Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 10-ի ամփոփ լուրերը:
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում․ Էջմիածին քաղաքի դպրոցներից մեկի մոտ անչափահասների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Մաշտոցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել 15-ամյա երկու աղջիկների միջև։ Ըստ ոստիկանության տվյալների՝ վեճի ընթացքում Երևանի պետական հումանիտար քոլեջի 1-ին կուրսի ուսանողուհի Նարե Գ․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտուհի Մարիա Յ․-ին։ 15-ամյա աղջիկը որովայնի ծակած վերքով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Ենթադրյալ արարք կատարած անչափահասը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր արտակարգ դեպք է գրանցվել Արմավիրի մարզի Փարաքար բնակավայրում։ Ժամը 14:20-ի սահմաններում Երևանյան 1-ին փողոցում գտնվող երկհարկանի տանը ուժգին պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ ձայնը լսվել է անգամ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ թանձր ծուխը նկատելի է եղել մի քանի կիլոմետր հեռավորությունից։ Մինչ հրշեջ-փրկարարական երկու մարտական հաշվարկների տեղ հասնելը, կրակի տարածման դեմ պայքարել են տան բնակիչներն ու հարևանները։ Այս պահին համայնքային ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, պայթյունի առաջացման պատճառները, ինչպես նաև ճշտում են՝ արդյոք պատահարի հետևանքով տուժածներ կան, թե ոչ։
Թեհրանից Երևան հնչում են միաժամանակ և՛ տնտեսական խոստումներ, և՛ տարածաշրջանային անվտանգության հստակ շեշտադրումներ։ Երևանում գտնվող Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Հայաստանի հետ էներգետիկ լայն համագործակցության․ «Եթե Իրանը գազ արտահանելու հնարավորություն ունենա, դրա համար Հայաստանից լավ գործընկեր պարզապես չկա»։ Քննարկվել են նաև էլեկտրաէներգիայի, դիզվառելիքի և ավիացիոն կերոսինի մատակարարման հեռանկարները։ Բայց տնտեսական առաջարկների կողքին Իրանի պաշտոնյան ընդգծել է նաև անվտանգային «կարմիր գծերը»։ Փուրմոհամմադիի խոսքով՝ Թեհրանը դեմ է արտահայտվելու տարածաշրջանային խաղաղությունը խաթարող ցանկացած նախաձեռնության, և շեշտել է գլխավոր սկզբունքը․ տարածաշրջանի կայունությունը պետք է երաշխավորեն բացառապես տարածաշրջանի պետությունները
Կոմիտասի շուկային հարակից տարածքում այսօր ապամոնտաժվել է 14 կրպակ։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը պնդում է, որ ամեն ինչ օրինական է։ Ըստ պաշտոնյայի՝ կրպակատերերին ամիսներ առաջ են զգուշացրել, որ ապրանքները հավաքեն։
Ներքին գործերի նախարարությունը շարունակում է խստացնել ճանապարհային երթևեկության վերահսկողությունը մայրաքաղաքում և մարզերում։ Գերատեսչությունից վարորդներին տեղեկացնում են, որ Երևանի Այվազովսկու փողոցի 127/2 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է նոր տեսանկարահանող տեխնիկական միջոց, որը գործարկվելու է նոյեմբերի 13-ից։ Զուգահեռաբար, ՆԳՆ-ն ամփոփել է ընդամենը մեկ շաբաթվա (նոյեմբերի 2-ից 9-ը) իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները։ Երևանում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 4545 խախտում։ Հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 143 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է 133 ոչ սթափ վարորդ, 96 անձ՝ առանց վարորդական իրավունքի վկայականի, իսկ ավելի քան 2000 վարորդ տուգանվել է չամրակապված վարելու համար։ Մարզերում պատկերն ավելի մասշտաբային է․ արձանագրվել է 14 219 խախտում։ Տուգանային հրապարակ է տեղափոխվել 180 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 218 ոչ սթափ վարորդ, իսկ արագության գերազանցման համար արձանագրվել է 2040 դեպք։ Ընդհանուր առմամբ, յոթ օրվա ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է շուրջ 19 հազար իրավախախտում։
Տեսանյութ: