Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի բերած փոփոխությունների նախագիծը, որը, ըստ էության, ԶԼՄ-ներին ճնշելու և իրենց համար ոչ ցանկալի լրագրողներից ու լրատվամիջոցներից ազատվելու հերթական գործիքն է իշխանությունների ձեռքին։
Խորհրդարանը և մասնավորապես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 67 կողմ ձայնով ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի և Լիլիթ Մինասյանի հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։
Այս փոփոխություններով՝ պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով, ինչպես իրենք են հայտարարում, փորձում են լրացնել օրենսդրական բացը և պետական մարմնին ևս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:
Օragir.news-ը թեմայի առնչությամբ զրուցեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։ Իրավապաշտպանի խոսքով՝ այս փոփոխությամբ նվազեցնում են լրատվականների հնարավորությունները։
«Մենք արդեն ֆիքսել էինք, որ սրանք սահմանափակումներ են լրագրողների և նրանց գործունեության հնարավորությունների նկատմամբ։ Ես չգիտեմ՝ ինչքանով են օբյեկտիվ նայելու իրավիճակներին, և որքան հասկանում եմ, այս նախագիծը էլի լրագրողական հանրության հետ չի քննարկվել։ Սա համարում եմ ևս մեկ քայլ՝ սահմանափակելու լրագրողների խոսքի ազատության իրավունքը։ Փաստորեն, այսպես նվազեցնում են լրատվականների հնարավորությունները, ինչը պետք է չլինի»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամենը նաև հասարակության դեմ է ուղղված, որովհետև լրագրողները այն հարցերն են բարձրացնում, որոնք հուզում են հասարակությանը․
«Երբ այդ նախագծի մասին առաջին անգամ մամուլում տեղեկություն տարածվեց, Ժուռնալիստների միությունը հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ հորդորում էինք, որպեսզի Կառավարությունը զերծ մնա այդ նախագիծը անցկացնելուց։ Իհարկե, մենք մեծ սպասումներ չունեինք, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Կառավարությունը այդ քայլին գնա, քանի որ շատ լավ հասկանում էինք, որ այդ ամենը քաղաքական որոշումների հետևանք է։ Նրանց համար այնքան միևնույնն են օրենք, իրավունք հասկացությունները, և նրանք այնքան փնթի են աշխատում, որ այդ օրենքի նախագիծը, որում իրենք առաջարկում էին փոփոխություններ կատարել, իրենց փոփոխությունը արդեն իսկ այլ հոդվածի հետ հակասություն ուներ։
Ըստ օրենքի՝ լրագրողի հավատարմագրումը, կարող է դադարեցնել նրան հավատարմագրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով։
Իրենք արդեն իսկ օրենքը խախտում էին, և իրենց համար միևնույնն է այլ օրենքների հետ հակասություն կունենա՞ն, թե՞ ոչ։ Նրանց նպատակը մեկն է՝ ազատվեն բոլոր այն լրագրողներից, որոնք իրենց ոչ հաճելի հարցեր են ուղղում։ Առանց այդ էլ իրենք առանձնապես չեն շփվում լրագրողների հետ, կամ շփվում են ընտրողաբար, որպեսզի իրենց ցանկալի կոնֆորտ զոնայում լինեն, հետևաբար, այսպիսով ավելի են ձերբազատվում նրանցից։
Իրենք այսպիսով նաև խառնվում են լրատվամիջոցի խմբագրի աշխատանքի մեջ, որովհետև այն որոշումը, թե որ լրագրողին հավատարմագրել, կայացնում է միայն խմբագիրը։ Իրենք խոսում են լրագրողական էթիկայի կանոնների մասին, որ լրագրողը պետք է այսպիսին լինի․ ասում են՝ մարդիկ, ովքեր իրենց վարքով այնքան անպարկեշտ են, որ պետք է կարգի հրավիրեն իրենց պատգամավորներին, իրենց ղեկավարին, որը փողոցային լեքսիկոնը բերեց քաղաքական դաշտ, որը մենք երբևէ չէինք տեսել հրապարակային դաշտում։ Այս ամենը նաև հասարակության դեմ է ուղղված, որովհետև լրագրողները այն հարցերն են բարձրացնում, որոնք հուզում են հասարակությանը։ Այսինքն՝ իրենք ուզում են ընդհանրապես այլակարծությունը արմատախիլ անել․ սա ժողովրդավարություն չէ»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։
Irates.am կայքի խմբագիր Փիրուզա Մելիքսեթյաննի համար այս Կառավարությունը գոյություն չունի․
«Ես վաղուց դադարել եմ այս Կառավարությանը որպես Կառավարություն ընդունելուց, իրենք ինձ համար Կառավարություն չեն, ես իրենց ոչ մի քայլը չեմ ուզում մեկնաբանել։ Իրենք ինձ համար գոյություն չունեն։ Որպես լրագրող՝ ես իրենց չեմ ընդունում, իրենք չկան, իսկ չեղած բանի ի՞նչը մեկնաբանեմ։
Ինչ ուզեն, ոնց ուզեն, կարող են անել, իրենք թքած ունեն բոլորիս վրա, ընդ որում՝ լրագրողական դաշտի վրա՝ անտեսելով այն, որ վարչապետ կոչեցյալն էլ իբր թե լրագրող է»։
Irakanum.am կայքի խմբագիր Փայլակ Ֆահրադյանն էլ նշեց, որ նախագիծը կունենա ընտրողական մոտեցում, և զրկելու են այն լրագրողների մուտքը պետական գերատեսչություններ, որոնք համարձակվում են տալ այնպիսի հարցեր, որոնք, մեղմ ասած, դուր չեն գալիս իրենց։
«Ես գիտեմ, որ մարդու իրավունքների հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել այս նախագծի վերաբերյալ, որին հրավիրվել էին ԶԼՄ ներկայացուցիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, բայց օրենքի նախագծի հեղինակները այդ օրը ներկա չէին գտնվել, ինչից հետո գոնե ինձ համար պարզ դարձավ, որ իրենք ասելիք և հիմնավորումներ չունեն, նախագծին որևէ կերպ բացատրություն ներկայացված չէ, ինչը նշանակում է անհարգալից վերաբերմունք։
Մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես էր լրագրող ներկայացող անձը շշով ջուրը լցնում պատգամավորի վրա, և իշխանական ներկայացուցիչները, տարբեր լրագրողական և հասարակական կազմակերպությունները, որոնք մյուս ԶԼՄ-ների դեպքում աղաղակում էին, թե՝ տեսեք ԶԼՄ ներկայացուցիչը դուրս է եկել կոռեկտության և էթիկայի սահմաններից, այս անգամ որևէ կերպ չեն արձագանքել։ Չի եղել ո՛չ Արթուր Հովհաննիսյանի, ո՛չ Լիլիթ Մինասյանի կողմից, սա խոսում է այն մասին, որ հերթական անգամ մենք գործ ունենք ընտրողական մոտեցման հետ։ Այսինքն՝ նախագծի շրջանակներում ևս այդպես կլինի․ զրկելու են այն լրագրողների և ԶԼՄ-ների մուտքը պետական գերատեսչություններ, որոնք համարձակվում են տալ այնպիսի հարցեր, որոնք, մեղմ ասած, դուր չեն գալիս իրենց։
Ես նաև առիթ եմ ունեցել նշելու, որ իշխանությունը լրագրողների դեմ սկսած արշավը իրականացնում է նախկին լրագրողների ձեռքով։ Նույն Արթուր Հովհաննիսյանը սա կդարձներ մի մեծ պատմություն, եթե այն լիներ իր լրագրողական գործունեություն իրականացնելու տարիներին։ Իսկ Լիլիթ Մինասյանը առհասարակ կապ չունի լրագրության հետ։ Պեկերի ՊՈԱԿ-ում հայտնված ինչ-որ աղջիկ, ով, իշխանությանը հաճոյանալով, ստացել է մանդատ, հիմա փորձում է կարգավորել լրատվական դաշտը։
Ես հույս ունեմ, որ երբ այս իշխանությունը հեռանա, հաջորդ իշխանությունը բարձի կգնահատի լրագրողների աշխատանքը, և այս անպիտան օրենքները հետ կկանչվեն և կյանքի չեն կոչվի, որովհետև լրագրողները պետք է գործեն ազատ՝ իհարկե էթիկայի կանոնները չխախտելով։ Բայց երբ տեսնում ենք, որ Խաչատուր Սուքիասյանին պատկանող լրատվամիջոցի լրագրողը, որն իրեն պահում է ամեն կերպ, բայց ոչ լրագրողի նման, նրա նկատմամաբ անգամ քննադատական խոսք չի լինում, իսկ երբ, օրինակ, ընդդիմադիր լրատվամիջոցի լրագրողը փորձում է սուր հարց ուղղել, իշխանական պատգամավորները սկսում են խոսել կոռեկտության սահմաններից։
Եթե իրենց նպատակը դաշտը կարգավորելն էր, ապա, գոնե վերջին խայտառակ դրվագին իրենց կողմից կլիներ որևէ արձագանք։
Նորմա՞լ է, որ լրագրողը կարող է պատգամավորի վրա ջուր լցնել, եթե դա այդպես է, ապա մենք էլ իմանանք, հաջորդ անգամ մենք էլ փորձենք։ Իհարկե, մենք դա չենք անի, բայց եթե դա իրենց համար նորմալ երևույթ է, երևի թե մենք էլ սկսենք»,- ասաց Ֆահրադյանը։