Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:44 14-12-2022

ՔՊ-ն ընդունեց իր հեղինակած նախագիծը՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարության նախագիծը։
Նախագծին կողմ քվեարկեց 57 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահ չկար։

Նշենք, որ նախագծի քննարկմանն ու քվեարկությանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին․ նիստի սկզբում նրանք լքել էին դահլիճը՝ նշելով, որ իրենց տեսակետը կներկայացնեն հանրահավաքին։

ՔՊ-ի նախագիծը հետևյալն էր․

«2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը ԼՂ-ին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ԼՂ-ին զրկել արտաքին աշխարհի հետ կապից:

Սադրանքի նախապատրաստման համար Ադրբեջանը տևական ժամանակ ստեղծում էր քարոզչական կեղծ պատրվակներ: Այս ծայրահեղ սադրիչ և պայթյունավտանգ գործողության հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, մնացել են ցուրտ ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում:

Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից: Խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները:

120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում:

Ահագնացնելով սադրիչ և հակամարդկային գործողությունները՝ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը փակել է ԼՂ-ն բնական գազով մատակարարող խողովակի փականը, որը տեղադրել էր 2022 թվականի մարտի 7-ին խողովակը պայթեցնելուց հետո:

Ստեղծված իրավիճակում գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից:

Ադրբեջանի վերոնշյալ գործողությունների հետևանքով ԼՂ-ում հումանիտար աղետ է սկսվում, կոպտորեն խախտվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ԼՂ հայերի անվտանգությունը հայտնվել է ուղիղ սպառնալիքի ներքո: Այս ամենը հերթական ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը ԼՂ հայության նկատմամբ որդեգրել է ցեղասպանության քաղաքականություն:

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները ԼՂ հայության գոյաբանական վտանգն ավելի առարկայական են դարձնում:

Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանն ուղղակիորեն ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, որոնց համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՌԴ-ին կոչ ենք անում իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակղմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրականացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:

Միջազգային հանրությանը կոչ ենք անում խստորեն և հասցեական կերպով դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար:

Ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկումը կամ վերագործարկումը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող և անդամ երկրներին կոչ ենք անում հումանիտար իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել ԼՂ»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին