Ջրամատակարարման կամ ավելի ճիշտ ջրամատակարարման բացակայության խնդիրը շարունակում է հուզել հազարավոր քաղաքացիների։ Միաժամանակ դրա միակ հասցեատեր «Վեոլիա ջուր» ՓԲԸ֊ի տարատեսակ հավաստիացումները ոչ մի կերպ չեն փոխարինում ջրին։
Նախ ինչպես «Գազպրոմ֊Արմենիայի» պարագայում, այստեղ հազարավոր թվերի և ցուցանիշների մեջ հնարավոր չեղավ գտնել աշխատակիցների թվաքանակը, թեև առկա էր 2025 թվականին նրանց վճարված աշխատավարձի թիվը` 5 միլիարդ 158 միլիոն դրամ։
Իսկ առանցքային ղեկավար անձնակազմի (հավանաբար 1֊2 հոգի՝ ՔՊ֊ի կողմից ներդրված) աշխատավարձը 306 միլիոն դրամ է, ինչը վիթխարի թիվ է ընդհանուր 5.2 միլիարդ դրամի մեջ։
Միաժամանակ, կազմակերպության զեկույցներից մեկում առկա է ուշագրավ ինքնախոստովանություն, ինչը հավանաբար դուրս է մնացել ի վնաս բնակիչ֊սպառողների կազմված տարբեր վճիռներ կայացնելու գործնթացից, այն է. «Վեոլիա»-ն ինքն իր ջրաչափերը համարում է ցածրորակ, երբ նկարագրում է ջրաչափերը արդիականներով փոխելու գործնթացը, որի արդյունքում դրանց 35 տոկոսի մոտ առկա է կամ անսարքություն, կամ արտաքին միջամտություն։
Մեկ այլ դրվագով պարզ է դառնում, որ խոշոր 45 և բակային 394 պոմպակայանների գերակշիռ մեծամասնությունում առկա են թերություններ, որոնք վերջերս վերացվել են։
Ակնհայտ թափանցիկության կարիք ունեցող այս ենթակառուցվածքային հսկան կարող է մի օր արժանանալ ՀԷՑ֊ի ճակատագրին` վերջնականապես ՔՊ֊ացվելով։