլիսի 31-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահներն ավարտեցին իրենց ծառայությունը և հրաժեշտի պաշտոնական արարողությունից հետո լքեցին օդանավակայանը։

Նշենք, որ ռուս սահմանապահները «Զվարթնոց»-ում տեղակայվել էին 1992 թվականից։ Այս տարվա մարտին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ տեղեկացնելով, որ ՀՀ-ն բավարար կարողություններ ունի՝ սահմանի հսկողությունն ինքնուրույն իրականացնելու համար։

Միևնույն ժամանակ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահները կշարունակեն իրենց ծառայությունը։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը նշեց, որ շատ դրական է վերաբերվում այս որոշմանը և այն շատ կարևոր համարում։ Նրա խոսքով՝ ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշումը վաղուց պետք է կայացվեր, որովհետև վերջիններս մի շարք դեպքերում չարաշահել են իրենց լիազորությունները և ոտնձգություններ կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։

«Հիշում եք՝ ամիսներ առաջ ռուս սահմանապահները «Զվարթնոց» օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության մի քաղաքացու էին ձերբակալել, ով Ուկրաինայի պատերազմից Հայաստան էր փախել, այնուհետև նրան տեղափոխել էին Գյումրիի ռազմաբազա և այնտեղից էլ՝ ինչ-ինչ ճանապարհներով Ռուսաստան։ Սա ակնհայտ ոտնձգություն էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ»,- ասաց նա՝ համաձայնելով այն դիտարկման հետ, որ ռուս սահմանապահները նման բան անելու իրավունք չունեին։

Քաղաքագետն ընդգծում է, որ այդ միջադեպը շատ կոպիտ հարված էր Հայաստանի ինքնասիրությանը, ինչպես նաև միջազգային հեղինակությանն ու իմիջին։ Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները գերադասեցին այս խնդրից շատ մեծ դիվանագիտական սկանդալ չսարքել, փորձեցին հարցն ավելի մեղմ միջոցներով լուծել, որից հետո դրեցին «Զվարթնոց» օդանավակայնից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը։

Արմեն Վարդանյանը նկատում է, որ ռուս սահմանապահների դուրսբերումը միայն իր հիշատակած միջադեպով չէր պայմանավորված, այլ խնդիրներ նույնպես կային։ «Այդ մարդիկ [ռուս սահմանապահները-խմբ․] օգտվում էին Հայաստանի Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (ՍԷԿՏ), լիարժեք տեղեկատվություն էին ստանում, թե ովքեր են օդային ճանապարհով գալիս Հայաստան և դուրս գալիս մեր երկրից ու բնականաբար այդ ինֆորմացիան փոխանցվում էր ռուսական հատուկ ծառայությունների ինֆորմացիոն»,- ասաց նա։

Oragir.News-ի ճշտող հարցին, թե այժմ ռուսական կողմը զրկվելո՞ւ է այդ հասանելիությունից՝ քաղաքագետը դրական պատասխանեց՝ նշելով, որ առնվազն օդանավակայանի ելքումուտքի մասով ռուսական կողմը կզրկվի այդ հասանելիությունից․

«Այնտեղ Իրանի հետ սահմանին կանգնած ռուս սահմանապահները կունենան ցամաքային սահմանը անցնող մարդկանց տվյալները, բայց օդային ճանապարհով գնացող-եկողների տվյալներն այլևս պետք է որ չունենան»։

Oragir.News-ի հարցին՝ ռուսական կողմն ինչ-որ կերպ կարո՞ղ է հակազդել այս որոշմանը, թե՞ վերջինս արդեն համակերպվել է դրա հետ՝ Արմեն Վարդանյանը պատասխանեց, որ, իր համոզմամբ, Մոսկվան արդեն համակերպվել է սրա հետ, քանի որ եթե ինչ-որ քայլեր անելու լիներ, ապա արդեն արած կլիներ։ Նա հավելեց, որ ռուսական կողմն էլ այս որոշումից հետո սկանդալներ չսարքեց, ինչ վկայում է, որ իրենք էլ են համակերպվել այս որոշման հետ և հարցը համարում են փակված։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում