Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ արդյոք անձամբ կմասնակցի դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը դեռ որոշում չի կայացրել Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Պեսկովը։
ԱՄՆ-ն 2026 թվականին նախագահում է G20-ում և դեկտեմբերի 14-15-ին գագաթնաժողովը կհյուրընկալի Մայամիում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինին հրավիրել է մասնակցելու հանդիպմանը։
Պուտինը վերջին անգամ G20-ի գագաթնաժողովին անձամբ մասնակցել է 2019 թվականին՝ Ճապոնիայի Օսակա քաղաքում։ 2020 և 2021 թվականների գագաթնաժողովներին նա մասնակցել է տեսակապով, իսկ 2022 թվականից հետո Ռուսաստանը ներկայացվել է այլ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով։