Երկու օր առաջ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը իր ելութի ընթացքում խոստովանեց, որ կարող էին կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե՝ առանց զոհերի։ Փաշինյանի այս ելույթը հանրության շրջանում իսկական շոկ առաջացրեց։ Սրան հաջորդեց Վիգեն Խաչատրյանի հայտարարությունը, թե Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում, որը ավելի լարեց առանց այդ էլ շոկային իրավիճակը։ «1996 թ․ մի գաղափար առաջ քաշվեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի․ տարիներ են անցել, և այսօր կարելի է ասել, որ դա, թերևս, ճիշտ չի եղել՝ իմ կարծիքով»,- ասել էր Խաչատրյանը։
Oragir.news-ը իշխանության վերջին ելույթների վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ, հարցնելով, թե ինչպես է վերաբերվում այդ հայտարարություններին։
«Արդեն ուղիղ մեկ հարյուրամյակ է՝ այդ հարցը դրված է, և Արցախի ժողովուրդը միշտ էլ պայքարել է հանուն անկախության կամ Հայաստանի հետ միավորման։ Մեր առաջին նախագահը ասում էր՝ միջազգային հանրությունը չի հանդուրժի, բայց սա այնպիաի հայտարարություն է, որը ստուգել հնարավոր չէ, որովհետև նույն միջազգային հանրության կողմից հանդես եկող 3 տերություններ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացիալ Նահանգները տարբեր շահեր ունեն տարածաշրջանում, և բնական է՝ նրանք միասնական հարթակով, միասնական տեսակետով չեն կարող խնդրի վերջնական լուծմանը մոտենալ, չնայած, 3-ն էլ արծարծում էին խնդիրը, որպեսզի հարմար պահին խնդրին այնպիսի լուծում տան, որ իրենց շահերին համապատասխանի։ Այնպես որ, միջազգային հանրություն կոչվածը այդպես միասնական պահանջ երբևիցե չի ներկայացրել և երբևիցե այնպիսի արտահայտություն չի եղել, թե խնդրի բոլոր լուծումներին պետք է Ադրբեջանը իր համաձայնությունը տա։
Հիմա ուժի չկիրառման միջազգային իրավական սկզբունքը Ադրբեջանը խախտել է, և մեր խնդիրը գոնե տեղեկատվական ճակատում այդ փաստի բարձրաձայնումն է։ 44-օրյա պատերազմը ցեղասպանական ակտերով է ուղեկցվել, ոչ միայն այն պատճառով, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը և նրա ինքնավար մարզում ներգրավված տարածքները երբևիցե Ադրբեջանին չեն պատկանել, և մենք փոխանակ մեզ համար շահեկան դրույթները հնչեցնենք, խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը պետք է անպայման համաձայնություն տա։ Այստեղ միջազգային քաղաքականության իրադրությունը բխում է այն հիմնարար խնդիրներից, որոնք տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման 2 սկզբունքներն են, և անկասկած, պետք է ասել, որ բոլոր խոշոր տերությունները հակված են գերակայություն տալ տարածքային ամբողջականության սկզբունքին։ Բայց վերջին տասնամյակների փորձը հերքում է այն, որովհետև, մենք ունենք Կոսովոյի օրինակը, երբ խոշոր տերությունները կամ միջազգային հանրությունը համաձայնել է անկախության համար պայքարող ժողովրդի իրավունքները ճանաչելու։ Այս օրինակը նույնիսկ ավելի խայտառակ բան էր, որովհետև դա մեր Նախիջևանն է․ այն սերբերի տարածքն է, որտեղ ալբանացիները մտել էին։
Ես հազար անգամ ասել եմ՝ մենք տեղեկատվական ճակատում կռվել չգիտենք, մեր խոսքը հնչեցնել չգիտենք, և մեր խնդիրը, գոնե տեղեկատվական ճակատում, քաղաքական փաստարկներին հակադրվելը պետք է լիներ, որովհետև իրավականը մեր կողմն է և մենք շատ բաներ լռության ենք մատնում։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, երբ այդ պետությունը երբևիցե հստակ սահմաններ չի ունեցել։ Ի՞նչ է հասկանում մեր առաջին դեմքը, որը այդ մասին խոսում է։ Ի՞նչ է նա հասկանում Ադրբեջանի տարածքային ամբողջականության տակ, երբ այդ երկիրը երբևիցե օրինական ձևով ունեցած տարածքներ չի ունեցել, որովհետև այդ երկրում երբևիցե չի եղել ինքնորոշման հարց։ Ադրբեջանում, գուցե 1991 թ․ դեկտեմբերի 29-ին չի եղել ինքնորոշման հարց, և բնական է, որ այդ երկիրը որևէ օրինական տարածք չի ունեցել։ Մենք այս հարցերին երբևիցե ուշադրություն չենք դարձնում, և միջազգային հանրություն կոչվածն էլ կարող է օգտվել դրանից, իսկ Ադրբեջանը ընդհանրապես օգտվում է։ Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, երբ Խորհրդային միության հանրագիտարանում նշված են սահմաններ, որից հետո նա ավելի քանի 500 քառակուսի կմ է մեզնից պոկռտել ապօրինի ձևով։ Ի՞նչ է սա նշանակում, ինչպե՞ս պետք է Ադրբեջանի սահմանների մասին խոսվի այս փաստերի առկայությամբ, թ՞ե Ադրբեջանը ինչ ուզի, Հայաստանը պետք է համաձայնվի։ Այսպիսի մտորումներ են խնդրին տեղյակ ամեն մարդու մոտ, որը, իհարկե, համաձայն չէ այդպիսի հարցադրումների հետ, և գտնում է, որ մենք ինքներս ենք մեր խնդիրները լռության մատնել, այն դեպքում, երբ դրանք կարող էին հնչեցնել, և դրանց հնչողություն տալը խնդիր չէր ընդհանրապես։ Դա կարող էին մեր բարեկամները հնչեցնել, կարող էր Սփյուռքը հնչեցնել, միայն թե պետք էր մինչև վերջ մշակված բանաձևեր լինեին։ Բայց մինչև օրս դա չկա»,- ասաց Մանասյանը։
Իսկ այն հարցին, թե արդյոք պատկերացնում է Արցախը Ադրբեջանի կազմում, Մանասյանը պատասխանեց․ «Այստեղ էլ խնդիր կա․ նախ Ադրբեջանը օրինական սահմաններ չունի, որ Արցախը իր կազմում լինի, և ԼՂ-ի ժողովրդի ինքնորոշման ակտերը և հանրաքվեները եղել են միջազգային իրավունքին համապատասխան, և խնդրի այսպիսի լուծումը կնշանակի, որ մեր ժողովրդի մի հատվածը մնում է ցեղասպանության վտանգի տակ։ Ադրբեջանը իր քաղաքական փաթեթում ցեղասպանությունից բացի այլ լուծումներ չի տեսնում, և մենք այդ մասին էլ ենք լռում։ Միսկի խմբի համանախագահները անընդհատ խոսել են այն մասին, որ պետք է հաշտության, համաձայնության եզրեր գտնվեն տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև։ Ազգերի ինքնորոշման սկզբունքը ընդհանրապես գերակա է, բայց նրանք ասում են, որ այդ երկու սկզբունքների հիման վրա պետք է այն լինի։
Մեր հարևան Պարսկաստանն ասում է, որ եթե այդ հակամարտությունում իրավաբանորեն միջազգային հանրությունը փորձում է այդ երկու սկզբունքները համատեղել, ապա կարող է առաջարկել կոնֆեդերացիա՝ այսինքն երկու անկախ պետությունների միություն։ Կոնֆեդերատիվ կառուցվածք ունի օրինակ՝ Շվեցարիան, բայց ես պետք է ասեմ, որ Մինսկի խումբը երբևիցե այդպիսի բան չի արել, մի անորոշ բան ասել է՝ ասելով մի ընդհանուր պետություն, այն ժամանակ, երբ հայտնի չի եղել, թե ինչ է նշանակում ընդհանուր պետություն, և Ադրբեջանը դա ուղակի մերժել է։
Ես ինքս հիմա չեմ առաջարկում կոնֆեդերացիայի գաղափարը, որովհետև անկախությունն է մեր նշաձողը, բայց իմ ասածը վերաբերում է նրան, թե այդ դեպքում, ինչու նրանք, ովքեր զբաղվել են այդ խնդրով, չեն առաջարկել այդ բանը։ Դա կնշանակեր, որ իրենք փորձում են գոնե մի բան անել։ Տարօրինակ է, որ այս գաղափարը երբևիցե հրապարակում չի եղել։ Ի՞նչի մասին է դա խոսում։ Դա խոսում է այն մասին, որ նրանք, հատկապես Արևմուտքը, այս տարածքը ընկալում է որպես Ռուսաստանին հնարավոր հարված հասցնելու տարածք, և 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը ֆոսֆորային զենքի կիրառմանն էր դիմել, միայն անհանգստության ձայներ լսվեցին, թե մենք անհանգստացած ենք։ Անհանգստությունը շատ թեթև բառ է, այդպիսի բանի համար, նրանք չդատապարտեցին նույնիսկ, որովհտև հետո պետք է միջազգային դատարանում քրեական գործ բացեին այդ ցեղասպանական ակտերով, և արգելված զինատեսակներով մի ժողովրդի տարածք մտնելու համար։ Չարեցին։ Դա ինչի՞ մասին է։ Դա խոսում է այն մասին, որ այս տարածքը դարձյալ դիտվում է որպես Ռուսաստանին հարվածելու տեղ։ Ռուսաստանը ինչ-որ ձևով մտավ Լեռնային Ղարաբաղ 44-օրյա պատերազմի ընթացքում, և կանգնեցրեց, դրանից հետո պետք է սկսվեր Ուկրաինայի պատերազմը, որովհետև մյուս տարբերակը Ռուսաստանին հարվածելու դա է։ Եթե մենք աշխարհաքաղաքական այս համատեքստում ենք խնդիրը ըմբռնում, դիտարկում և հասկանում, ապա մեզ համար պարզ է դառնում, թե ինչու այդպես եղավ։ Այստեղ հասկանալի է դառնում Ռուսաստանի դժգոհությունը հակառուսական տրամադրությունների ծավալման վերաբերյալ և հասկանալի է դառնում, թե ընդհանրապես ինչու են եղել հակառուսական տրամադրություններ։ Մարդիկ հույսերը կապում էին Արևմուտք հետ մինչև այն պահը, երբ ասացին, թե մեր նավերը չեն լողում հայկական լեռներում, և հանդուրժեցին հայոց ցեղասպանությունը։ Մենք պետք է փորձենք այս ամենը հասկանալ գլոբալ կոնֆլիկտային իրավիճակի համատեսքստում։ Իսկ ինչ վերաբերում է, թե տեսնում եմ Արցախ Ադրբեջանի կազմում, իկարկե ոչ, կազմում հնարավոր չէ։ Ես կոնֆեդերացիայի մասին խոսքը բացեցի այն առումով, թե ինչու այդ երկու սկզբունքների հակասության վրա Արևմուտքը այդքան կանգ էր առնում և չէր լսում տարբեր կողմերից լսվող այն առաջարկները, թե կոնֆեդերացիան այդ հարցը լուծում է, և որը եթե դուք համարում եք՝ անհամատեղելի է, այն համատեղում է, համաձայնեցնում մեկը մյուսի հետ»։
Իսկ այն հարցին, թե իր կարծիքով՝ Փաշինյանը այնուամենայինվ կստորագրի՞ Արցախը Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթը, Մանասյանը պատախանեց․ «Փաշինյանը այդ իրավունքը չունի, Արցախը Հայաստանի տարածք չէ, և նա այնտեղ ոչ մի իրավունք չունի այդպիսի փաստաթուղթ ստորագրելու։ Որպես ի՞նչ է ստորագրում։ Փաշինյանը ուղղակի իրավունք չունի, նա կարող է ստորագրել Սյունքը հանձնելու մասին փաստաթուղթ, դա էլ իրավունք չունի, բայց նա Արցախի ի՞նչն է։ Արցախը իր գրպանո՞ւմ է։ Նա ի՞նչ իրավունք ունի Արցախի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստորագրելու՝ ոչ մի»,- եզրափակեց Մանասյանը։
Մանուշակ Մելքոնյան