Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 23:57 19-03-2023

Հովսեփ Օրբելի. գիտության հսկան

1887 թվականի մարտի 20-ին ծնվել է արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս և առաջին նախագահ, Լոնդոնի հնագիտական ընկերության պատվավոր անդամ, Իրանի ԳԱ թղթակից անդամ Հովսեփ Օրբելին։

Աբգար Օրբելու որդիներից կրտսերը` Հովսեփ Օրբելին Թիֆլիսի երրորդ արական գիմնազիան ավարտել է Ոսկե մեդալով, ապա ընդունվել Սանկտ Պետերբուրգի Կայսերական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։

Ուսանողական տարիներին միանգամից տարվելով Արևելքով` Հայաստանի, Վրաստանի, Իրանի պատմությամբ ու մշակույթով զուգահեռ սովորել է նաև համալսարանի Արևելյան լեզուների ֆակուլտետում:

Օրբելին փայլուն կերպով ավարտելով Արևելյան լեզուների ֆակուլտետը մեկնել է Անի` մասնակցելու քաղաքամայր Անիի պեղումներին։ Դառնալով Նիկողայոս Մառի ամենամերձավոր աշխատակիցը` նա այլ պարտականությունների հետ մեկտեղ տնօրինել է Անիի հնադարանը: Օրբելին պատրաստել և «Անիի շարքում» հրատարակել է պեղվող քաղաքի ուղեցույցը, ապա կազմել հնադարանում պահվող նյութերի գիտական ցուցակը։ Հնագետի նրա գործունեությունը իհարկե չի սահմանափակվել միայն Անիով։




Նա պեղումներ է կատարել նաև Վանում, Գառնիում, Ախթամարում, Ամբերդում, Դաղստանում: Արդյունքում ծնվել է «Ախթամար» հիմնարար աշխատությունը, Արևմտյան Հայաստանի միջնադարյան պատմական հուշարձանների ուսումնասիրությունը: Օրբելու գրական ժառանգությունը վկայում է նրա բացառիկ գիտելիքները լեզվի, բանահյուսության, պատմության, հնագիտության, ազգագրության և արվեստի պատմության բնագավառներում:

Հովսեփ Օրբելու կյանքի հերոսական էջերը կապված են Էրմիտաժի հետ։

1920-ից մինչև 1951 թվականը նա աշխատել է Պետական Էրմիտաժում` սկզբում որպես ֆոնդապահ, այնուհետև Արևելքի բաժնի հիմնադիր և վարիչ, իսկ 1934-ից` Էրմիտաժի տնօրեն: Սա եղել է թանգարանի ստեղծագործական և կազմակերպչական վերելքի ժամանակը։

Օրբելին կազմակերպել է թեմատիկ ցուցահանդեսներ, գիտական նստաշրջաններ, գիտաժողովներ և կոնգրեսներ: Մեծ գիտնականն ու սրտացավ տնօրենը երկու անգամ, կարելի է ասել, փրկել է համաշխարհային մշակութային ժառանգությունն ու հոգևոր հարստությունը։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբում նա անձամբ ղեկավարել է Էրմիտաժի գանձերի տարհանումը, իսկ պատերազմից հետո դրանց հետ տեղափոխման աշխատանքները: Այնուհետև նույն այդ ժառանգությունը փրկել է մշակութային արժեքների ստալինյան առքուվաճառքի տխրահռչակ որոշումից։



Օրբելին ղեկավարել է Լենինգրադի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը: Հիմնել է ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի Լենինգրադյան բաժանմունքը: Նա հիմնադրել է և եղել է Հայկական ԽՍՀ ԳԱ առաջին նախագահը չորս տարի շարունակ: Այդ տարիներին նա իրականացրել է հսկայական գիտակազմակերպչական աշխատանքներ` միավորելու Հայաստանի գիտական և գիտամանկավարժական ուժերը:

Այս թեմային առնչվող մի հրաշալի հուշ ունի Ռուբեն Զարյանը։

1957-ին, երբ Ակադեմիայում ծրագրում են բացել Արվեստի ինստիտուտը, ապագա տնօրեն Ռուբեն Զարյանը մեկնում է Լենինգրադ խորհրդակցելու Հովսեփ Օրբելու հետ։ Զարյանն պատմում է.

«Ուշադիր լսեց, հավանություն տվեց և ասաց.
- Իմ խորհուրդը ձեզ։
Եվ գործունեության մի ամբողջ ծրագիր գծեց իմ առջև։
Հատուկ ուշադրություն դարձնել ճարտարապետության պատմությանը. որքան կարելի է` շատ երիտասարդներ պատրաստել, նյութի ընդգրկումը լայն է և աղերսները համաշխարհային արվեստի հետ շատ մեծ են։

Մեկ էլ` մանրանկարչությամբ զբաղվողներ պատրաստել։ Մի մարդու ուժերը երբեք բավարար չեն կարող լինել, այն էլ եթե հայերեն չգիտի։ Մեծ ուշադրություն գրաբարին, բոլոր աշխատակիցները պետք է անպայման գրաբար իմանան։

Մի կարճ դադարից հետո ասաց, թե թատրոնի ուսումնասիրությունն անհրաժեշտ է նույնպես, բայց այդպիսի լայն հնարավորություններ չունի։ Հետո ասաց, որ երաժշտագետների թիվը բավական մեծ է և լավ կլինի մղել նրանց դեպի ժողովրդական երգերի հավաքում։ Երբեք չպետք է մոռանալ, որ ամեն անցնող օր իր հետ անվերադարձ տանում է մի երգ։

Լավ հիշում եմ նրա մի խորհուրդն էլ. աշխատակիցներին հարկավոր է մղել դեպի հարցի կոմպլեքսային քննություն, գեղարվեստական կյանքի լայն զուգորդումներով, հայրենականը միշտ դիտել համաշխարհային երևույթների ընդհանուր շղթայի մեջ»։

Այս փոքրիկ հուշը հրաշալի ներկայացնում է մեծ գիտնականի հզոր ու լայն մտահորիզոնը։



Օրբելին «ձեռքի հետ, ոտքի վրա» ամբողջական մի հայեցակարգ է կազմել Արվեստի ինստիտուտի համար, որը բոլոր ժամանակներում արդիական է, սակայն, ցավոք` չկիրառված։

Կես դարից ավելի գիտությանը ծառայած Օրբելին հայ ժողովրդին և աշխարհին պարգևել է հնագիտական, աղբյուրագիտական, բարբառագիտական մեծ ու փոքր, փայլուն և մնայուն աշխատություններ։ Նրա յուրաքանչյուր աշխատությունից կարելի է առանձնացնել այսօրվան և վաղվան ուղղված պատրաստի պատմամշակութային ռազմավարական ծրագրեր, նախագծեր, ուղեցույցեր, որոնցից յուրաքանչյուրի մեջ ճառագայթում է տաղանդավոր գիտնականի լուսավոր միտքը և մեր հնամենի մշակույթի գոյատևման պատրաստի բանաձևերը։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին