Ներքին 3 տարի առաջ - 22:21 22-03-2023

Ալլա, դու ինձ համար թանկ մարդ ես, ու ես պետք է ասեի քեզ, որ Վահրամը էլ չկա․ Վազգեն Սարգսյանը դիմել է բժիշկ-ազատամարտիկին

Ալլա Նիկողոսյանը իր առաքելությունն է համարում մարդկանց օգնելը։ 1988 թվականին երկրաշարժից տուժածներին էր օգնում․ հոգին ցավում էր, բայց բժշկուհին չէր կարող չգտնվել ամենածանր հատվածներում, երբ փլատակներից, օգնության հույսով, վիրավոր հայեր էին դուրս բերվում։ Հետո արդեն ամուսնուն մենակ չէր կարող թողնել, ու միասին միացան հանուն Արցախի պայքարին։



«Գնացինք Սյունիք ու միացանք «Սիսական» ջոկատին։ Չորս տարի սանմասի ղեկավար եմ եղել։ Իմ անցած ճանապարհի մասին խոսում է հայտնի հրամանատարների կողմից վավերացված մարտական ուղիս։ Ամուսինս սյունեցի էր ու պետք է պահեր իր հողն ու ջուրը։ Ես լոռեցի եմ, բայց գիտակցեցի․ որտեղ ամուսինս, այնտեղ՝ ես։ Ինձ պատերազմի դաշտ տարավ արյան կանչը․ արմատներս Մուշից ու Ալաշկերտից են․ պապս Զորավար Անդրանիկի զինվորն է եղել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկ» ՌԲՀԿ փոխնախագահ Ալլա Նիկողոսյանը։

Ալլա Նիկողոսյանը միշտ եղել է զինվորների կողքին։ Հարազատի պես խնամել է վիրավորներին․ «Ինձ հաճախ հարցնում են՝ ինչո՞ւ են ազատամարտիկները Ձեզ սիրում, տիկին Ալլա։ Ես պատասխանում եմ՝ որովհետև երբ վիրավոր էին բերում՝ 2-րդ կարգի արյան կարիք ունեցող, ես թևս դեմ էի տալիս։ Արդեն արյուն էլ չէր մնացել մեջս»։



Բժշկուհի ազատամարտիկը ասում է, որ իր պայքարը այլ կերպ է դրսևորվել։ Նա զենքը ձեռքին չի գնացել առաջնագիծ։ Նրա մոտ միշտ առաջին օգնության պարագաներն էին։

«Ես ամենուր եղել եմ․ մարտական ուղիս՝ Մարտակերտ, Քարվաճառ, Լաչինի ազատագրում, Սյունիքի սահմանամերձ շրջաններ և այլն։ Զենք եմ տեղափոխել, սնունդ եմ տեղափոխել։ Երբ Չարենցավանում սկսեցին զենք արտադրել՝ տեղափոխել եմ։ Ես համարվում եմ բժիշկ-ազատամարտիկ»,- պատմում է։

«Մարտակերտից եկանք Սիսիան, չորս գերի ունեինք։ Գերիներին բուժում էի, որ մեր տղաների հետ փոխանակենք։ Զանգեցին ու ասացին, որ Վազգեն Զավենիչը կանչում է։ Ասում եմ՝ ես նոր եմ եկել, բայց եկա Երևան, որ տեսնեմ՝ Սպարապետը ի՞նչ է ասում։ Եկավ Երևան, գրկեց ու ասեց՝ Ալլա դու ինձ համար թանկ մարդ ես, ու ես պետք է ասեի քեզ, որ Վահրամը էլ չկա»,-ամուսնու մահվան մասին առաջին լուրն է հիշում տիկին Ալլան։

Ասում է՝ ամուսինը հատուկ հանձնարարություններ է կատարել և պատվով։ Վահրամ Մկրտչյանը հայրենապահ և ընտանիքասեր անձ է եղել։ Ալլա Նիկողոսյանը և Վահրամ Մկրտչյանը երկու զավակ են ունեցել՝ դուստր և որդի։



«Ամուսինս զոհվեց։ Ես 20 տարի արդեն «Ազատամարտիկ» ՌԲՀԿ կառույցի փոխնախագահն եմ և իմ առաքելությունը շարունակում եմ։ Որդիս 44-օրյա պատերազմի մասնակից է։ Թոռնուհիս՝ Գևորգիս աղջիկը, ԵԿՄ անդամ է։ Վեց տարեկանում Վազգենի գերեզմանի մոտ երդում է տվել ու պահելու է իր երդումը»,-ասում է ազատամարտիկ-բժշկուհին։

Ալլա Նիկողոսյանը ընդգծում է՝ ինքը հավատարիմ է իր արյան կանչին․ «Ես գաղթականի թոռ եմ և չեմ ցանկանում, որ իմ թոռներն էլ գաղթական դառնան»։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում