Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 21:08 14-03-2022

Հինգ կետերի վերաբերյալ ես այս ապիկար իշխանությանը հարցեր եմ ուղղում․ Աբրահամ Գասպարյան

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան ասել է, որ Բաքուն պատրաստ է բովանդակային, ինտենսիվ բանակցությունների Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, եթե Հայաստանը ընդունի Ադրբեջանի առաջարկած 5 հիմնարար սկզբունքները։ Ի դեպ, հայկական կողմը թաքցնում էր այդ պայմանները, և դրանք ադրբեջանական կողմն է բացահայտել։ Ըստ Աբդուլաևայի՝ այդ 5 հիմնական սկզբունքները ներառում են՝ «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անձեռնմխելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում», «պետությունների՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորության փոխադարձ հաստատում», «զերծ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգությանը սպառնացող, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքներ և ուժ կիրառելուց, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին անհամատեղելի այլ գործողություններից», «պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում», «տրանսպորտի և այլ հաղորդակցությունների բացում, այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն»:

Oragir.news-ը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ, որը նախ ճիշտ չհամարեց քննարկել դրանք հրապարակայնորեն, ապա ասաց. «Այդ կետերը հետաքրքրում են բացառապես ադրբեջանական կողմին, և դրանցում ընդհանրապես որևէ անդրադարձ չկա այն իրական խնդիրներին, որոնց բերել է այդ կոնֆլիկտը․ այն է`ինչ է լինելու Արցախի կարգավիճակի հետ, այնպիսի կարգավիճակի, որը կերաշխավորի Արցախում ապրող և Արցախն իր հայրենիքը համարող հայերի համար: Ադրբեջանը հրապարկում է այնպիսի կետեր, որոնցից բխում է, թե, կարծես, որևէ խնդիր չկա, մինչդեռ խնդիր կա, և այդ իմաստով հայկական դիվանագիտության պատասխանը ավելի քան տեղին էր այն իմստով, որ չի մերժում խաղաղության պայմանագրի գաղափարը, բայց մյուս կողմից էլ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ունեն միջազգային պարտավորություն` հարցը լուծել խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի եռանախագահությամբ»:

Զրուցեցինք նաև քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի հետ: Նրա կարծիքով՝ 5 կետերը շատ խնդրահարույց են և կարող են կործանարար հետևանքներ ունենալ հայկական դիվանագիտության երբևէ հաջողություն գրանցելու շանսերի վրա:

«Դրանք մեր ռազմաքաղաքական, անվտանգային և դիվանագիտական դիմադրողականությունը, կարողականությունը մսխում են և վերջնականապես գիծ քաշում Արցախի հարցի երբևէ խաղաղ կարգավորման վրա, կոնֆլիկտը տանում են ավելի շատ էսկալացիայի, քան կարգավորման, և այստեղ Հայաստանի արտգործնախարարությունը, որը դարձել է անատամ այս իշխանության օրոք, չունի որևէ ռեսուրս այլընտրանքային կետեր առաջարկելու և բոլոր այն խոսակցությունները, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին պետք է դիմել, որը մանդատակիր է և այլն, այս հարցում որևէ աղերս չունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ: Պարզ մանիպուլյացիա է տեղի ունենում, այս իշխանությունը հերթական անգամ փորձում է հանրությանը մոլորեցնել, որովհետև Մինսկի խումբը ունի մանդատ բացառապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ միջնորդ հանդիսանալու առումով, և այս իմաստով Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը, կարծում եմ, շատ անբարենպաստ պայմաններ են»,- ասաց Գասպարյանը:

Նա նշեց, որ այդտեղ միջազգային իրավունքի տեսանկյունից տերմինաբանական անվնաս փաթեթավորում կա, բայց, ըստ էության, բովանդակային առումով ականներ, թակարդներ կան․ «Մասնավորապես` Բերձորից, Լաչինի միջանցքից սկսած մինչև Քարվաճառ՝ Հայաստանի որևէ պարտավորություն չունենալը, այդ տարածքների և բնականաբար այդ տարածքներց այն կողմ գտնվող Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինելու տեսանկյունից, այսինքն՝ Հայաստանը հրաժարվում է: Ադրբեջանի տարածքային ամբողջության մասին դրույթը ընդունելով և հաստատելով՝ ավելի լայն դուռ է բացում Արցախի բնակչության նկատմամբ ռեպրեսիաների, ինչու չէ` նախճիրի ու սպանդի համար»:

Խոսելով Հայաստանի դիրքորոշման մասին`Գասպարյանը ասաց, որ Հայաստանի ԱԳՆ-ի դիրքորոշումը ընդհանրապես չի առնչվում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը. «Մեր ԱԳՆ-ն, այդ առաջարկներին ի պատասխան, ասում է, որ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա պետք է կնքել այսպես ասած խաղաղության պայմանագիրը, այնինչ այստեղ բազմաթիվ հարցեր կան: Նույն այս հինգ կետերի հետ կապված`ես անձամբ այս ապիկար իշխանությանն ուղղում եմ հարցեր. Հայաստանի դիվանագիտական օրակարգոմ ընդհանրապես Արցախի կարգավիճակի հարց կա՞, թե՞` ոչ, ե՞րբ պիտի առաջանա Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը, ե՞րբ պիտի արծարծեն այդ խնդիրը, և երրորդ` ամենակարևորը` ի՞նչ մոտեցումներ ունի փաշինյանական Երևանը այս հարցում, ազգերի ինքնորոշման իրավունքը շարունակո՞ւմ է մնալ առաջնային մեր օրակարգում հայ ադրբեջանական բանակցություններւմ, թե՞ այս փաստաթուղթը ստորագրելով մենք տուրք ենք տալիս երկրորդ կետին, որ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջությունը»,- ասաց Աբրահամ Գասպարյանը:

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ