Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:21 03-08-2023

Մայր Աթոռը Արցախի մասին հայտարարությամբ է հանդես եկել

Հայ Եկեղեցու հայաստանաբնակ եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Արցախի շարունակվող ամբողջական շրջափակումը, դրա հետևանքով ստեղծված աղետալի ծայրահեղ իրավիճակը, ինչը ցեղասպանության դասական դրսևորում է, անելանելիության ծանր զգացումներով են համակել մեր ժողովրդին:

Արցախում սննդամթերքի, դեղորայքի և կենսական այլ առաջնահերթ անհրաժեշտությունների խիստ սակավության պայմաններում ամեն օր տեղեկանում ենք մարդկանց, այդ թվում՝ մանուկների, հղիների և հիվանդների առողջական վիճակի կտրուկ վատթարացման և մահվան ցավալի դեպքերի մասին: Ամբողջական շրջափակմանը զուգահեռ՝ ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրականացնել նաև ահաբեկչական այնպիսի գործողություններ, որոնք էթնիկական զտումների նպատակով Արցախի ժողովրդի շրջանում միտված են մշտական վախի, հուսահատության, անապահովության զգացումներ և Հայրենիքը լքելու տրամադրություններ առաջացնելուն: Հակամարդկային նմանօրինակ գործելաոճի հերթական դրսևորումը տեղի ունեցավ բոլորովին վերջերս, երբ Ադրբեջանի իշխանությունները Բերձորի միջանցքից առևանգեցին Կարմիր Խաչի անմիջական հովանավորության ներքո Արցախից Հայաստան փոխադրվող, առողջական ծանր խնդիրներ ունեցող Վագիֆ Խաչատրյանին՝ կոպտորեն ոտնահարելով Կարմիր խաչի անձեռնմխելիությունը, հեղինակությունն ու մարդասիրական առաքելությունը։

Մեր ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող թշնամական այսօրինակ գործողությունները ոճրագործություն են ոչ միայն Արցախի հայության նկատմամբ, այլև բացահայտ մարտահրավեր՝ ուղղված քաղաքակիրթ ողջ աշխարհին և միջազգային իրավասու կազմակերպություններին:

Կոչ ենք ուղղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդամակցող պետությունների առաջնորդներին՝ ազդու միջոցներ գործադրել և սթափության կոչել Ադրբեջանի իշխանություններին՝ հարգելու և կյանքի կոչելու Միջազգային արդարադատության դատարանի ս.թ. փետրվարի 22-ի միջանկյալ և հուլիսի 6-ի եզրափակիչ որոշումները, պարտադրելով հրաժարվել բիրտ ուժի և ցեղասպան գործողությունների միջոցով խնդիրները կարգավորելու գործելաոճից:

Տարածաշրջանում խաղաղություն չի կարող հաստատվել ի հաշիվ Արցախի ժողովրդի բնաջնջման կամ նրա խաղաղ, անվտանգ ու արժանապատիվ կյանքի հիմնարար իրավունքների ոտնահարման:

Խորապես մտահոգված Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումով՝ կոչ ենք անում գործող իշխանություններին չհրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառություններից և համախմբել պետական ու ազգային ողջ հնարավորություններն ու ներուժը՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ապահով, անվտանգ, ինքնիշխան կյանքի։

Արցախը և արցախահայությունը կյանք ու ապագա չունեն ցեղասպանությունը պետական քաղաքականություն հռչակած Ադրբեջանի կազմում։

Հորդոր ենք ուղղում մեր սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ հոգևոր ողջ դասին, որպեսզի ազգային-եկեղեցական կառույցների իրավասու ներկայացուցիչների հետ ձեռնամուխ լինեն իրենց երկրների պետական, եկեղեցական, դիվանագիտական, հասարակական և լրատվական շրջանակներում ներկայացնելու ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր կացությունը՝ հասնելու համար Արցախի մեր ժողովրդի կենսական իրավունքների իրագործմանը և անվտանգ կյանքի ապահովմանը:

Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին՝ հնարավոր բոլոր միջոցներով և ճանապարհներով միանալ Արցախի փրկության սրբազան գործին:

Աղոթում ենք Արցախի մեր ժողովրդի համար և հայցում Տիրոջ պահպանությունն ու զորակցությունը Արցախի մեր քույրերին ու եղբայրներին՝ ոգով աննկուն մնալու և վճռականությամբ ու միաբանությամբ հաղթահարելու ստեղծված ծանր իրավիճակը և ծառացած հիմնախնդիրները։

Թող Երկնավոր Տերը խաղաղ պահի մեր հայրենիքը և օրհնի համայն մեր ժողովրդի ջանքերը հանուն Արցախի և Հայաստանի բարօրության. Ամեն»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ