Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի մասին քննարկումները տարաբնույթ են և, կարելի է ասել, վերջին շրջանում ամենաշատ քննարկվածը։ Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստում հայտարարեց, որ արձանը տեղադրվելու է Կոտայքի մարզի Հատիս լեռան վրա։
Հարկ է նշել, որ Հայ առաքելական եկեղեցին հայտարարում էր, որ Քրիստոսի պատկերը չկա, արձանն ավելի կաթոլիկ եկեղեցուն է մոտ, իսկ Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն էր նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով:
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը Oragir.news-ի հետ զրույցում պատասխանել է հարցին, թե Կառավարությունն ի վերջո ինչու հաշվի չառավ այն հանգամանքը, որ եկեղեցին դեմ է արձանը տեղադրելուն։ «Չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային, որովհետև եկեղեցական խորհուրդն ասել է իր դիրքորոշումը դրա վերաբերյալ, որ առաքելական եկեղեցին չունի Հիսուս Քրիստոսի սրբապատկերը, բայց դե հիմա Կառավարությունն արդեն որոշել է, ինձ թվում է՝ չարժի որևիցե բան ասել դրա վերաբերյալ։ Երեկ հենց Փաշինյանն էլ ասաց, որ դա տուրիստների մեծ հոսք է բերելու, հոգևորականներն էլ պետության կառավարման գործում առանձնացված են, նրանք միայն իրենց գործողությունները թող անեն՝ կապված եկեղեցու հետ», - ասաց Մինասյանը։
Դիտարկմանը, թե եկեղեցու գործառույթը պատմության ընթացքում շատ կարևոր է եղել անգամ պետականության պահպանման հարցում, նա ասաց. «Ես գիտեմ, որ եկեղեցին առանձնացված է պետության ղեկավարման գործընթացից, ուրիշ բան, երբ իրար հետ համաձայնեցված նույն քայլերն են անում։ Ես որևիցե բան չեմ կարող ասել։ Ես չեմ ասում, թե իրենց գործը չէ, իրենք ուղղակի ասել են, որ առաքելական եկեղեցին նման Քրիստոսի արձան․․․ ավելի շատ մոտ է կաթոլիկ եկեղեցու ոճին, որը շատ տեղերում կա, բայց այս դեպքում այսպես են լուծում հարցը։ Մենք ովքե՞ր ենք, որ եկեղեցու խորհուրդները քննարկենք կամ Կառավարության որոշումները քննարկենք»։
Մինասյանի խոսքով՝ Կառավարությունը մի բան գիտի, որ անում է այդպես. «Չենք կարող զոռով մարդկանց ստիպել, որ որևէ բան անեն։ Մենք որոշում ստեղծող չենք, մեզ հարցնում են, մենք պատասխանում ենք, մեզանից հարցնում են՝ ձեր կարծիքը, քաղաքը ինչպես անենք, որ լավ լինի, այդպես են մտածում, այդպես են անում»։
Հարցին, թե ինչու, օրինակ, քանդակի տեղադրման համար ընտրվեց ոչ թե Ծաղկաձորը, այլ Հատիս լեռը, պատասխանեց. «Չգիտեմ, կարծում եմ՝ Հատիսը մի լեռ է, որը շատ գեղեցիկ է, ստորոտում տներ կան, ու կարծեմ՝ Հատիսի մոտ ուխտավայր կա, երևի դրա համար։ Վարչապետը որոշակի ակնարկ արեց երեկ, որ դա մեծ թափ է հավաքելու զբոսաշրջության համար, որին ես կասկածում եմ։ Ամեն բան հիմա մոտավոր է, որովհետև շատ անելիքներ կան դրա հետ կապված․ ոնց պետք է հարմարեցնել, ինչ մասշտաբի պետք է լինի։ Հիմա դա ընդամենը մակետ է, և հնարավոր է, որ շատ մեծ փոփոխություններ լինեն, որովհետև դա արված է առանձին, տեղը ընտրվում է առանձին։ Այդպես չի լինում, ճարտարապետական որևիցե կոթող դնելիս սկզբից տեղն են որոշում, որպեսզի հետո ճարտարապետը կամ ճարտարապետական մրցույթը, որ անում են, ամեն մեկը մոտենա այդ տեղին։ Իմանալով, որ այդ տեղն է, ապրիորի մի բան գծել ու ասել, որ դա պետք է Մասիսի գլխին դնել, Հատիսի դոշին դնել և այլն, բայց այդպես է»։
Մենք փորձեցինք նաև կապ հաստատել ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի հետ, ով՝ որպես իշխանության ներկայացուցիչ, տեղեկություն կտար արձանի հետ կապված, թե ինչու ի վերջո արհամարհվեց եկեղեցու կարծիքը։ Սակայն նա այդպես էլ անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։