Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:20 03-07-2022

Աղավնոյից դուրս չենք գա

Աղավնոյի անցակետում ռուս խաղաղապահների ներկայությունը նշան է, որ պետք է արգելակենք մեքենան, որովհետև Տեղ գյուղն անցնելով՝ հատել ենք Հայաստանի պետական սահմանը և մտել Արցախ՝ Քաշաթաղի շրջան: Իսկ առաջին անցակետը Աղավնոյի մոտ է: Փաստաթղթերը ստուգելուց հետո խաղաղապահներն ասում են, որ պետք է սպասենք, քանի որ ադրբեջանական ավտոշարասյուն է անցնելու վերևով, ինչ-որ տեղով, ճանապարհի մի հատվածով: Ես ժամանակ չեմ պահում, թե երբ կանցնի, որովհետև ժամանակը կանգ է առել:

Դիմացը Սրբոց նահատակաց եկեղեցին է: Բանաստեողծուհի Հասմիկ Սիմոնյանի հետ բարձրանում ենք բլուրը: Ասում եմ՝ գուցե վերջին անգամն ենք տեսնում, որովհետև Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահն ասում են, որ ճանապարհը հանձնում ենք: Իսկ այն տարածքները, որոնք չեն մտնում ԼՂՀ-ի մեջ, ասում են, որ նույնպես հանձնելու ենք: Նստում եմ եկեղեցու բակի սիզամարգի մեջ խրված քարին ու լռում: Հետո լռությունս սիզամարգից բարձրանում է ու սահում ներքևում վառ երևացող Աղավնոյի կարմիր տանիքներին: Ես չգիտեմ լռության ստույգ քաշը, բայց պահը ծանր է, այնքան, որ նստել եմ:
Ես լուռ եմ, բայց փոխարենն աղմկում է պատմությունը: Հրացնում եմ՝ չես հոգնե՞լ կրկնվելուց: Պատասխանում է, իսկ դու չես հոգնե՞լ ինձ կրկնելուց: Ես և պատմությունը, դեմ դիմաց, միայն հարցեր ունենք հազարավոր, բայց ոչ մի պատասխան:
Ճանապարհը ոլորվելով, գլորվելով անցնում է Բերձոր քաղաքի միջով: Նայում եմ ճանապարհի երկու կողմերում ցից-ցից քաղաքին, ինքն իր ուսերին կանգնած և այդպես վեր ելնող քաղաքին ու ասում՝ հանձնելու ենք: Վերջապես գտել եմ պատասխանը՝ հա՛, հոգնել եմ: Պատմությունը նույնպես գտել է պատասխանը՝ ես էլ եմ հոգնել: Երկու հոգնած՝ մարդն ու պատմությունը, սարսափում են ճանապարհը շարունակել, որովհետև առջևում հանձնածն է՝ Շուշին:

Վերադարձին մտնում ենք Աղավնո: Գյուղապետը՝ Անդրանիկը, ասում է՝ ով՞ կարող է մեզ այստեղից հանել, եթե մենք չենք գնում. տներ են ավելանում, նորերը: Իսկ դպրոցում աշակերտների բնական աշխուժությունն է, թեպետ ամառ է ու արձակուրդ: Ուսուցիչ ու աշակերտ խմբվում են Շուշան Պետրոսյանի շուրջը: Ոչ այն բնական մղումով, թե Երևանից երևելի արտիստ է եկել, այլ որպես հարազատի, որովհետև Շուշանը հյուր չէ, Աղավնոյի մի մասն է: Իսկ սրահում Կանայք սեղաններ են պատրաստում: Երեկոյան բանակի քեֆ է լինելու: Զինվոր են ճանապարհում բանակ:

-Աղավնոյից դուրս չենք գա,- ասում են կանայք:

-Տղայիս ասել եմ՝ բանակից հետ ես գալու Աղավնո, դու ուրիշ տեղ չունես գնալու,-ավելացնում է զինվոր մայրը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում