Ուղիղ եթեր
Ներքին Միտք 3 տարի առաջ - 15:07 21-03-2023

Միջազգային հարաբերություններում տարածված «ինտեգրում» եզրույթը մեր պարագայում նշանակում է կամավոր կապիտուլյացիա

Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրը
Եզրույթների օգտագործումը կարևոր դեր է խաղում քաղաքականության մեջ, և դրանց չկշռադատված կիրառումն ունակ է կանխորոշելու բանակցությունների արդյունքները։ Նաև այդ պատճառով է, որ եզրույթների մասին չեն վիճում, դրանց վերաբերյալ պայմանավորվում են։

Միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակմանը զուգընթաց Ադրբեջանը ցեղասպանություն ու էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքով Արցախի Հանրապետության քաղաքացիներին առաջարկում է ինտեգրվել իր կազմում։

Արցախի կողմից ինտեգրման օրակարգի ընդունումն ի սկզբանե կնշանակեր ոչ միայն օտարում իր իսկ ինքնիշխանությունից ու օրինական իրավունքներից, այլև հրաժարում Արցախի բնիկ հայ ժողովրդի՝ սեփական Հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իղձից։ Միջազգային հարաբերություններում ներկայումս բավականին տարածված «ինտեգրում» եզրույթը մեր պարագայում նշանակում է կամավոր կապիտուլյացիա։

Պաշտոնական Բաքուն նույնիսկ փորձում է շրջանառության մեջ դնել «ինտեգրում» եզրույթի մեկ այլ տարբերակ՝ «վերաինտեգրում», ինչը նշանակում է Արցախի վերադարձ Ադրբեջանի կազմ։ Սակայն քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այլ Խորհրդային Ադրբեջանին ենթարկեցվել է երրորդ կողմի կուսակցական մարմնի՝ Ռուսաստանի բոլշևիկների կուսակցության Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ։ Ադրբեջանի հետ Արցախի հարաբերությունների մասին ցանկացած դատողություն իմաստ ունի միայն բոլշևիկների որոշման ու հետագայում ընդունված ԽՍՀՄ սահմանադրության համատեքստում։

1991 թվականին խորհրդային սահմանադրության գործողության դադարեցումը փակել է այս թեման։ Ի հայտ է եկել ինքնորոշված Արցախի Հանրապետության նկատմամբ ինքնահռչակ Ադրբեջանական Հանրապետության ապօրինի հավակնությունների խնդիրը։

Վերաինտեգրման մասին խոսելուց առաջ ժանգոտվող «երկաթե թաթերով» հայտնի «թղթե վագրը» նախևառաջ պետք է կարողանա վերականգնել Խորհրդային Միությունը։ Եթե ի զորու չէ դա անել, ապա մնացյալը բլեֆ է ու խեղաթյուրանք։

Այսօր միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի ապօրինի շրջափակման 100-րդ օրն է։ Վստահ եմ, որ հարկ եղած դեպքում Արցախի ժողովուրդը կդիմանա անգամ 1000 և ավելի օր, բայց չի հրաժարվի իր օրինական կոլեկտիվ իրավունքներից ու իր ինքնիշխանությունից։ Ճիշտ որոշումների կայացման և առկա ներուժի խելամիտ օգտագործման միջոցով մենք դուրս կգանք մեզ պարտադրված ճգնաժամից ավելի ամրակուռ ու ավելի ուժեղ։ Լավատեսության համար հիմքերն ավելի քան բավարար են։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
20:00 «Պիղծը» հաղթեց «սրիկայաբարին». բարեկրթությունն ավարտված է
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային

Ձեզ գուցե հետաքրքրի