Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 23:47 25-06-2021

Նիկոլ Փաշինյանը ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուին, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսին, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգին, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին, Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է նման ներկայացուցչական այցը մեր երկիր՝ հիշեցնելով, որ այն նախատեսված էր դեռևս այն ժամանակ, երբ Հայաստանում ավելի շատ ճգնաժամեր էին առկա, քան լուծումներ: «Ուրախ եմ, որ այցը կայացավ այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի ունեցան ընտրություններ, որոնց արդյունքում հաստատվեց մեր ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, որոնց որակը բարձր գնահատվեց միջազգային կազմակերպությունների կողմից»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ այսպիսով, Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարված է և իշխանությունը կարող է լիարժեք վերադառնալ իր կարևորագույն աշխատանքային օրակարգի իրականացմանը, այդ թվում՝ Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ կյանքի կոչմանը:

Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն նշել է, որ նման պատվիրակությամբ տարածաշրջանային այց պատմության ընթացքում տեղի է ունենում առաջին անգամ, որի առաջնային նպատակներից մեկը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խթանումն է: Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի, ինչպես նաև այս տարվա մարտի 1-ից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Նա Հայաստանի համար կարևորել է վերոնշյալ համաձայնագրից առավելագույնս օգուտ քաղելը և ընդգծել ԵՄ պատրաստակամությունը՝ նոր թափով օժանդակելու ՀՀ կառավարությանն ինստիտուցիոնալ բարեփոխումներն առաջ մղելու գործում:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նշել է Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ամրապնդման կարևորությունը՝ հավելելով, որ այն իրենց համար առանցքային նշանակություն ունի նաև սեփական անվտանգության ապահովման համատեքստում: Լիտվայի ԱԳ նախարարը նշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման և ամրապնդման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ԵՄ-ն պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբերել նաև այս հարցում: Գաբրիելիուս Լանդսբերգիսն այս առումով կարևորել է մարդասիրական բնույթի խնդիրների, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի լուծումը:

Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը ևս անդրադարձել է ՀՀ-ում կայացած ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ դրանցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակից զատ, հաղթեց ժողովրդավարությունը: Նրա խոսքերով՝ ի ուրախություն հայ ժողովրդի, Հայաստանում ընտրությունների ընթացքում խնդիրներ կանխատեսողները սխալ դուրս եկան, ինչը ևս ցույց է տալիս Հայաստանի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարմությունը:

Շնորհակալություն հայտնելով հնչեցված կարծիքների համար՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պատերազմից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև ընտրություններն արձանագրեցին ժողովրդավարության կենսունակությունը մեր երկրում, ուստի ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի գործընթաց է:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դերը Ադրբեջանից 15 հայ ռազմագերիների վերադարձի ապահովման գործում և նշել, որ Հայաստանը պատրաստ է մարդասիրական քայլին պատասխանել համապատասխան քայլով: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության լիարժեք կատարման, պահվող բոլոր ռազմագերիների վերադարձման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու անհրաժեշտությունը: Վարչապետի պաշտոնակատարն շեշտել է, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների՝ ելման դիրքեր դուրս գալով և հիշեցրել, որ այս հարցի շուրջ ավելի վաղ հանդես է եկել համապատասխան առաջարկությամբ: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին