Ներքին 3 տարի առաջ - 20:55 07-04-2023

Խորհրդարանում նշվել է ճապոնական Հանամի տոնը

Խորհրդարանի այգու մի գողտրիկ անկյունում, որտեղ ծաղկում են հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող սակուրաները, ապրիլի 7-ին նշվել է ճապոնական մշակույթի հետաքրքիր մաս կազմող Հանամի տոնը: Հանամին ծաղկած սակուրաների ծաղիկների գեղեցկությամբ հիանալու լուսավոր տոն է: Ճապոնացիները մեծ խանդավառությամբ են նշում այս տոնը, պահում երազանքներ, հիանում ծաղկած բալենու գեղեցկությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ-ից, միջոցառմանը մասնակցել են Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամները, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ, այլ հրավիրյալներ:

Ողջունելով ներկաներին` ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-ճապոնական բազմոլորտ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը:

«Օգտվելով առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսքեր հղել Ճապոնիայի կառավարությանը` Հայաստանին այս տարիների ընթացքում ցուցաբերած եւ շարունակվող աջակցության համար: Ճապոնիան Հայաստանի համար շատ կարեւոր գործընկեր է, եւ սրանք պարզապես խոսքեր չեն»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման ելույթ է ունեցել հայերենով: Դեսպանը հայ կանանց եւ աղջիկներին շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ` մաղթելով երջանկություն, առողջություն եւ հաջողություն: Դեսպանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին` տոնն ավանդաբար ԱԺ այգում նշելու համար:

«Այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Ճապոնիայից բերված սակուրաները տնկվել են Ազգային ժողովի այգում` որպես մեր երկրների միջեւ բարեկամության խորհրդանիշ: Այս գեղեցիկ ծառերը տարեցտարի աճում եւ ծաղկում են ճիշտ այնպես, ինչպես զարգանում են հայ-ճապոնական հարաբերությունները»,- ասել է Մասանորի Ֆուկուշիման:

Ծագող արեւի երկիրը խորհրդանշող ճապոնական բալենիները խորհրդարանի այգում տնկվել են 2015 թվականի մայիսին` ի նշան երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների: Այդ տարի նշվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ եւ ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման 70-րդ տարելիցը:

«Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հիմնադիր նախագահ Աննա Վարդանյանը նշել է, որ ԱԺ այգում Հանամին նշելը, իսկապես, ավանդույթ է դարձել, որն այս տարի համընկել է հայկական պայծառ տոնի` Աստվածամոր Ավետման տոնի հետ:

Աննա Վարդանյանն անդրադարձել է կենտրոնի` նախորդ տարի կատարած աշխատանքներին` նշելով, որ այդ տարի լրացել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Կենտրոնը կազմակերպել է տարբեր միջոցառումներ, տպագրել գրքեր հայերեն եւ անգլերեն լեզուներով: Տպագրված գրքերից մեկը «Հայ-ճապոնական էսքիզներն» է, որը նոր, հետաքրքիր էջեր է բացում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Գիրքը տպագրվել է անգլերենով:

«Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության պատվավոր նախագահ, ԱԳՆ Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանն անդրադարձել է Հանամիի խորհրդին, որը Ճապոնիայում լավ առիթ է՝ իրար հետ շփվելու, բարեկամանալու, մտորելու եւ միմյանց լավ խոսքեր հղելու՝ վայելելով գարնան զարթոնքն ու բնության գեղեցկությունը:

«Մեզ եւ ճապոնացի ժողովրդին միավորում է մի շատ կարեւոր հանգամանք. այն ժողովուրդները, որոնք հարգում եւ կարեւորում են սեփական պատմամշակութային մտավոր ժառանգությունը, նրանք միշտ ապագա ունեն»,- խոսքն ամփոփել է Արսեն Առաքելյանը:
ԱԳՆ Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Սուրեն Բաղդասարյանն անդրադարձել է հայ-ճապոնական միջկառավարական կապերին եւ նշել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարեւոր տեղ ունեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ հանդիսանալով ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջնահերթություններից մեկը: Ըստ նրա՝ վերջին տասնամյակներում Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված տեխնիկատնտեսական աջակցությունը որոշակիորեն նպաստել է մեր երկրի կարողությունների բարձրացմանը:

Միջոցառումն ամփոփվել է «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի սաների գեղեցիկ կատարումներով: Երեխաներն ազգային նվագարաններով հնչեցրել են հայկական եւ ճապոնական ավանդական երաժշտություն, իսկ սակուրաները զարդարվել են կռունկ-օրիգամիներով` խորհրդանշելով խաղաղություն:

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում