UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը Sport24-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ռուսաստանցի մարտիկ Ուսման Նուրմագոմեդովի հեռանկարների վերաբերյալ՝ Աբու Դաբիում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից հետո։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս պատմությունը բացասաբար չի անդրադառնա Նուրմագոմեդովի կարիերայի վրա՝ Ծառուկյանը նշել է․
«Հակառակը, սա ավելի մեծ աղմուկ ու հետաքրքրություն կառաջացնի։ UFC-ին նոր աստղեր են պետք, առավել ևս, որ Իսլամը Մախաչևը շուտով կհեռանա։ Գրեթե ոչ ոք չի մնում, ով կարող է մասնակցել տիտղոսային պայքարին։ Կարծում եմ՝ UFC-ն պայմանագիր կկնքի նրա հետ»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին՝ RAF մրցաշարից առաջ, Աբու Դաբիի հյուրանոցներից մեկի սրահում զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել Ուսման Նուրմագոմեդովի և UFC-ի նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի միջև։ Խաբիբ Նուրմագոմեդովի զարմիկը մի խումբ անձանց հետ մոտեցել էր Դվալիշվիլիին ու հարվածել նրա դեմքին, ինչի հետևանքով վրացի մարտիկը ստացել էր արյունահոսող վերքեր և հեմատոմաներ։ Միջադեպից հետո Աբու Դաբիի ոստիկանությունը ձերբակալել էր Ուսմանին և նրա ընկերներին, սակայն ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել։