Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 19:54 24-06-2021

Մենք չպետք է հայրենիքի պաշտպանության գործը բարդենք միայն տղամարդկանց ուսերին․ Կանայք պատերազմում. Մերի Սաֆարյան

Օրագիր.news-ը սկսում է նոր շարք, որտեղ ներկայացնելու է Արցախյան երկրորդ պատերազմի հիշատակման արժանի կերպարներին՝ ցույց տալով նրանց անըստգյուտ դերն ու նշանակությունը մեր այսօրվա և վաղվա օրվա կերտման գործում։ Նրանց կռիվը, պատմություններն ու անունները, սակայն, շատերի համար դեռևս անհայտ են մնացել:

Օրագիր.news-ի զրուցակիցն Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Մերի Սաֆարյանն է, որն իր օրինակով ցույց տվեց, որ կանայք շատ ավելի մեծ ասելիք ու անելիք ունեն. նրանք մարտիկներ են, մայրեր ու հաց վաստակողներ:

Մասնագիտությամբ պատմաբան-հնագետ Մերին ռազմի դաշտ է մեկնել՝ «ՈՄԱ» կամավորական գումարտակին միանալով։

«Երբ դու ողջ գիտակից կյանքում պատրաստվում ես դրան, ապա առնվազն տարօրինակ կլիներ պատերազմ չմեկնելը»

Հենց այսպես է մեկնաբանում իր՝ պատերազմի դաշտ մեկնելն ու մինչև վերջ ամուր կանգնելը։

«Լինելով պատմաբան, ծանոթ լինելով մեր պատմությանն ու անցյալին, լավ ու վատ օրերին՝ հասկացել եմ մի բան. ոչ մեկը հենց այնպես մեզ հաղթանակ չի նվիրելու. հաղթանակը նվաճում են»,- վստահ է Մերին։

Մեր հերոսը հավաստիացնում է, որ պատերազմի դաշտ մեկնելիս ոգևորված է եղել Արցախյան առաջին պատերազմում կռված ու պայքարած մարտիկների անկոտրում ոգով ու հավատով. «Վերջին 10 տարում հնարավորինս պատրաստվել եմ, լավ թե վատ, չգիտեմ, բայց պատրաստվել եմ»։

«Սկզբում Քարվաճառում էինք, մեր շուրջը չքնաղ բնությունն էր, բերրի դաշտերը, բայց գյուղերը դատարկ էին. դատարկ էին ոչ թե այն պատճառով, որ պատերազմ էր սկսվել, պարզապես մենք այնքան անհոգ հիմարի նման ենք մեզ պահել, որ 30 տարի չենք բնակեցրել այդ հողերը։ Երբ Թաղավարդ գնացինք, մեր դասակի հրամանատար Արտակն իրենց հետ ինձ էլ տարավ դիրքեր, տղաները խրամատներ էին փորում, իսկ ես տեղացի պապիկի հետ թշնամու շարժին էի հետևում։ Առանձնապես շատ բան չէի անում, բայց ես կանգնած էի իմ երկրի սահմանին ու պաշտպանում էի այն։ Ամենալարված պահերից մեկն այն էր, երբ մենք լարված ու մեծ ուշադրությամբ սպասում էինք վարձկանների հարձակվելուն, մեր սեփական շնչառությունն անգամ մոռանում էինք, որ թշնամու կողմից եկող ոչ մի շարժ հանկարծ բաց չթողնենք։ Մի քանի րոպե... ու սկսվեց։ Մեր անզիջում պայքարի ու խրոխտ զարկերի շնորհիվ նրանք նահանջեցին, իսկ մենք գրանցեցինք մեր փոքրիկ հաղթանակը։ Մարտից հետո անընդհատ մտածում էի՝ տեսնես իմ գնդակներից մեկը դրանցից մեկին սատկացրեց, թե չէ»,- իր հիշողություններն է պատմում Մերին:

Մեր հերոսի բնութագրմամբ, թշնամին նույն վախկոտն է մնացել՝ անկախ այն բանից, որ լավ զինվել ու պատրաստվել էր։

«Մենք չպետք է հայրենիքի պաշտպանության գործը բարդենք միայն տղամարդկանց ուսերին»

Մերին վստահ է, որ կարևոր չէ՝ առաջնագծում ես, թե թիկունքում, կարևորն այն է՝ ինչպես ես օգնում հայրենիքիդ. «Ես շատ լավ գիտեմ, որ «ՈՄԱ»-ի մեր մարզասրահում շատ տղաներ ու աղջիկներ գիշեր-ցերեկ չեն քնել, որ մենք ամեն ինչով ապահովված լինենք» ։

«Պատերազմի դաշտում ինձ ուժ էր տալիս այն գիտակցումը, թե ինչի համար եմ գնացել»

«Այս պատերազմը ստիպեց ինձ շատ հարցերի այլ կերպ նայել, չերկմտել ու անել կոնկրետ քայլեր, շատ բաներ սկսեցի իրոք արժևորել, իսկ որոշները թողեցի հետին պլանում։ Ամենադժվարն ու ամենածանրը նոյեմբերի 10-ի առավոտն էր. այնքան դժվար, որ հիմա չեմ կարող նկարագրել։ Ես սպասում էի մեր հաղթանակին, որն ուզում էի Շուշիում նշել. հիմա էլ եմ սպասում ու վստահ եմ՝ այդ օրը գալու է։ Երբ արդեն վերադառնում էի, երկու զգացողություն խեղդում էր կոկորդս՝ կարոտն ու ամոթը»,- վերհիշում է մեր հերոսը։

Մերին անդրադարձավ նաև լավագույն կին հերոսների նկարագրությանը. «Ինձ համար բոլոր ժամանակների հայ կնոջ լավագույն կերպարը Սոսե մայրիկն է։ Իմ շրջապատում շատ են իսկական հայուհիները. հենց մեկը՝ մեր կամավորական գումարտակի հետ մեկնած Զարուհի Նիկոյանը՝ մեր Զարիկը, որը մեզ համար հարազատ մոր նման էր։ Բայց մեր օրերում որպես հայ կնոջ, հայ մոր լավագույն օրինակ կառանձնացնեմ Դուշման Վարդանի մորը՝ Զարիկ մայրիկին»։

Մեր հերոսուհին վստահ է՝ կրթությունը շատ բան կարող է փոխել. «Մենք չենք ճանաչում ինքներս մեզ, մեր հայրենիքը. այդ հարցում կարևոր դեր ունի կրթությունը, որն այս օրերին 0-ից ցածր մակարդակի վրա է, եթե պետությունը չի կարողանում կամ չի ուզում մեզ կրթել կամ պաշտպանել, ապա ինքներս մենք պիտի անենք. գիտեմ, որ դժվար է, բայց անհնարին ոչինչ չկա»։

Մերիի՝ մեզ հետ զրույցն ավարտվեց նրա հորդոր-պահանջով. «Կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում՝ գնացե՛ք «ՈՄԱ», «ՊՈԳԱ», ռազմահայրենասիրական այլ ակումբներ, սովորեք մարզվել ու ողջ մնալ, գիտելիք ու կարողություններ ձեռք բերեք. կռիվը դեռ չի ավարտվել, եթե մենք համախմբվենք, զինվենք, ունենանք նվազագույն գիտելիքներ, ծեր թե մանուկ՝ պաշտպանենք մեր հողը, մեր տունը, դառնանք ազգ-բանակ, երկիր-ամրոց, միայն այդ ժամանակ թուրքը կհասկանա, որ ամեն տան ամեն սենյակում ինքը դիմադրության է հանդիպելու»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ