Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի ցուցադրություններից մեկում հայոց Արարատյան թագավորությունը, որը uեմիթական սեպագրերով հայտնի է որպես Ուրարտու, ներկայացված է որպես Ադրբեջան։ Թե որն է պատճառը, որ Ուրարտուն ներկայացվել է որպես Ադրբեջան,
Oragir.news-ը փորձեց պարզել մշակութաբան, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանից։
«Ես ինձ շատ իրավունք չեմ վերապահի դատողություններ անել, որովհետև այնտեղ ինչ-որ գերմաներեն տեքստեր կան, բայց ինձ թվում է, որ ինչ-որ անգիտության կամ անփութության հետևանք է, որովհետև քարտեզներում երկու բան են կիրառում՝ ժամանակակից աշխարհագրական անունները և պատմական աշխարհագրության, այդտեղ տարբեր բաներ շփոթված են։ Ադրբեջանը միանշանակ այսօրվա Ադրբեջանը չի, որովհետև եթե քարտեզը նայեք, կտեսնեք, որ այն գտնվում է Արաքս գետից հարավ, և նրանք դրանով ցանկացել են ցույց տալ մերօրյա իբր թե պարսկական Ադրբեջանը, որը գոնե Ուրարտուի անկումից անմիջապես հետո հայտնի է Պարթևական տերություն, Ատրպատական անվանումով, այսինքն՝ հասկանալի չի, թե ինչու են գրել Ադրբեջան՝ դրա տակ նկատի ունենալով այսօրվա Պարսկաստանի Ադրբեջանը, բայց ավելի ընդարձակ, որը ներառում է ուրիշ գավառներ էլ։ Հաջորդը այն է, որ այնտեղ չկա, օրինակ, եթե պետք է ինչ-որ երկրի անուն դնել, ապա այնտեղ չկա Ուրարտուի վերաբերյալ որևէ բան։ Ես կարծում եմ, որ դա մասնագիտական թյուրըմբռնման և ոչ պատշաճ, ոչ ուշադիր աշխատանքի արդյունք է, Ադրբեջանն ինչո՞ւ պետք է նպաստի, որ Պարսկաստանի Ադրբեջան գրեն։ Ես կարծում եմ, որ դա մասնագիտական թյուրըմբռնման, ոչ պատշաճ գիտելիքի կիրառում է և կարելի է այդ հարցով դիմել նրանց։ Ես հիշում եմ մի այդպիսի դեպք, երբ Բրիտանական թանգարանում, երբ մեր հարգելի լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը դիմել էր և իրենք ուղղում են կատարել։ Ուզում եմ ասել, որ կարելի է դիմել մի որևէ մասնագետ մարդու, ինչպիսին են, օրինակ, Էրեբունի արգելոց թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը, Երվանդ Գրեգյանը, որոնք կարող են մի փոքր տեքստ գրել, որ որևէ կազմակերպություն, կամ ուղղակի, անձնապես կարելի է ուղարկել իրենց։ Այստեղ հատուկ հուզվելու, որ ասենք Ադրբեջանին են օգուտ արել, կարծում եմ՝ իմաստ չկա»։