Արտաքին 23 րոպե առաջ - 08:35 09-11-2026

Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի

2026 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանի իշխանությունները երկրից արտաքսել են Ռուսաստանի 109 քաղաքացու՝ ներգաղթի օրենքները խախտելու համար։ Սա գրեթե մեկուկես անգամ ավելի է, քան ամբողջ 2025 թվականին։ Մինչդեռ, հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է Բելառուսի 15 քաղաքացի։ Այս մասին կիրակի՝ նոյեմբերի 8-ին, հայտնել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալներին։

Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտաքսվել է ընդհանուր առմամբ 1134 օտարերկրյա քաղաքացի։ Արտաքսվածների ամենամեծ թիվը՝ 306, կազմել են Թուրքիայի քաղաքացիները։ Արտաքսվածների թվով երկրորդ տեղում ռուսներն են։ Համեմատության համար՝ ամբողջ 2025 թվականին Վրաստանի իշխանությունները արտաքսել են 1311 անօրինական ներգաղթյալի, այդ թվում՝ ՌԴ 73 քաղաքացիների։

2026 թվականի առաջին ինը ամիսներին ներգաղթի օրենքները խախտելու համար Վրաստանից հեռացել է 3170 օտարերկրացի։ Նրանցից 791-ը Թուրքիայի քաղաքացիներ էին, 306-ը՝ Հնդկաստանի, 274-ը՝ Իրանի և 254-ը՝ Ռուսաստանի։ Այսպիսով, հունվարից սեպտեմբեր արտաքսված ռուսների թիվը ավելի քան երեք անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։