ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դեռևս նախորդ տարի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ համատեղ քննարկումների արդյունքում մշակվեց բարեգործական ծրագիր, որի շրջանակներում 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած զինվորները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ուղեկցությամբ որոշակի պարբերականությամբ կմեկնեն Երուսաղեմ՝ ծանոթանալու Պատրիարքության հարուստ պատմությանն ու գործունեությանը, ինչպես նաև կայցելեն Տերունական սրբավայրեր:
Թե ինչո՞ւ են պատգամավորների ուղեկցությամբ տանում «Զինվորի տան» տղաների Երուսաղեմ, այլ ո՛չ ուրիշ ներկայացուցիչների,
Oragir.news-ը թեմայի վերաբերյալ կապ հաստատեց «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի հետ, ով հորդորեց հաջորդ անգամ զանգահարել համապատասխան կառույցներին, ապա ասաց. «Իմ գնալը դեռ պարզ չէ, բայց ես եթե գնամ էլ, ապա դա հաստատ չի՛ լինելու պետական միջոցների հաշվին։ Իմ գնալը ֆինանսական ծանրաբեռնվածություն պետական բյուջեի վրա չի՛ առաջացնելու։ Մենք որոշման հետ որևէ կապ չունենք, հաճույքով ենք ընդունել առաջարկը, պարզապես ծրագիրը մեզ համար շատ ողջունելի է»։
Oragir.news-ը կապ հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի հետ, սակայն վերջինս հայտնեց, որ Մայր Աթոռը բացարձակապես տեղյակ չէ այցից և որևէ գնահատական տալ չի կարող։
Փորձեցինք կապ հաստատել նաև Երուսաղեմի հայոց պատրիարքության հետ, որտեղ աշխատակիցը, ով խնդրեց անանուն մնալ,
Oragir.news-ի հետ զրույցում ասաց՝ ճիշտ չէ պատգամավորների գնալը. «Անցյալ անգամ էլ էին եկել, բայց, նրանց գալու իմաստը չեմ տեսնում, անիմաստ եմ համարում նրանց գալը։ Եթե գալիս են իբրև օգնական՝ դա ուրիշ բան, բայց եթե զինվորների հետ գալիս են պարզապես շրջայց անելու համար, բայց եթե օգնություն էլ պետք լինի, միևնույն է, այդ տղաները կգան բժիշկների հետ, բայց այս դեպքում՝ պառլամենտի աշխատողների գալը լրիվ անիմաստ է»։
Փորձեցինք նաև գործընկերների՝ Երուսաղեմ այցի վերաբերյալ կարծիք հարցնել նաև իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանից, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ճիշտն ասած, շատ ինֆորմացիա չունեմ այցի վերաբեյալ, գիտեմ, որ այդպիսի բան կա, բայց մանրամասն չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը, կամ սրա մասին որևէ այլ քաղաքացու հարցրեք, ես ի՞նչ գիտեմ, հիմա շատ դժվար է պատասխանել այդ հարցին։ Ես չեմ կարծում, որ նրանք անիմաստ են գնում։ Պատգամավորները կարող են գնալ գործուղման՝ պատգամավորների համար նախատեսված գործուղումներով, ես չգիտեմ, օրինակի համար եմ ասում, հիմա դուք ինձ եկել՝ տարբեր ձևերով հարցեր եք տալիս»։