Ուղիղ եթեր
Մամուլ 5 տարի առաջ - 07:56 03-08-2021

«Չպաշտպանված բիզնեսի ու չպաշտպանված սեփականության իրավունքի պայմաններում որևէ առաջընթաց չի կարող լինել». Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները շարունակում են հայտարարել ներդրումային բումի հնարավորության մասին, խոսում նաև օտարերկրյա ներդրողների՝ Հայաստանում ներդրումներ անելու ցանկութան մասին։ Իսկ արդեն վերջերս հայտարարվում է ներդրումների աճի մասին, ինչին մասնագետները, սակայն, թերահավատորեն են մոտենում՝ հաշվի առնելով մի շարք ռիսկեր, որոնք դեռ առկա են Հայաստանում ու ամենևին լուծում չեն ստացել։

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում թե՛ ներդրումների աճի, թե՛ առհասարակ ներդրումների հնարավորության առումով մի շարք ռիսկեր է մատնանշել։ Խնդիրը դիտարկելով տնտեսական իրավիճակի տեսանկյունից՝ տնտեսագետը նախ նշեց. «Մեր երկրում տնտեսական իրավիճակը չափազանց տխուր է։ Անցած տարիների ընթացքում որոշում կայացնողները շատ ցցուն ձևով ցույց տվեցին, որ չեն կարող կառավարել, չեն կարող տնտեսական հարցերը լուծել։ Այս ու շատ խնդիրներ ամենացայտուն ձևով հենց ներդրումների համատեքստում են նկատվում։ Տնտեսության մեջ հենց ներդրումային ինստիտուտն է ցույց տալիս, թե տնտեսությունը որքանով է ռիսկային։ Մեզ մոտ չափազանց մեծ ռիսկայնություն կա, ինչն առաջին հերթին պայմանավորված է հենց այս կառավարությամբ։ Սա է պատճառը, որ բազմաթիվ մարդիկ մտածում են, որ, ամենայն հավանականությամբ, իրականացվում է մի ծրագիր, որ Հայաստանում տնտեսությունը ևս, որպես այդպիսին, ընդհանրապես դադարի գոյություն ունենալ։ Այս ամենը հաշվի առնելով՝ այս մեծ ռիսկայնության պայմաններում ներդրումների մասին խոսելն առնվազն անհամեստություն է»։

Նրա խոսքով, տնտեսության մեջ ամենանուրբ ինստիտուտը ներդրումային գործունեությունն է։ «Առհասարակ, յուրաքանչյուր գործունեություն իրականացնող շահ է հետապնդում։ Բացի ներդրումային գործունեությունից, մնացած բոլորի դեպքում շահն անմիջապես կարողանում են տեսնել։ Իսկ ներդրումային գործունեություն իրականացնողները պետք է սպասեն որոշակի ժամանակահատված, ֆինանսական մեծ ռեսուրսներ ծախսեն այն ակնկալիքով, որ տարիներ հետո կարող են շահ ստանալ։ Հենց այստեղ է ծագում ռիսկը։ Ես դեռ չեմ խոսում օտարերկրյա ներդրողների մասին, այլ խոսում եմ մեր ներդրողների մասին։ Բոլորը գիտեն, որ ֆինանսական ռեսուրսները կորցնելու հավանականությունը չափազանց մեծ է։

Բազմաթիվ երկրներում, որոնց թվում ԱՄԷ-ն է, կանոնակարգվածության բարձր մակարդակ կա։ Այդ երկրներում օրենքով սահմանված մեծ երաշխիքներ են տրվում, որոնց շնորհիվ գրեթե զրոյական ռիսկայնություն կա, ինչն էլ իր հերթին զարգացում է ապահովում։ Իսկ Հայաստանում ընդհանրապես ո՛չ օրենքով, ո՛չ պետության և ո՛չ կառավարության կողմից նման երաշխիք գոյություն չունի։ Միայն այս հանգամանքները բավարար են, որ ներդրողը նման գործունեությունից առաջ մի լավ մտածի։ Ավելին ասեմ, գոյություն ունի հարձակում սեփականության իրավունքի վրա։ Իրենց իշխանությունը պահելու համար հարձակումներ են գործում առաջին հերթին այն մարդկանց նկատմամբ, որոնք գործունեություն են ծավալում ու որի արդյունքում մեր պահանջմունքներն են բավարարում։ Եթե հարձակվում են նման գործունեություն ծավալողների վրա, այդ դեպքում գործունեությունը շարունակելն անհնար է դառնում։ Հիմա մինչև անգամ պետք է զարմանալ այն մարդկանց վրա, որոնք ինչ-որ ձևով կարողանում են այսպիսի իրավիճակում գործունեություն ծավալել»,-ասաց Վ. Բոստանջյանը՝ նշելով, որ մեզ մոտ, ընդհանուր առմամբ, բիզնեսն անպաշտպան է։

«Երբ հարձակվում են մարդու եկամուտների ու գործունեության վրա, սա հենց չպաշտպանված բիզնես է կոչվում, իսկ չպաշտպանված բիզնեսի, չպաշտպանված սեփականության իրավունքի պայմաններում որևէ առաջընթաց չի կարող լինել։ Քաղաքակրթված, կանոնակարգված ու զարգացած երկրներում, ինչ էլ լինի, հասկացել են, որ սեփականության իրավունքը հարկավոր է պաշտպանել օրենքով ու Սահմանադրությամբ։ Երբ 1995 թվականին առաջին Սահմանադրությունն ընդունվեց, կար 28-րդ հոդված, որով սեփականության իրավունքը պաշտպանվում էր։ Հետագայում հանեցին այդ հոդվածը, ինչի պարագայում Հայաստանում որևէ մեկը չի կարող տալ երաշխիքներ, որ այդ սեփականությունը կպահպանվի ու կպաշտպանվի»,-հավելեց տնտեսագետը։

Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ այս ընթացքում ընդունվել են օրենսդրական մի շարք նախաձեռնություններ, որոնք ավելի են խորացրել խնդիրը։««Բանկային գաղտնիքի մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքներ և այլն։ Ստացվում է, որ այն մարդիկ, ովքեր գործունեություն են ծավալում, չափազանց մեծ ռիսկայնության դաշտում են»,-հավելեց նա։

Անդրադառնալով տնտեսությանը՝ առկա չլուծված հարցերի, շարունակվող ճգնաժամի ու անվտանգային խնդիրների համատեքստում՝ Վ. Բոստանջյանը հավելեց. «Անորոշության պայմաններում տնտեսության վիճակը զրոյական է դառնում։ Տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներն առավել ևս անպայման որոշակիություն են ուզում։ Անորոշության պայմաններում պետք է դիմել չափազանց մեծ ռիսկերի, որոնց ճնշող մեծամասնությունը կարող է չարդարանալ։ Առհասարակ, ցանկացած երկրում, որտեղ կան մեծ անորոշություններ, առկա է սոցիալ-տնտեսական շատ բարդ ու ահավոր վիճակ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին