Ներքին Խոսք 2 տարի առաջ - 16:30 20-02-2024

Կրճատել և վերահսկել. Սևանից ջրի բացթողումները կործանարար են լճի համար

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Սևանա լճի մակարդակը փետրվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել՝ 1900.16 մ։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1սմ-ով։

Oragir.News-ի հետ զրույցում բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը նշեց, որ Սևանա լճի մակարդակի անկումը հիմնականում պայմանավորված է լճից ջրի բացթողումներով, ինչպես նաև կլիմայական պայմաններով։ Նրա խոսքով՝ այս տարի երաշտ չպետք է լինի, քանի որ բավականին շատ տեղումներ եղան, սակայն վերջին տարիներին ձմեռները տաքացել են, տեղումները՝ նվազել։

Վարդանյանը շեշտում է՝ Սևանա լճից ջրի բացթողումները պետք է խստագույնս վերահսկվի և կրճատվի։ Նա ասաց, որ չնայած այս իրողությանը, պարբերաբար ցանկանում են օրենսդրությունն այնպես փոխել, որ բացթողումներն ավելի հեշտացվեն.

«Եթե օրենքով նախատեսված է, որ այդ հարցն Ազգային ժողովն է որոշում, հիմա ցանկանում են օրենսդրությունն այնպես փոխեն, որ այսուհետ Շրջակա միջավայրի նախարարությունը որոշի, ինչը կործանարար կլինի Սևանա լճի համար։ Լիճն ամենաբարձր մակարդակի վերահսկողության ու պահպանության կարիք ունի»։

Բնապահպանը հիշեցրեց, որ այս ամենի հետևանքով Սևանա լիճն ամռանը սկսում է ծաղկել, լճում այնպիսի կենսաբանական պրոցեսներն են ընթանում, որոնք ազդում են կենդանական աշխարհի, ջրի մաքրության, թափանցիկության վրա և այլն։ Նրա խոսքով՝ այս ամենը բավականին մեծ վնաս են պատճառում, իսկ բացթողումներից օգտվում է միայն Հրազդան կասկադը, գյուղատնտեսական տարածքները չեն կարողանում օգտվել, քանի որ ոռոգման ողջ ցանցը վթարային վիճակում է և ջուրը այնտեղ չի հասնում։

«Հիմա մի խնդիր ստեղծում ենք, հետո այդ խնդիրը աճում, դառնում է ավել մեծ խնդիր։ Մի խնդիրն այն է, որ Արարատյան դաշտի արտեզյան ջրերի մակարդակն իջել է 15 մ-ով, որովհետև այդտեղից պարբերաբար անվերահսկելի կերպով ջուր են հանել՝ ձկնաբուծության համար, իսկ հետո լցրել են Արաքս գետը։ Ջուրը կարելի էր շրջապտույտով օգտագործել՝ մաքրել, հետո նորից օգտագործել և այդպես անխնա կերպով արտեզյան ջրի ավազանը չդատարկել։ Ու քանի որ մակարդակը 15 մ-ով իջել է, ջրերը չեն հասնում Մխչյանի ու Ռանչպարի պոմպերին, որոնցով ջրվում էր Արարատյան դաշտը, ստիպված Սևանից ջուր են բաց թողնում, որ գա հասնի Արարատյան դաշտ, բայց ամբողջ ցանցը վնասված վիճակում է, և ջուրը չի ծառայում իր նպատակին»,- կարծում է նա։

Նազելի Վարդանյանը նկատեց, որ Սևանա լճից բաց թողնված ջրից օգտվում է միայն Հրազդան կասկադը, որը մասնավոր կազմակերպություն է՝ օտարերկրյա ներդրումներով գործող։ Ըստ նրա՝ հանուն այդ կազմակերպության մենք փաստացի Սևանը կորցնում ենք։

Հարցին, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ Սևանա լճի մակարդակը բարձրացնելու համար՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ նպատակով Արփա-Սևան ջրատարը պետք է նորմալ գործարկվի, որը կառուցվել էր հենց այդ նպատակով, Որոտանի ջուրն առհասարակ այս կողմ չեկավ, և այլն։ Բնապահպանը համոզված է՝ անգամ Արփայի ջրերով էլ հնարավոր էր խնդիրը լուծել, եթե բացթողումներ չիրականացվեին, բայց բացթողումները կատարվում են։

«Դրականն այն էր, որ արգելեցին Սևան մոտ գործող գետերի վրա ՀԷԿ-եր կառուցելը, բայց կան դեռևս գործող ՀԷԿ-եր, որոնք պետք է վերահսկելի դարձնել, որպեսզի բացթողումները նորմալ լինեն։ Այսինքն՝ դա գործողությունների կոմպլեքս է, որոնք պետք է բոլորը միասին կատարվեն։ Բացի այդ, եթե կենսաբազմազանության մասին ենք խոսում, ապա այնտեղ ձկնաբուծությամբ զբաղվելը՝ այն ձևով, ինչպես հիմա ենք զբաղվում՝ կեր լցնելով, արհեստական ձկնաբուծություն անելով և այլն, նորմալ չէ, քանի որ դա ազդում է ջրի որակի վրա»,- ասաց նա։

Վարդանյանը հավելեց, որ ջրի մակարդակի բարձրացումն ինքնաբերաբար բերում է և՛ մաքրություն, և՛ թափանցիկություն, սակայն դա միայն մակարդակի բարձրացմամբ հնարավոր չէ անել։ «Եթե մակարդակը բարձրացրեցիր, բայց անընդհատ աղոտեցիր լիճն, կրկին այդ հարցը չի լուծվի, դրա համար այստեղ համալիր լուծումների անհրաժեշտություն կա»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում