-
Խոսք 4 տարի առաջ - 18:06 17-09-2021

Անկախության գինը. վերլուծական

1991 թվականի սեպտեմբերի 21-ը Հայաստանի պատմության թերեւս ամենանշանակալի տարեթիվն է: 30 տարի առաջ հենց այդ օրը հայ ժողովուրդը տվեց իր քվեն ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ ակախանալու: Դժվար թե այդ ժամանակ որեւիցե մեկը իր ամենավատ պատկերացումներում անգամ կարող էր մտածել, որ օրերից մի օր Հայաստանի Հանրապետությունը կհայտնվի նման բարոյալքված ծանր վիճակում:

Անկախությունից ուղիղ 30 տարի անց մենք ունենք ծանրագույն վիճակում հայտնված մի պետություն, որտեղ ապրում եւ գործում են մարդիկ, ովքեր խոսում են գունագեղ միջոցառումների եւ տոնակատարությունների մասին, երբ 44-օրյա պատերազմից չի անցել անգամ մեկ տարի եւ մեր վերքերը դեռ բաց են:

Մի՞թե չի արժեզրկվել 30 տարի առաջ ձեռք բերված մեր անկախությունը, որը պահպանվել է լոկ բառերով ու խոսքերով: Սակայն երկիրը պետք է պահել ոչ թե խոսքով, այլ գործով, ի գիտություն, առաջին հերթին մեր ղեկավարների, բանակի հրամանատարությանը, ովքեր խոսքով պատրաստ են ոչնչացնել մեր սահմանները հատած թշնամուն, սակայն գործելու ժամանակ ամեն կերպ խույս են տալիս պատասխանատվությունից:

Մենք հասել ենք մի մակարդակի, երբ անգամ Ադրբեջանի նախագահ Ալիեւն է հոխորտում այն մասին,որ մենք իզորու չենք անկախ պետություն ունենալու: Իհարկե դա ամենեւին էլ կոստյումով ահաբեկչի որոշելու բանը չէ, սակայն մենք մեր վարած քաղաքականությամբ չպետք է թույլ տանք քոչվոր ցեղախմբի առաջնորդին իրեն իրավունք վերապահել կասկածի տակ դնելու մեր անկախությունը եւ դրա համար վճարված գինը:

Ինչպես որ սպասվում էր, Փաշինյանի հայտարարությունը` կապված սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումների հետ, բացասական գնահատականի արժանացավ հասարակության գիտակից զանգվածի կողմից:

Այս դեպքում ի՞նչը կլիներ լավագույն տարբերակը անկախության 30-ամյակը մոռացության չմատնելու, բայց եւ տոնի չվերածելու համար: Լավագույն լուծումը կլիներ Հանրապետության հրապարակում բեմ հավաքելու փոխարեն զինված ուժերին զինվորական շքերթի դուրս բերելը: Շքերթի մասնակից զինվորները եւ ներգրավված զին-տեխնիկան լավ ազդակ կլինեին մասնավորապես թշնամու համար,ցույց տալով, որ անկախ կրած անհասկանալի պարտությունից եւ ապրած մեծ վշտից, Հայաստանը դեռեւս ունի եւ ունենալու է բանակ, որը չնայած քաղաքական խաղերի, հարկ եղած դեպքում կրկին պատրաստ կլինի պաշտպանելու սեփական երկիրը, պետությունը, անկախությունը:

Անկախության տոնը հնարավոր կլինի լիակատար կերպով նշել այն ժամանակ, երբ սեփական ժողովուրդը չի ունենա վտանգ արտաքին թշնամուց, նույն այդ թշնամին չի համարձակվի ոտնձգություններ անել մեր պետական սահմանների նկատմամբ, կամ էլ անելու դեպքում կզգա դրա ծանր հետեւանքները:

Մեր ինքնիշխանությունը հարցականի տակ է դրվել թշնամու կողմից, ինչն էլ հանգեցրել է պետականության խարխլմանը: Երբ կվերանան այդ հարցականները եւ Հայաստանը կվերադարձնի նախկինում ունեցած իր հաղթողի հոգեբանությունն ու միջազգային հեղինակությունը, այդ ժամանակ հնարավոր կդառնա մտածել «գունագեղ» տոնակատարությունների մասին:

Անցնող 30 տարիների ընթացքում, ամեն սեպտեմբերի 21-ին, յուրաքանչյուր ոք, ով չալարեց, խոսեց կամ գրեց Անկախության մասին, որպես գերագույն ու բացարձակ արժեք դրա առավելությունների եւ նշանակության մասին: Ոմանք համոզված, ուրիշներ հավուր պատշաճի ու տակավին ուրիշներՙ պաշտոնի ու պարտականության բերումով, բառ չխնայեցին գովերգելու 1991 թվականի սեպտեմբերյան հանրաքվեն, Հռչակագիրը, համաժողովրդային «Այոն», առանց բացատրելու, թե ի՞նչ էինք անելու մենք, եթե փլուզվող կայսրության պայմաններում չգնայինք այդ քայլին. մնալու էինք գոյություն չունեցող կայսրության մե՞ջ, ուր ոչ ոք չէր լինելու այլեւս...

Այո, մեր Անկախության շարժումը եւ Արցախյան ազատամարտը չենք կարող տարանջատել իրարից, թեեւ, անհրաժեշտ է շեշտել, որ դեռեւս ոչ մի պատմաբան չի կարողացել բացատրել, թե ո՛րն է օրգանական կապը Արցախյան հերոսական գոյամարտի ու 1991 թ. սեպտեմբեր 21-ի ակտի միջեւ, այնպեսՙ ինչպես դեռեւս համոզիչ բացատրություն տրված չէ Սարդարապատի հերոսամարտի եւ մայիսի 28-ի պատճառահետեւանքային կապի մասին:

Այդ գործը վերապահելով պատմաբաններին, բավարարվենք այն ընդգծումով, որ քաղաքական անհրաժեշտ եւ անխուսափելի մեր քայլերինՙ հայերիս սովորությունն է առնչել հերոսականությունը, հերոսականության շղարշով պատել ամեն բացառիկ երեւույթ: Եվ այդ հերոսականությունը, թող տարօրինակ չհնչի, միշտ էլ խանգարել է մեզ, մնացել ենք հերոսականության ընդարմացման տակ ու չենք կատարել մեղվի` բոլորովին ոչ հերոսական ամենօրյա այն աշխատանքը, որը իմաստ, բովանդակություն, արդյունավորում կարող է տալ մեր համազգային ձգտումներին, այս պարագայում` Անկախությանը:

Համենայնդեպս, նախկինում գրեթե բոլորը, արտակարգ դժվար պայմաններում, արեցին-կերտեցին ինչ-որ բան՝ հաջորդներին թողնելով սխալներն ու թերությունները սրբագրելու, պակասը լրացնելու գործը: Մինչդեռ հաջորդներից առաջինը եկավ քանդելու ինչ որ նախորդներին հաջողվել էր կերտել: Նկատի չունենալով 44-օրյա պատերազմը միայն, այլեւ տգիտության եւ անձեռնհասության բոլոր այն գործողությունները, որոնք դրսեւորվեցին վերջին երեք տարիներին թե՛ բանակի կազմաքանդման, թե՛ տնտեսության քայքայման, թե՛ պետական կառավարման եւ ժողովրդավարության ինստիտուտների այլասերման ուղղությամբ, թե՛ կրթության՝ մեր պետականությունը դնելով այլոց ողորմածության եւ ուրիշների արգահատանքի տակ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur

Ձեզ գուցե հետաքրքրի