Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:23 10-11-2022

Առաջիկայում Վայոց Ձորը Սյունիքին կապող հիմնական ճանապարհին նույնպես ամեն երրորդ մեքենան հայտնվելու է ադրբեջանական կրակահերթի տակ․ Խ․ Հարությունյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո՝ հատկապես այս օրերին, առաջացել է գույքագրում կատարելու օբյեկտիվ անհրաժեշտություն։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Անդրադարձավ հայտարարության ստորագրումից 2 տարի անց մեր երկրում առկա իրավիճակին։

«Ցավոք սրտի, մենք որևէ էական դրական բան չենք կարող արձանագրել։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս իշխանությունների այն ենթադրությունները, թե «այդ կերպ մենք կասեցնում ենք լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքը, հնարավորություն ենք ստանում հասկանալի ու ընկալելի փոխհարաբերությունների շրջան բացելու, որի արդյունքում մենք պետք է նախադրյալներ ստեղծեինք լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետագա ընթացքը բացառելու և խաղաղ զարգացման համար», այդպես էլ իրականություն չդարձան։ 44-օրյա պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետությանն ու հանրությանն ուղղված սպառնալիքները ոչ միայն մնացին, այլև ձևավորվեցին կործանարար սպառնալիքներ՝ նաև Հայաստանի Հանրապետությա՛ն պետականության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության առումով։ Սկսած 2021 թվականի մայիսի 12-ից՝ մինչև 2022 թվականի 13-14-ը մենք տեսել ենք, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը հետևողականորեն ու քայլ առ քայլ գրավում հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայված ռազմավարական կարևորության բոլոր բարձունքները»,- ասաց նա։

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այս գործողություններին դիմագրավելու համար որևէ հստակ ու արդյունավետ պոտենցյալ չեն ձևավորել։

«Մենք բոլորս հիշում ենք վարչապետ Փաշինյանի այն մեկնաբանությունը, որ նա արեց՝ հիմնավորելու համար 2020 թվականի դեկտեմբերի 14-ի իր որոշումը։ Նա ասել էր, որ կար բանավոր ըմբռնում առ այն, որ մեր զորքերը, Կուբաթլուի տարածքից հետ քաշելով, թշնամուն զիջելով հարավային սահմանի ևս 12-15 կմ տարածք, իր խոսքով, իրենք կասեցնելու էին ռազմական գործողությունների՝ Սյունիք հասնելու հնարավորությունը։ Արդյո՞ք մենք դա տեսանք, իհարկե ո՛չ։ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածի բռնազավթում՝ ադրբեջանցիների կողմից, որին Հայաստանի իշխանությունները վերաբերվում էին շատ մեծ ըմբռնումով։ Ես հիշում եմ, որ ԱԱԾ պետը՝ գեներալ Աբազյանը Ճակատենի անմիջապես մուտքի մոտ ադրբեջանական հենակետի կամ անցակետի տեղադրումն անվանեց բցառապես հետևյալ կերպ՝ դա իրենց տարածքն է, և իրենք կարող են անել այնպես, ինչպես անհրաժեշտ են գտնում։ Հարց է առաջանում․ եթե դեռ սահմանազատումն արված չէր, ինչի՞ց ելնելով էիք դուք գտնում, որ դա իրենց տարածքն է»,- ասաց նա։

Նախկին վարչապետը հատուկ ուշադրություն հրավիրեց, իր խոսքով, ամենակարևոր փաստի վրա։ Ըստ նրա՝ հայկական կողմի այս գործելաոճով Ադրբեջանը ռեալ հնարավորություն ստացավ՝ անշրջելի դարձնելու իր ռազմական հաջողությունները։

«Նա հնարավորություն ստացավ անշրջելի դարձնելու նաև Հայաստանի վրա անընդհատ ճնշում գործադրելու նպատակով հայ-ադրբեջանական շփման գծի բոլոր ռազմավարական կարևորության բոլոր բարձունքները գրավելու առումով։ Այսօր Սյունիքի բնակիչների ճնշող մեծամասնությունը Գորիսից Կապան այլևս չի գնում նախկին ճանապարհով։ Այսինքն՝ մենք զիջեցինք մի հսկայական տարածք»,- ասաց նա։

Այս ամենից արդյունքում, ըստ Խոսրով Հարությունյանի, մարդկային ու տարածքային կորսուտների հետ մեկտեղ Հայաստանը հայտնվեց թշնամական Ադրբեջանի անուղղակի ռազմական ճնշման նշանառության տակ։

«Վերջին իրադարձությունների արդյունքում, երբ նրանք գրավեցին Ջերմուկի բարձունքները, ըստ էության, դա արեցին՝ նշանառության տակ վերցնելով Վայոց Ձորը Սյունիքի հետ կապող հիմնական ճանապարհը։ Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք, որ այդ ուղղությամբ գնացող ամեն երրորդ մեքենան հայտնվելու է նրանց կրակահերթի տակ։ Այդ կերպ, ըստ էության, ադրբեջանցիներին կհաջողվի դե ֆակտո կտրել կապը՝ Հայաստանի և Սյունիքի միջև։ Արդյունքում մենք աստիճանաբար կհայտնվենք Սյունիքի դատարկման ու հայաթափման սպառնալիքի առջև»,- ասաց Խոսրով Հարությունյանը։

Ըստ նրա՝ սա 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի իշխանությունների դրսևորած ոչ ճիշտ գործողությունների կամ անգործության հետևանքն է։

«Որևէ կոնկրետ քայլ չարվեց սահմանին։ Դիմակայությունը բարձրացնելու տեսանկյունից ինժեներական ու ռազմական ոչ մի աշխատանք չի արվել։ Այդ նույն ժամանակահատվածում ադրբեջանցիները որ տարածքը վերցնում էին, հաշված շաբաթների ընթացքում բոլոր մեխանիզմներով այդ տարածքն իրենց համար վեր էին ածում խիստ ամրացված առաջնագծի։ Մենք դա չենք արել։ Փոխարենը հսկայական քանակությամբ պարգևավճարներ էինք տալիս ոստիկանությանը, ազգային անվտանգությանը, իրավապահ մարմիններին։ 2021 թվականի բյուջեով՝ պարտված Հայաստանը, որ պետք է ամեն ինչ աներ ռազմական կարողությունները քիչ թե շատ վերականգնելու ուղղությամբ, ոստիկանության, ներքին գործերի բյուջեն անհամեմատ ավելի մեծ տեմպով աճեցրինք բանակի բյուջեից։ Միայն վերջերս էին խոսում, որ 2023 թվականին բանակի ռազմական նպատակով հատկացումները պետք է կտրուկ աճեցնեն։ Դա ճիշտ է, լավ է ուշ, քան երբեք, բայց եկեք արձանագրենք, որ այս երկու տարվա ընթացքում մենք կորցրել ենք մեր ունեցած շատ հնարավորությունները՝ հայտնվելով Ադրբեջանի հետ բացառապես անհավասար պայմաններում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին