Իրանի իշխանությունները 74-ական մտրակի հարվածներով պատժել են հայտնի երգչուհի Փարաստու Ահմադիին, նրա խմբի անդամներին և նկարահանող խմբի չորս ներկայացուցիչների։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Երգչուհու փաստաբանների փոխանցմամբ՝ պատիժն իրականացվել է Ղոմ քաղաքում։ Իշխանությունների ուշադրության կենտրոնում Ահմադին հայտնվել էր դեռևս 2024 թվականին, երբ նրա YouTube-ալիքով ուղիղ հեռարձակվել էր համերգ, որի ընթացքում երգչուհին հանդես էր եկել առանց հիջաբի։
Այդ ժամանակ 29-ամյա Ահմադին ելույթ էր ունեցել բաց ուսերով և գլխաբաց։ Իրանի օրենսդրությունն արգելում է կանանց հրապարակային վայրերում երգել, ինչպես նաև պարտավորեցնում է նրանց կրել հիջաբ և այլ ծածկոցներ։
Այս տարվա հունիսին Ղոմի քրեական դատարանը Ահմադիին և ևս ութ անձի մեղավոր էր ճանաչել «հանրային բարոյականությունը վիրավորելու» և «անպարկեշտ նյութեր» հրապարակելու համար։ Մեղադրյալները, սակայն, հերքել էին առաջադրված մեղադրանքները։
Նշվում է, որ մտրակի հարվածները հասցվել են ոչ հրապարակային պայմաններում։
Բացի 74 հարվածից՝ մեղադրյալների նկատմամբ սահմանվել են նաև այլ սահմանափակումներ․ նրանց արգելվել է տեսա- և աուդիոնյութեր ձայնագրել, ինչպես նաև երկու տարի ժամկետով լքել երկիրը։