Խոսք 4 տարի առաջ - 19:48 23-03-2022

Ոչ, իրավաչափ չէ. Արա Ղազարյանը՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելու մասին

Երեկ` մարտի 22-ին, Ազգային ժողովի հերթական նիստում «Հայաստան» դաշինքը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ և առաջարկեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարել և քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մի մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։ Նախագիծը եթե ընդունվեր, ապա օրենքը կվերաբերեր նաև ՀՀ քաղաքացիներին:

«Այս նախագիծը, իմ համոզմամբ և պատկերացմամբ, լինելու է ՀՀ տարածքից դուրս գտնվող անձանց իրապես հետապնդելու և իրենց կողմից արված արտահայտությունները իրապես անհետևանք չթողնելու մասին։ Մենք տեսել ենք, թե ինչպես հատկապես 2021 թ․ ապրիլ ամսից ՀՀ տարածքից դուրս գտնվող «հարևան», իրականում՝ թշնամի երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչպիսի արտահայտություններ է իրեն թույլ տալիս։ Խոսում են ՀՀ Սյունիքի մարզի մասին, խոսում են մեր Երևան քաղաքի մասին, խոսում են մեր Սևանի մասին, և իրենց զառանցանքների պայմաններում փորձում են այդ ամենը ՀՀ-ի պատկանելության տեսանկյունից կասկածի տակ դնել։ Կարծում ենք, որ սա նաև լավ հնարավորություն կլինի նման արտահայտություններ թույլ տվողներին, չնայած այն հանգամանքին, որ գտնվեն ՀՀ տարածքից դուրս, ենթարկել քրեական հետապնդման»,- ասել էր նախագիծը ներկայացնող պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Օragir.news-ը զրուցեց սահմանադրագետ Արա Ղազարյանի հետ` հարցնելով, թե արդյոք իրավաչափ է խոսքի ազատության նման սահմանափակումը, երբ անձը չի կարող պետության սահմանները կասկածի տակ դնող արտահայտություններ անել:

«Ոչ, իրավաչափ չէ, դրա վերաբերյալ ժամանակին շատ մեծ քննարկումներ և դատական նախադեպեր են ստեղծվել Եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Թուրքիայի: Հենց նույն Հրանտ Դինքին մեղադրանք առաջադրելը նույնպես կապված էր դրա հետ: Ընդհանրապես, միջազգային իրավունքում համարվում է, որ նման հիմք սահմանելը իրավաչափ չէ, որովհետև դա, որպես կանոն, շատ տարածական է մեկնաբանվում, չարաշահվում է իշխանությունների կողմից, և դա առաջին հերթին ուղղված է անկախության գաղափարին: Պատկերացրեք` ցանկացած համայնք, որ փորձի անկախանալ որևէ պետությունից, բոլորը կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել»,- ասաց Ղազարյանը:

Հարցին, թե միջազգային իրավունքում եղել են այսպիսի նախադեպեր, Ղազարյանը պատասխանեց. «Այո, նախադեպեր եղել են: Եվրադատարանում բազմաթիվ գործեր են քննվել, և որոշվել է, որ իրավաչափ չէ նման հիմքով քրեականացնելը»:

Ղազարյանը նաև ավելացրեց, որ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը ազատ խոսքը սահմանափակելու եղանակ է, հիմք է, բայց այստեղ խոսքը քրեական հետապնդման մասին է, որը շատ վտանգավոր է ազատ խոսքի համար:

Հիշեցնենք, որ այս նախագիծը երեկ առաջին ընթերցմամբ էր քննարկվում: Նախագիծը չընդունվեց, ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին` այն որակելով հակապետական և հակահայկական:

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ