Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:30 17-01-2024

Ավստրիայի խորհրդարանականների հետ հանդիպմանը Բաքոյանը կարևորել է Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելը

Երախտագիտություն եմ հայտնում Ավստրիայի խորհրդարանին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը դատապարտող բանաձեւը հոկտեմբերին միաձայն ընդունելու համար: Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի Դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ժողովրդին: Հունվարի 17-ին Ավստրիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին ընդգծել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը:

Բանաձեւն անդրադառնում է տարբեր միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ ազատ եւ անխոչընդոտ, երկարատեւ մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելուն, ինչպես նաեւ ԼՂ մշակութային արժեքների եւ եկեղեցիների համապարփակ պաշտպանությանը: Այս համատեքստում պատգամավորը տեղեկացրել է, որ ընդամենը երկու օր առաջ ադրբեջանական յութուբյան ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում, որը նկարահանվել է ԼՂ Հաթերք գյուղում, երեւում է, որ գյուղի ինքնապաշտպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը եւ շրջակա գերեզմանոցը ենթարկվել են վանդալիզմի: Նա հավաստիացրել է, որ նման տեսանյութերը, ցավոք, բազմաթիվ են: Ռուստամ Բաքոյանը կարեւորել է եվրոպական երկրների, այդ թվում՝ Ավստրիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրելը եւ պատժամիջոցներ կիրառելը, ինչի արդյունքում այդ պետությունը կհրաժարվի Հայաստանի նկատմամբ հարձակողական մտադրություններից եւ ագրեսիվ գործողություններից:

Ավստրիայի Ազգային խորհրդի «Կանաչներ» խմբակցության անդամ Էվա Էռնստ Ձիձիչը համոզմունք է հայտնել, որ վերոնշյալ բանաձեւն առաջինը չէր եւ վերջինը չի լինելու, քանի որ Հայաստանում իրավիճակը շարունակում է բարդ մնալ նաեւ մարդասիրական խնդիրների տեսանկյունից, որի շրջանակում Ավստրիան հետագայում ավելի շատ անելիք կունենա:

Վերը նշված բանաձեւը հանդես է գալիս նաեւ Հայաստանին անհրաժեշտ միջոցների տրամադրման օգտին՝ հումանիտար իրավիճակի հետագա կայունացման նպատակով: Այս առումով հանձնաժողովի փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու ծրագրերը, նշել, որ ՀՀ կառավարությունը կարճաժամկետ ծրագրերով խնդիրները լուծել է, սակայն միջնաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով ժողովրդավար երկրների աջակցության կարիքն ունի:

Հանձնաժողովի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանն անդրադարձել են տարածաշրջանային եւ անվտանգային խնդիրներին, երկկողմ մշակութային ու տնտեսական կապերի ակտիվացմանը: Կարեւորվել է Ավստրիայի աջակցությունը վիզաների ազատականացման գործընթացում: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ մեր երկիրը 2018 թվականից հետո ընտրել է ժողովրդավարության ճանապարհը, եւ այս իմաստով եվրոպական ինտեգրումն ու եվրոպական քաղաքակրթությունը Հայաստանում զարգացնելը մեզ համար կենսական նշանակություն ունի: Ըստ նրա՝ Հայաստանի համար ժողովրդավարությունը նաեւ անվտանգության գործոն է: Այս համատեքստում ընդգծվել է եվրոպական երկրների աջակցությունն անվտանգային, տնտեսական եւ ժողովրդավարության հարցերում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ փոխադարձ այցերի ակտիվացմանը, ժողովրդավար երկրների լավագույն փորձի ուսումնասիրությանն ու տեղայնացմանը: Կարեւորվել է երկու խորհրդարանների համանման հանձնաժողովների սերտ համագործակցությունը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի