Վերջին շրջանում պատերազմի, տարբեր վայրերում ռումբերի տեղադրման կեղծ ահազանգերի և օրեր առաջ էլ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ֆոնին՝ բնակչության շրջանում վախի մթնոլորտ է առաջացել։
Oragir.news-ը զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ՝ հարցնելով, թե ինչպես պետք է հաղթահարել հասարակական վախերը, ինչի կարող են հանգեցնել վախերը, եթե էլի խորանան դրանք։
Ծատուրյանի խոսքով՝ մենք առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչ է վախը. «Այս ամենի հիմքը, օրինակ, ոչ ֆինանսական ապահովությունը կարող է լինել․ լավ ենք ապրում, դժվար ենք ապրում, մենք այժմ կորցրել ենք մեր ապահովության զգացումը, որը տալիս է միայն լուրջ պետականություն ունենալը։ Այժմ մեր ապահովության զգացումը մենք կորցրել ենք, իսկ վախը ենթադրության հավակնումն է։ Վախերը նրանից են, որ չկա ապահովության զգացում, իսկ մենք պետք է անընդհատ հասկանանք, որ հիմա մենք գտնվում ենք ծանր վիճակում։ Օրինակ՝ մենք դուրս գանք փողոց, մեզ ասեն, որ մետրոյում կա ինչ-որ պայթուցիկ նյութ, և մենք արդեն տրամադրված լինենք, թե ինչպես պետք է վարվենք։ Օրինակ՝ ամերիկացին ինքը շատ լավ գիտի՝ ցունամիները, պայթյունները, ինչի հետևանքով են։
Դրա համար մենք պետք է զանազանենք վախը պանիկայից, մենք մտածելու մեր հատկությունները վախի ֆոնին սկսում ենք կորցնել։ Իհարկե, եթե մարդիկ ծանր վիճակում են, լավ կլինի՝ գնան հոգեբանների մոտ, որ կարողանան այդ անհիմն վախերը հաղթահարել։ Ասացի անհիմն, բայց, դժբախտաբար, վերջին տարիներին մեր վախերն արդեն անհիմն չեն։ Այս չորս-հինգ տարիներին իսկապես մեր գլխին ինչ ասես եկավ, հետևաբար մենք պետք է ավելի աչալուրջ լինենք մեր առողջության նկատմամբ։
Ես կոչ եմ անում մեր բոլոր լրատվականներին, օգտատերերին, բոլոր ցանցերին ենթադրությունները՝ իբրև իրական, թող ոչ ոք իր էջերի վրա չտպի, ես կուզեի, որ իրավապահ մարմինները զբաղվեն այն հարցով, որ եթե որևէ մեկը տվել է սխալ նյութ, ինֆորմացիա, ենթարկվի պատասխանատվության։ Ինչի՞ հետևանքով էր ամենաշատը 44-օրյա պատերազմը․ նաև սուտ ինֆորմացիայի հետևանքով էր, «Հաղթելու ենք» լոզունգներով, դա էլ մեզ բերեց հենց ամենանյարդային վիճակին։ Եթե մեզ հենց ամենասկզբից էլ ասեին՝ հույս չունենաք, մենք չենք հաղթելու ու համապատասխան բան չունենք, դրա համար չենք հաղթելու, մենք այս իրավիճակում չէինք լինի, որն էլի սուտ ինֆորմացիայի հետևանքով էր։
Մեր համապատասխան օրենսդիր մարմինները պետք է օրենք ընդունեն, որ եթե որևէ մեկի էջի վրա, որևէ մի կայք սխալ ինֆորմացիա տա, նա պետք է կա՛մ վարչական, կա՛մ քրեական պատասխանատվության ենթարկվի, որովհետև մենք առանց այդ էլ ծայրաստիճան ծանր վիճակում ենք։ Կամ «Սուրմալու»-ի դեպքը, որովհետև հողն ուզում էին ծախել, երբ ասում ենք՝ դժբախտ պատահար, դա մի բան է, բայց երբ արդեն տարածվում է, դա արդեն այլ բան է։ Իմ դիրքորոշումը այս ազգի առողջությունը պահելն է։ Դրա համար այն, ինչ հիմա ասում եմ, չի նշանակում, որ ինչ-որ մեկին դեմ կամ կողմ եմ»։
Հարցին, թե ինչի կարող են հանգեցնել վախերը, եթե դրանք ավելի խորանա, նա պատասխանեց. «Հոգեբանության մեջ կա մի ուղղություն, որը համարում է, որ բոլոր հիվանդություններն առաջանում են ապրած վախերից։ Դրա համար մեր իմաստուն ազգը կարող է հեքիմ չունենար, բայց այն ժամանակներում վախ չափող, վախ բռնող ուներ։ Դրա համար վախը բերում է առողջության շատ ծանր խնդիրների՝ շաքարային հիվանդության նման հիվանդության։ Դրա համար մեր այս վիճակում, որին չգիտեմ, թե ինչն է ավելի շատ նպաստում՝ մե՞նք, թե՞ մեր կայքերը, թե՞ մեր ղեկավարության ոչ ճիշտ դիրքորոշումներն ու ըմբռնումները ինքն առաջացնում է վախեր, իսկ վախն առաջացնում է լուրջ հիվանդություններ։ Օրինակ՝ երեխան որ մի բանից վախենում է, կգնան, միանգամից վախը կբռնեն, կչափեն։ Վախը և առողջությունն անմիջական կապի մեջ են»։