Ներքին 4 տարի առաջ - 13:16 30-10-2021

Հայ ազգային կինոյի մասին խոսում են օտարները

Հայ ազգային կինոյի վերանայմանն ու պահպանությանը նվիրված գիտաժողովն արդեն երկրորդ օրն է հյուրընկալում է բոլոր կինոսերներին ու մասնագետներին։ Հայ կինոյի ունեցած ազդեցության ու կարևորության մասին խոսում են օտարները։ Գիտաժողովը նվիրված է ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին։ Ֆրանսահայ ականավոր կինոռեժիսոր և սցենարիստ Անրի Վեռնոյ-Աշոտ Մալաքյանի հիշարժան հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց կարևոր իրադարձությունների օրացույցում: Անրի Վեռնոյի ժառանգությունը և խորհրդային շրջանի ազգային կինոհետագիծը օգտագործելով որպես ելակետեր` գիտաժողովը նպատակ ունի անդրադառնալ այս երկակի երևույթներին՝ որպես ազգային կինոյի դրսևորումներ, որոնք այսօր արդիական մոտեցման ու մեկնաբանության կարիք ունեն համաշխարհային կինոպատմության համտեքստում։ Այնուամենայնիվ, ազգային կինոժառանգություն ձևավորելու ցանկությունը, հատկապես, ԽՍՀՄ փլուզումից հետո, մեծապես սահմանափակել է տարածաշրջանային կամ սփյուռքի կինոժառանգության դիտարկումը՝ որպես 20-րդ դարի միջազգային կինոյի մաս: Հայաստանի նման երկրներում արտադրված ֆիլմերը հաճախ դուրս են մնում գլխավոր արխիվների, թանգարանների և փառատոնների շրջանակներից, ինչը զգալիորեն սահմանափակում է դրանց վերականգնման, հասանելիության և ավելի լայն շրջանառության հնարավորությունները: Այս գիտաժողովը, փորձելու է երկխոսություն սկսել ազգային կինեմատոգրաֆի առանցքային հարցերի շուրջ՝ ներգրավելով խորհրդային, սոցիալիստական և սփյուռքի կինոժառանգության հետ առնչվող շուրջ քսան կինոգետների, կինոքննադատների, հետազոտողների և կինոարդյունաբերության մասնագետների Հայաստանից և արտերկրից։ Եռօրյա գիտաժողովը կանցկացվի անգլերեն և հայերեն լեզուներով՝ համաժամանակյա թարգմանությամբ: Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա հատուկ հանդիպում-զրույց Անրի Վեռնոյի որդու՝ Պատրիկ Մալաքյանի հետ, կկազմակերպվի Վեռնոյի առավել նշանավոր ֆիլմերի կինոպաստառների ցուցադրություն և կցուցադրվի նրա 1969 թվականի «Շաբաթավերջը Զյույդկոտում» (Weekend at Dunkirk) պատերազմական ֆիլմը։ Գիտաժողովի օրերին ընթերցված և ներկայացված բոլոր զեկույցները Հայաստանի ազգային կինոկենտրոնը կհրատարակի առանձին գրքով՝ որպես այս ամենի ամփոփում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում