Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 22:10 03-12-2022

Թիֆլիսի Ներսիսյան դպրոցն ու իր հայտնի աշակերտները

1824 թվականին դեկտեմբերի սկզբին բացվեց Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Սա Կովկասում հայկական առաջին դպրոցն է, որը գործել է մեկ ամբողջ դար։ Դպրոցի հիմնադիրը Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցին էր։ Սկզբում Թիֆլիսի հայոց ուսումնարան կոչվող այս հաստատությունը հետագայում վերանվանվեց հիմնադրի անունով` Ներսիսյան դպրոց։



Իր գործունեության առաջին տարում կրթօջախն ուներ 3 դասարան, հետագայում դրանց թիվը հասել է 5-ի՝ մոտավորապես 360 աշակերտով։ Ճեմարանի առաջին տեսուչը եղել է Հարություն քահանա Ալամդարյանը, ում տեսչության շրջանը պատմության մեջ հայտնի է «դար Ալամդարյան» անունով։

1843 թվականին, երբ Ներսես Աշտարակեցին կաթողիկոս ընտրվեց, նա մեծ ջանքեր գործադրեց` իր ստեղծած կրթօջախը շենացնելու, ճեմարանի նոր շենքը կառուցելու և վարժարաը կայացնելու համար։

1877 թվականին դպրոցը դարձավ լրիվ միջնակարգ, որից հետո այստեղ սովորել ցանկացողների թիվն ավելացավ և հարկավոր եղավ նոր շինություն կառուցել։ Շինությունը սկսեցին կառուցել 1909-ին, սակայն ո՛չ այն տեղում, որտեղ նախկին շենքն էր, այլ Արսենալի լեռան վրա։ Շինության նախագծի հեղինակը պետերբուրգցի ճարտարապետ Լիմկուրն էր, իսկ կառուցման ծախսերը հոգացել է հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանցը։ Ի դեպ, այդ շինությունն այդպես էլ իր ավարտուն տեսքը չստացավ։



Իր գոյության հարյուր տարվա (1824-1924) ընթացքում Ներսիսյան դպրոցը տվել է գրականության ու արվեստի, մանկավարժության ու գիտության, գյուղատնտեսության, արդյունաբերության ու առողջապահության բնագավառներում հայտնի շուրջ 2 հազար անհատներ։ Այս շարքում է Խաչատուր Աբովյանը, ով առաջին 11 շրջանավարտներից էր։ Նա իր տասը դասընկերների հետ 1825-ի վերջերին մասնակցել է հանդիսավոր ավարտական քննություններին` ստանալով դպրոցի առաջին ավարտական վկայականը:



1853 թվականին Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նախավերջին դասարան է ընդունվել Ղազարոս Աղայանը։ Քաղաքային կյանքը և առաջադիմական գաղափարները վճռական նշանակություն են ունեցել նրա մտավոր զարգացման գործում։ Մեկ տարի անց Աղայանը ինքնակամ հեռացել է դպրոցից։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։



Պերճ Պռոշյանը այս դպրոցն ավարտել է 1856 թվականին։ Հենց այստեղ են ձևավորվել նրա ազգային–դեմոկրատական ըմբռնումները՝ դպրոցի տեսուչ Պ. Շանշյանի ազդեցությամբ։ 1859-ից Պռոշյանը Ներսիսյան դպրոցում աշխատել է որպես նախապատրաստական դասարանի ուսուցիչ։ Ճեմարանի սաներին նա դասավանդել է հայոց լեզու և գրականություն։

Դերենիկ Դեիրճյանն այս դպրոցն ավարտել է 1898 թվականին։ Թե ինչ հետևանքներ ու արդյունք է ունեցել կրթօջախը գրողի կյանքում, վկայում է նրա թողած գրական հսկա ժառանգությունը, որը բարձր գնահատելով` Եղիշե Չարենցը գրել է. «Ես թախանձագին կերպով կխնդրեի մեր գրողներին, որպեսզի ուսումնասիրեն Դեմիրճյանի գրվածքները։ Ինչպես Գորկին է Չեխովի մասին ասել` «Ես կուզենայի ուսումնասիրել այն ամբողջը, ինչ ստեղծել է Չեխովը», նույնն էլ անհրաժեշտ է ասել Դեմիրճյանի վերաբերյալ»։

Ներսիսյան դպրոցում են սովորել նաև քանդակագործ Երվանդ Քոչարն ու ճարտարապետ Կարո Հալաբյանը։ Այս մասին իր հուշերում Երվանդ Քոչարի որդին` Հայկազ Քոչարը գրում է. «Ներսիսյան դպրոցը ազգային ոգու դարբնոց էր։ Թիֆլիսը` կամավորական շարժման կենտրոններից մեկը։ Քոչարը և Հալաբյանը չէին կարող անտարբեր լինել ազգային խնդիրների նկատմամբ։

Եվ ահա, 1918 թ. նրանք կամավորական գումակի հետ հասնում են Էրզրում։ Սակայն քաղաքը հանձնելու որոշումն արդեն կայացված էր, և ստիպված վերադառնում են Թիֆլիս»։
Ներսիսյան դպրոցի մյուս հայտնի աշակերտը բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է, ով 1883-ին ընդունվել է դպրոցի 2-րդ դասարան։ Ուսումնառությունը տևում է մոտ երեք տարի, որի ընթացքում նա ձեռք է բերում գիտելիքների հարուստ պաշար` հատկապես հումանիտար գիտությունների ասպարեզում:



Թումանյանի ուսման տարիներին գրված առաջին բանաստեղծություններից մեկի մասին բանաստեղծը հիշատակում է իր «Ինքնակենսագրություն» հոդվածում։

Հոգու՛ս հատոր,
Սրտի՛ս կտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կա՛ն դասեր,
Կա՛ նաեւ սեր,
Եվ ի՞նչ զարմանք,
Ի՛մ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սրտում՝
Դաս է սերտում:

Այսպիսի մեծ ու տաղանդավոր անհատներ կրթած ու ձևավորած այս դպրոցում աշխատում էին, բնականաբար, նույնքան մեծ ու նվիրյալ մտավորականներ։ Այստեղ դասավանդել են Հովսեփ Շիշմանյանը` Ծերենցը, Գ. Բարխուդարյանը (Շիլլերի թարգմանիչ), բանասեր Կ. Կոստանյանը, ճանաչված թարգմանիչ և մանկավարժ Փ. Վարդանյանը։ Իսկ երաժշտություն և երգեցողություն է ուսուցանել հայտնի կոմպոզիտոր Մակար Եկմալյանը։ Ավելին` նա ճեմարանում ստեղծել է տղամարդկանց բարձրակարգ երգչախումբ։



1924 թվականին Ներսիսյան դպրոցն ավարտեցին նրա վերջին՝ 25 շրջանավարտները, 1925-ին Ներսիսյան դպրոցը վերածվեց աշխատանքային դպրոցի:



Նաիրա Եղիազարյան




Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին