Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 23:01 27-12-2022

Սուրբ Խաչ հայոց եկեղեցին Վենետիկում

Իտալիան այն երկիրն է, որտեղ հին ժամանակներից հաստատվել են հայերը` իրենց մասնակցությունը բերելով այդ երկրի հասարակական և մշակութային կյանքին։ Դեռևս անտիկ շրջանի բանաստեղծներ Վերգիլիոսն ու Օվիդիոսն իրենց ստեղծագործություններում հիշատակել են Հայաստանը։ Իտալական գրեթե բոլոր քաղաքներում հայկական մի հետք հնարավոր է գտնել, սակայն այդ առումով առաջատարը Վենետիկն է, որտեղ հայերի ներկայությունը, մշակույթն ու հայկականությունը ամենաշատն է հանդիպում։ Դրանցից ձեզ համար առանձնացրել ենք մեկը` Վենետիկի Սուրբ Խաչ հայոց եկեղեցին։



Վենետիկի հպարտությունը համարվող Սան Մարկո հրապարակի հարևանությամբ է գործում Սուրբ Խաչ եկեղեցին, որը Եվրոպայում գործող ամենահին հայկական եկեղեցին է։ Այն գտնվում է Կալլե դեի Արմենիում, կամ Հայոց նրբանցքում, որի մաս կազմող դալանաձև մուտքը տանում է ընդհանուր մի սրահ՝ առանձին մուտքերով դեպի եկեղեցի և հյուրատուն։



Հայերի փաստացի ներկայությունը Վենետիկում հին պատմություն ունի։ Այստեղ հայերը հայտնվել են 12-րդ դարում, իսկ 13-րդ դարում արդեն կար լավ ձևավորված հայկական համայնքը, որը հիմնականում բաղկացած էր առևտրականներից։ Շատ կարճ ժամանակում հայ համայնքը դարձավ Վենետիկի ամենահարուստ, կայուն ու գործարար համայնքներից մեկը։



1253 թվականին վենետիկցի ազնվական Մարկո Ձիանին Սան Ձուլիան թաղամասում իրեն պատկանող տունը կտակում է տեղի հայերին, որպեսզի նրանք օգտագործեն որպես հյուրատուն։

1496 թվականին հայ համայնքին թույլատրվում է հյուրատան կողքին Սուրբ Խաչին նվիրված խորան և մատուռ կանգնեցնել։ Հայ ճանապարհորդ Սիմեոն Լեհացին իր գրառումներում հիշատակում է Վենետիկի սրտում գործող հայկական իջևանատունն ու Սուրբ Խաչ եկեղեցին։ Եկեղեցու մասին նա գրում է, որ կառույցը ներառում է նաև հյուրերի համար սենյակներ, սեղանատուն և վանականների խցեր։



1682 թվականին Միրման ազդեցիկ ընտանիքից մի հարուստ վաճառականի թույլատրվեց մեծացնել մատուռը՝ դարձնելով այն մեծ եկեղեցի՝ օժանդակ փոքր զանգակատնով։ Եկեղեցին հիմնովին վերակառուցեց ճարտարապետ Անտոնիո Պաստորը և իր դռները բացեց համայնքի անդամների առաջ 1688 թվականին։



1740 թվականին սեփականության կառավարումը վստահվեց Վենետիկի ծովածոցի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության հայ վանականներին։

Երկար ժամանակ Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվն է եղել նշանավոր փիլիսոփա, բանաստեղծ Խաչատուր Էրզրումցին։

Եկեղեցին երեք խորանները նկարազարդել են վենետիկյան բարոկկոյի նկարիչները։ Կենտրոնական խորանը նվիրված է Սուրբ Խաչին, որմնանկարը կոչվում է «Սուրբ խաչի գյուտը», որի նկարիչը Անդրեա Չելեստին է։ Աջակողմյան խորանը՝ նվիրված է հայ եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորչին։ Այստեղ նկարիչ Գրեգորիո Լացարինին պատկերել է «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին ու նրա կնոջը»։ Իսկ ձախ կողմի խորանին կրկին Անդրեա Չելեստիի հեղինակած Աստվածամոր Վերափոխման տեսարանն է։ Առաստաղը զարդարող ավետարանիչների և տերունական պատկերների շարքը վերագրվում է Ալբերտո Կալվետիին։



Վենետիկի Սուրբ Խաչ եկեղեցում են ամփոփվում բազմաթիվ նշանավոր բարերարների և հոգևորականների աճյունները, որոնց շարքում է եկեղեցու կառուցող Միրմանը։ Նրա շիրմաքարն առանձնանում է տպավորիչ արձանագրությամբ․ «Ապրեց ինչպես առյուծ, մեռավ ինչպես կարապ և վեր կհառնի իբրև փյունիկ»։


Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին