Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 23:30 27-06-2023

Պրիգոժինի ապստամբությունը փաստեց, որ ռուսական ուժերի դիմադրողականությունը գտնվում է ցածր մակարդակի վրա

Վերջին օրերին միջազգային հանրության ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ հունիսի 24-ին Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի կողմից բարձրացված ռազմական ապստամբության, դրա ընթացքի և ավարտի վրա։

Պրիգոժինը հունիսի 24-ի առավոտյան հայտարարեց, որ վերահսկողության տակ է վերցրել Դոնի Ռոստովի ռազմական օբյեկտները և որոշել է հասնել Մոսկվա։ Նա մեղադրեց Ռուսաստանի ռազմական ղեկավարությանը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, «ռուս ժողովրդի ցեղասպանության» և Ուկրաինայում ռուսական ռազմական արշավը ձախողելու մեջ, և հայտարարեց «արդարության երթ» դեպի Մոսկվա։

Նույն օրը ուշ երեկոյան Պրիգոժինը և Ռուսաստանի իշխանությունները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ պայմանավորվածություն ձեռք բերեցին, ինչի արդյունքում դադարեցվեց «Վագներ»-ի մարտիկների երթը դեպի Մոսկվա։ Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են կասեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ։

«Վագներ»-ի ղեկավարը, ըստ այդ պայմանավորվածության, պետք է մեկներ Բելառուս, իսկ մասնավոր ռազմական ընկերության վարձկանները՝ դաշտային ճամբարներ։ Ռուսաստանյան իրադարձությունների վերաբերյալ փորձագետների կարծիքները հիմնականում բաժանվում են երկու խմբի. նրանց մի մասը կարծում է, որ այս ապստամբությունն իրականում կազմակերպվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թողտվությամբ` հատկապես ուժայինների շրջանում ներքին թշնամիներին բացահայտելու նպատակով:

Այս տեսակետի կողմնակիցներն իրենց կարծիքը հիմնավորում են այն հանգամանքով, որ Պրիգոժինը փաստացի պատասխանատվության չենթարկվեց և անվտանգության երաշխիքներ ստանալով՝ հեռացավ Բելառուս:

Փորձագետների մյուս մասը պնդում է, որ Պրիգոժինի խռովության հետևում իրականում կանգնած են արևմտյան երկրները, մասնավորապես, ԱՄՆ-ն: Վերջիններիս կարծում են, որ այս ապստամբությունը կազմակերպվել էր, որպեսզի Ռուսաստանի իշխանությունները ներքին խռովությունները ճնշելու համար ռուսական ուժերի մի մասը դուրս բերեն Ուկրաինայի տարածքից, ինչն էլ իր հերթին ուկրաինական ուժերին ճեղքում իրականացնելու և հակահարձակման ժամանակ զգալի հաջողություններ արձանագրելու հնարավորություն կտար:

Միևնույն ժամանակ հատկանշական է, որ երկու տեսակետների կողմնակիցներն էլ կարծում են, որ Պրիգոժինի կողմից բարձրացված ապստամբությունն իրականում պրոյեկտ էր, որը նա չէր կարող իրականացնել սեփական նախաձեռնությամբ։

Փորձագիտական շրջանակները միայն վիճում են՝ արդյոք այդ պրոյեկտը հովանավորվել է երկրի ներսի՞ց, թե՞ դրսից։ Սակայն փորձագետները նաև համակարծիք են, որ անկախ այն բանից, թե այս ապստամբությունն ում կողմից էր հովանավորվել, Ռուսաստանի իշխանությունները, մասնավորապես, նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր դեպքերում չափազանց մեծ գին վճարեց դրա համար։

Մասնավորապես՝ այս մեկօրյա ապստամբությունը փաստեց, որ ռուսական զինված ուժերի դիմադրողականությունը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա։ Բացի այդ Պրիգոժինի գործողությունները ցույց տվեցին, որ եթե Ռուսաստանի ներսում նման ապստամբություն բռնկվի, չկա մի ուժային կառույց, որն ի զորու կլինի դիմագրավել այն։

Նման իրավիճակը չի բխում հատկապես պատերազմական իրավիճակում գտնվող երկրի շահերից, քանի որ սա ուղերձ է նաև ուկրաինական ուժերի համար, որ եթե նրանք կարողանան այդ հատվածում ճեղքում իրականացնել, ապա Ռուսաստանի ներսում անվերահսկելի իրավիճակ կստեղծվի։

Բացի այդ ուշագրավ էր այն հանգամանքը, որ ռուս օդաչուների զոհվելու համար որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։ Սա Ռուսաստանում յուրօրինակ Պանդորայի արկղ է բացել, քանի որ սա յուրօրինակ ուղերձ է հանդիսանալու բոլոր շահագրգիռ կողմերին, որ նման գործողություն իրականացնելու դեպքում հնարավոր է՝ իրենք էլ պատասխանտավության չենթարկվեն։ Կարծում ենք, որ Ռուսաստանում հետագա իրադարձություններից պարզ կլինի, թե ապստամբության վերաբերյալ հնչեցված տեսակետներից ո՞րն է առավել իրատեսական։

Եթե Ռուսաստանի իշխանությունները պաշտոնանկություններ և կադրային ջարդ սկսեն, ապա սրանից կարող ենք ենթադրել, որ Պրիգոժինի ապստամբությունն իրականում կազմակերպվել էր հենց նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ անցանկալի անձանցից ձերբազատվելու համար, իսկ եթե ռուսական կողմը դուրս բերի իր ուժերի մի մասը ուկրաինական տարածքներից, ապա սրանից պարզ կլինի, որ ապստամբությունն իրականացվել էր Արևմուտքի հովանավորությամբ։

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ այս ապստամբությունը ցույց տվեց այն խորքային խնդիրները, որոնց առջև այսօր կանգնած է Ռուսաստանը, և եթե այդ երկրի իշխանությունները լուրջ քայլեր չձեռնարկեն այդ խնդիրները վերացնելու ուղղությամբ, ապա նմանատիպ զարգացումների կրկնությունը չի բացառվում, ինչը կարող է ՌԴ-ում անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

Միևնույն ժամանակ նկատենք, որ այդ խնդիրները լուծելու համար Ռուսաստանից բավականին երկար ժամանակ կպահանջվի, քանի որ դրանք նոր չեն առաջացել և տասնամյակներ շարունակ մատնված են եղել անուշադրության։








Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին