Արդեն մեկ ամսից ավել է, ինչ Հայաստանում սկսել է ակտիվորեն տարածվել ջրծաղիկ հիվանդությունը։ Մայրաքաղաքի բազմաթիվ մանկապարտեզներում գրանցվել են հիվանդության դեպքեր, որոնց հետևանքով շատ մանկապարտեզներում սահմանվել է կարանտին։
Oragir.news-ի հետ զրույցում Երևանի համար 17 մանկապարտեզի բուժքույրն ասաց, որ այսպիսի հիվանդությունների տարածման դեպքերում իրենց մոտ կարանտին է լինում, և երեխաները միմյանց հետ չեն շփվում։
«Մեզ մոտ գրանցվել է 5-ից 6 ջրծաղիկ հիվանդության դեպք, երևի թե բոլորն էլ պոլիկլինիկաներում են բուժում անցնում, քանի որ իրենք հիվանդության վերաբերյալ թղթեր են բերել մանկապարտեզ։ Այսպիսի դեպքերի ժամանակ մեզ մոտ կառանտին է լինում, երեխաները միայն խմբասենյակներում են լինում, դահլիճ չեն գնում, և այլ խմբերի երեխաների հետ չեն շփվում»,- ասաց մանկապարտեզի բուժքույրը։
Իսկ համար 8 մանկապարտեզից էլ ասացին, որ իրենց մոտ ջրծաղիկի դեպքերը դեռ շատ չեն․
«Մեզ մոտ դեռ շատ չեն ջրծաղիկների դեպքերը, դեռ երկու դեպք է գրանցվել, որոնք երկուսն էլ չեն հաճախում մանկապարտեզ և տանը բուժում են ստանում, այս պահին երկուսի վիճակն էլ նորմալ է»։
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը Oragir.news-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչն է հիվանդության սրման պատճառը և ինչ փուլում է այն այժմ գտնվում, ասաց․
«Նախ ասեմ, որ ջրծաղիկը վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է և՛ օդակաթիլային ճանապարհով, և՛ օդային, և ունի 95-99% վարակելիություն։ Հիմնականում գրանցվում է փոքր տարիքային հասակում, դեպքերի գրեթե 50%-ը գրանցվում են 5-ից 9 տարեկան երեխաների շրջանում։
Ինչ վերաբերում է այս պահի իրավիճակին, այս պահի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է մշտադիտարկում, որի արդյունքում, 2020-2021 թվականների համեմատությամբ ունենք բավականին աճ, որը կարող է պայմանավորված լինել հենց կորնավիրուսային հիվանդության սահմանափակումներով, քանի որ շփումները քիչ են եղել, դպրոցներն ու մանկապարտեզները փակ են եղել, և եթե շփում չկա, վարակման շղթան կտրվում է ։
Իսկ պայմանները, որոնք նպաստում են, որպեսզի վարակը տարածվի, փակ տարածքներում վարակի տրածումն է, և եթե լավ չօդափոխվի, իսկ դրա վարակելիությունը 99% է, այնտեղ, որտեղ կա վարակված երեխա, և մի փոքր չի պահպանվում զգունությունը, օրինակ, երբ մանկապարտեզում երեխան հիվանդացավ, զգոն չլինեեն, ստուգեն երեխան ջերմություն ունի թե ոչ, հնարավոր է տարածումը քչանա։
Բայց նաև ասեմ, որ այս հիվանդության տարածվածությունը սեզոնային բնույթի է, և եթե հինգ տարվա համեմատություն անենք, միշտ էլ փետրվարից սկսած մինչև մայիս ամիսը ունենում ենք հիվանդության աճ, որից հետո աստիճանաբար անկում է ապրում, և նորից աճ է գրանցում ձմռան ամիսներին։ Հիմնականում դեպքեր արձանագրվում են հաստատություններում՝ մանկապարտեզներում և դպրոցներում՝ մինչև չորորդ դասարանի երեխաների շրջանում։ Եվ հիմնականում խոսքը վերաբերում է քաղաքաբնակ տարածքներին, հիմանկանում Երևան քաղաքում, որտեղ շփումը ավելի շատ է, և նպաստավոր պայմաններ են ստեղծվում վարակի տարածման համար։
Մենք յուրաքանչյուր գրանցված դեպքի մասին տեղեկացնում ենք, մանկապարտեզների հետ զրուցում ենք, ասում ենք, որ իրենք դեպք ունեն, և տվյալները փոխանցվում են առողջապահական տեսչական մարմին, որպեսզի իրենք իրականացնեն համապատասխան գործողություններ»։
Հարցին, թե արդյոք հնարավոր է՝ տարածվող հիվանդությունը որևէ կապ ունեն կապիկի ծաղիկ հիվանդության հետ, Խաչատրյանը պատասխանեց․
«Իրականում կապիկի ծաղիկը այլ խմբի վիրուս է, ջրծաղիկը այլ խմբի։ Իրենց փոխանցման մեխանիզմն էլ է տարբեր։ Ջրծաղիկը ինչո՞ւ է այսպես հեշտ տարածվում. քանի որ այն օդակաթիլային վարակ է, իսկ կապիկի ծաղիկը, գիտենք, ավելի շատ շփման միջոցով է տարածվում, այսինքն՝ սերտ շփում պետք է լինի, որ ինքը տարածվի։ Դրա համար այդ երկու հիվանդություններ չի կարելի կապել միմյանց հետ, քանի որ նրանք տարբեր խմբերի վիրուսներ են»,- ասաց Խաչատրյանը։