Միտք 4 տարի առաջ - 13:32 15-05-2022

Հավատաքննիչ. ես այդ հայից եմ վախենում, այդ անկումից

Սարսափելին պատերազմում կրած պարտությունը չէ, ոչ էլ այդ պատերազմի պայմանավորված, դավաճանված ու հանձնված լինելն է: Սարսափելին տարածքների կորուստը չէ, ոչ էլ քո ձեռքով քո տունը վառելն ու գաղթի ճանապարհ բռնելն է: Սարսափելին անգամ պետականություն կորցնելը չէ, ոչ էլ պատմական մի ժամանակահատված ջնջելը: Նույնիսկ ցեղասպանությունը չէ ամենասարսափելին: Կարող ես վերածնվել, ինչպես վերածնվել ենք: Կարող ես պատմությունը նորից և նորը գրել, պետականություն վերակերտել, ինչպես արել ենք: Կարող ես կրկին հաղթել և կորցրածդ ետ բերել, ինչպես երբեմն կարողացել ենք: Այդ ամենն ինձ չի վախեցնում:

Ինձ վախեցնում է մեր ունեցած չարությունը մեր նկատմամբ, ատելությունն ու ոխը: Չհասկանալը, չհանդուրժելն ու չներելը: Երկփեղկվելը, բաժան-բաժան ու շերտ-շերտ լինելը: Մեր միջի խրամատը, որ երկու կողմում էլ մենք ենք: Մեր այդքան ընկնելը, իջնելն ու անկումը: Մեկմեկու ոչնչացնելու, ջնջելու ու փոշիացնելու մոլուցքը: Մեր ձեռքով մեզ լլկելը, հոշոտելն ու անգամ վերջին կաթիլը չխնայելը: Վախեցնում է, որովհետև այս քաոսի մեջ կորում ենք անդարձ ու անդառնալի որպես ինքնություն, հաղթանակ ու պետականություն, պատմություն ու վարքագրություն: Ես սրանից եմ վախենում այնքան, որ ոսկորներս ցավում են մարմնիս մեջ, մարմինս՝ մաշկիս տակ:

Արյունը երակներիս մեջ սառելու չափ ինձ սարսափեցնում, սպանում է այն, երբ հայը Արցախի դրոշն է ծածանում հրապարակում, որ իր զոհված ընկերների արյունով է թափանցված և տասնամյակների մեր կյանքով ու հավատով շղարշված, հանկարծ հանրային հարթակում արժանանում է ծաղրանքի ու պարսավանքի: Ծաղրողի ազգանունը նույնպես յան-ով է վերջանում և անձնագրում ազգության դիմաց գրված է՝ հայ: Ես այդ հայից եմ վախենում, այդ անկումից:
Ներեցեք ինքնագովազդիս համար, որ խոսքս ուզում եմ ավարտել «Հավատաքննիչ» բանաստեղծությունից մի հատված մեջբերելով:

Անձև ու դատարկ են տեսնում աչքերս
շերտ-շերտ իրար դարսվող այս սևից,
արյունը կանգ է առնում սրտիս մեջ
մեկմեկու դեմ կտրող այսքան չարությունից,
իրար բոթող, հերթ չտվող ատելության անհամբերից,
այս թափոն, թերմացք ու տականքից,
այսքան էժան մանրանալուց ու ճղճիմից:

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը